«ՀԱՊԿ հայտարարությունը բազմապատկում է Հայաստանի ռիսկերը ռուս-թուրքական բախման դեպքում». Աղասի Ենոքյան
«Հայաստանը, այսպես թե այնպես, կներգրավվի ռուս-թուրքական բախման մեջ, եթե լինի նման բախում»,- բայս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը` խոսելով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի հայտարարության հնարավոր հետևանքների մասին: Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական կոմիտեի նիստի մասնակիցները միաձայն սատարել էին Սիրիայում Ռուսաստանի գործողությունները և դատապարտել Թուրքիայի կողմից ռուսական ռմբակոծչի կործանումը։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների շտաբի պետերը սատարել են Ռուսաստանի դիրքորոշումը, ստոր ագրեսիա են որակել ռուսական ռմբակոծչի կործանումը Թուրքիայի կողմից։ Այլ կերպ մենք սա չէինք ցանկանա գնահատել. սա եղել է հարված թիկունքից, ինչպես անմիջապես հայտարարեց Ռուսաստանը»,- նշել է Խաչատուրովը, ով այսօրվա նիստում ստանձնել է ռազմական կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Նա ընդգծել է, որ «մենք Ռուսաստանի Դաշնությանը սատարում ենք իր բոլոր որոշումներում»։
«Մենք Ռուսաստանի հետ ենք բոլոր հարցերում։ ՀԱՊԿ-ն միասնական է։ Մենք կշարունակենք ամրապնդվել։ Բոլոր որոշումները, որ ընդունվել են այսօր կոմիտեում, խոսում են իմ խոսքերի օգտին»,- ասել է նա։
Նախ՝ անդրադառնալով մի շարք փորձագետների զուգահեռներին, թե ՀԱՊԿ-ն չարձագանքեց Ադրբեջանի կողմից ղարաբաղյան ռազմական ուղղաթիռի խոցմանը, սակայն անդրադարձավ ռուսական ռմբակոծչի խոցմանը, Ա. Ենքոյանն ասաց, որ նման զուգահեռները չէր անցկացնի, քանի որ խոցվել էր ղարաբաղյան ՊԲ-ի ուղղաթիռ, իսկ Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ: Նրա կարծիքով` ՀԱՊԿ-ն որևէ կերպ դրա համար չպետք է պատասխանատվություն կրեր: Սակայն Աղասի Ենոքյանը Խաչատուրովի հայտարարության մեջ վտանգ տեսնում է: «Այս հայտարարությունը նշանակում է, որ Ռուսաստանը փորձում է ոչ թե միայնակ պատասխանել թուրքական հնարավոր վտանգին, այլ ՀԱՊԿ երկրներին ևս ներքաշել այդ արկածախնդրության մեջ: Դա բազմապատկում է Հայաստանի պոտենցիալ ռիսկերը ռուս-թուրքական բախման դեպքում: Եթե լինեն գործողություններ, Հայաստանը, այսպես թե այնպես, պետք է ներգրավվի, որովհետև Թուրքիային ամենամոտ ռուսական ռազմական ուժերը Հայաստանում են հենց Թուրքիայի սահմանին, և, բնականաբար, եթե, Աստված մի արասցե, լինի ռուսական զորքերի տեղաշարժ Հայաստանից, դա կլինի «Էրեբունիում» կանգնած ռուսական օդուժը կամ Գյումրիի բազայի ռուսական տեխնիկան, այդ դեպքում, ամենապարզ տրամաբանությամբ՝ Թուրքիան պետք է պատասխան հարված տա հենց այն տեղերին, որտեղից որ ռուսական զորքերն են շարժվում»,- մեկնաբանեց Աղասի Ենոքյանը:
Հարցին, թե այդ հակամարտությունն արդեն իսկ չի՞ ծավալվում արդյոք ԼՂ հակամարտության գոտում, Ենոքյանը պատասխանեց, որ ԼՂ-ում արձանագրվեց հակամարտության մակարդակի բարձրացում, այսինքն` սկսեցին օգտագործել ավելի ծանր զինատեսակներ, ինչը, ըստ նրա, մակարդակի բարձրացման չորրորդ կամ հինգերորդ փուլը կարելի է կոչել: «Իսկ անմիջականորեն կապել ռուս-թուրքական հակամարտության հետ դժվար է, շատ փորձագետներ այս լարվածությունը կապում են Հայաստանի կողմից հայտնի PR ակցիայի հետ, հրապարակային կերպով ցուցադրվեց ադրբեջանական գումարտակի ոչնչացումը»,- ասաց Ենոքյանը: Վերջինիս համոզմամբ՝ այդ ակցիայի կարիքը բացարձակ չկար, քանի որ ենթադրելի էր, որ այն իր հետևից կարող էր բերել ծանր ռազմական հետևանքներ:
Անդրադառնալով Ալիև-Սարգսյան առաջիկա հանդիպման օրակարգին, Աղասի Ենոքյանն ասաց. «Այս մթնոլորտում նախագահները կարող են քննարկել զինադադարի ամրապնդման միջոցառումները, մասնավորապես՝ ծանր զինտեխնիկան շփման գծից և սահմանից ետ քաշելու հարցը, այն երաշխիքները, որոնց դեպքում այլևս չեն կրկնվի դիվերսիոն ներթափանցումներ, որի արդյունքում հակամարտության գոտում լարվածության մակարդակը գոնե կիջնի: Չեմ ակնկալում, որ Խաղաղության պայմանագիր կնքվի, բայց գոնե խաղաղության ամրապնդմանն ուղղված պայմանավորվածություններ ձեռք բերվեն, հրադադարի պահպանմանն ուղղված քայլեր մշակվեն»: