ՍԴ դիմում ներկայացնելու դեպքում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարո՞ղ է օբյեկտիվ քննել վեճը
Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում և նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտնի են ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ:
Իրավապահ մարմիններում դեպքերի մի մասով քննություն է կատարվում, մասնավորապես՝ կան մեկից ավելի անգամ քվեարկելու, այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերով հարուցված մի քանի գործեր: Որոշ դեպքերով էլ շարունակվում է նյութերի նախապատրաստումը: Ընտրախախտումների վերաբերյալ խոսել են ոչ միայն դիտորդները, հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները, այլև ԱՄՆ դեսպանատունն ու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը:
ԱՄՆ դեսպանատունը մասնավորապես նշել է, որ արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են, և պետք է լիարժեք հետաքննվեն` համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ, իսկ ԵԽ ԽՎ պատվիրակության կողմից հրապարակված զեկույցում խոսվում է խախտումների մասին՝ ընտրակաշառք, կարուսել, ընտրողների վրա ճնշումներ գործադրելու դեպքեր:
Երեկ մեզ հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ սահմանված ընթացակարգերը պահպանելու դեպքում, հանրաքվեի հետ կապված` Սահմանադրական դատարան դիմելու բոլոր հիմքերն առկա են: «Իհարկե, կարծում եմ՝ եթե արդեն իսկ հնչած կարծիքներն ու գնահատականները համադրվեն համապատասխան գործողություններով (բողոքարկումների կարգով սահմանվում է, որ պետք է բողոքարկվեն ընտրատարածքային հանձնաժողովներին, և այլն), եթե պահպանվեն Ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, Սահմանադրական դատարան դիմելու բոլոր հիմքերը կան, որովհետև անգամ, երբ միայն թռուցիկ հայացքով նայում ես ու կողք կողքի գտնվող տեղամասերի արդյունքները համադրում իրար՝ էական տարբերություններ տեսնելով, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ ամեն ինչ չի ընթացել այնպես, ինչպես պիտի ընթանար»,- ասաց Ե. Վարոսյանը:
Մեր հարցին՝ արդյոք Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու դեպքում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կարո՞ղ է օբյեկտիվ քննել վեճը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս գլխավորել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, Ե. Վարոսյանը պատասխանեց, որ կարծում է՝ նա իրավունք չի ունենա լսելու այդ վեճը.
«Հատկապես սկզբնական փուլում, երբ նախագիծը շրջանառության մեջ էր դրվում, ամենաակտիվ ջատագովներից և քարոզողներից մեկը հենց Գագիկ Հարությունյանն է եղել:
Նա անձամբ է տարբեր գերատեսչություններ այցելել՝ ներկայացնելու համար, թե ըստ իրեն` ինչով է առավել նոր առաջարկվող նախագիծը` գործող Սահմանադրության համեմատ: Ես կարծում եմ՝ նոր Սահմանադրությունը քարոզելու ընթացքում իր դրսևորած վարքագիծը բավարար է, որպեսզի ինքն առնվազն ինքնաբացարկ հայտնի այդ հարցի քննարկման ժամանակ»: Անդրադառնալով լրացուցիչ ցուցակներով քվեարկության դեպքերին՝ փաստաբանն ասաց, որ ընտրություններից հետո ցանկացած ընտրացուցակ՝ լինի լրացուցիչ թե հիմնական, պետք է հրապարակվի:
«Միակ մեխանիզմը դա է, որովհետև առանց լրացուցիչ ընտրացուցակի էլ կարելի է այդ ամենը կազմակերպել, և այնպես չէ, որ միայն լրացուցիչ ընտրացուցակներն են օգտագործվում: Սա կանխելու կարևոր լծակներից մեկը կլիներ այդ ընտրացուցակների հրապարակումը, և բոլորիս համար պարզ կլիներ, թե արդյոք ընտրացուցակներում չկա՞ն այնպիսի անձանց ստորագրություններ, որոնք մահացած են` կամ այնպիսի անձանց ստորագրություններ, որոնք հանրաքվեի օրը Հայաստանի Հանրապետությունում չեն էլ գտնվել»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասաց, որ հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեն Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը: «Սակայն այն խախտումները, որոնք արձանագրված են, բավարար են, և ավելին է արձանագրված, քան նախորդ ընտրությունների ժամանակ էր արձանագրված՝ արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Խախտումները համակարգային բնույթ են կրել, դրանք միմյանց հետ փոխկապակցված են, և կարծում եմ՝ դրանք լրիվ բավարար են ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար»,- ասաց նա:
Անդրադառնալով լրացուցիչ ընտրացուցակներով քվեարկությանը՝ նա նշեց. «Այն, որ մենք տեղյակ ենք բազմակի քվեարկությունների մասին, կրկնակի, ուրիշի փոխարեն քվեարկելու մասին, փաստ է և արձանագրված է: Արդյոք հնարավորություն ունե՞ն քաղաքացիական հասարակության դիտորդները կամ վստահված անձինք ստուգելու ցուցակները: Օրենսդրորեն դա ամրագրված է, և իշխանությունները ստորագրված ցուցակները չհրապարակելու փաստարկ էին բերում հենց դա, որ բողոքարկման վարույթների ընթացքում անձինք կարող են ծանոթանալ ստորագրված ընտրացուցակներին: Սակայն գործնականում այն չիրականացվեց: Վերահաշվարկի պահանջի և անվավեր ճանաչելու պահանջի դեպքում այդ հնարավորությունը չի ընձեռվել դիտորդներին, որպեսզի ուսումնասիրվեն այդ ցուցակները: Սա արդեն ոչ հավաստի է դարձնում այս տեղամասերում ընտրությունների արդյունքները:
Եթե դիտորդին այդ իրավունքը չի տրվել, ապա չկա մեկը, ով կհավաստի, որ այդ ընտրություններն ազատ և արդար են եղել, հետևաբար` դրանք առնվազն այդ դեպքում ոչ ազատ են, ոչ արդար են, և արդյունքները հավաստի չեն: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն, այդպիսի համոզմունք ձևավորված է: Իսկ այդպիսի համոզմունքը փարատելու միակ միջոցը, միակ լուծումը ստորագրված ցուցակների հրապարակումն է, ինչն այսօրվա իշխանությունները չեն կատարում, և ցանկացած փաստարկ, գուցե` նաև մանկապատանեկան, ներկայացնում են, որպեսզի դա չիրականացնեն»:
Նշենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դիմում Սահմանադրական դատարան կարող է ներկայացվել հանրաքվեի արդյունքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո` մինչև հինգերորդ օրը, ժամը 18։00-ն: