«Ռուսաստանի իրական դաշնակիցները Հայաստանն ու Սիրիան են». Լևոն Շիրինյան
Թեև ԵՄ-ն 3 միլիարդ եվրո է տրամադրելու Թուրքիային ներգաղթյալների խնդրի լուծման համար, բայց դա, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ չի նշանակում, թե Թուրքիային կամ թուրքերին ինչ-որ բան է հաջողվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետն ասաց, որ սա նման է այն դեպքին, երբ աղջիկն ուզում է մի տղայի հետ ընկերություն անել ու պայմաններ է ստեղծում, հետո ասում են, թե տղան գրավեց աղջկան. «Թուրքիան բալանսի վրա պետություն է և դիվանագիտական-քաղաքական լարախաղացություն է անում: Այդպես է եղել նաև 20-ական թվականներին` ոչ թե իրենք պարտադրեցին, որ Լենինն իրենց օգնի, այլ Լենինն օգնում էր. եկավ, հասկացրեց, որ ուզեք՝ կտանք, որպեսզի հայերին ու հույներին ոչնչացնենք»:
Ըստ նրա՝ Ռուսաստանը ոչնչացնում է «Մեծ Մերձավոր Արևելք» ամերիկյան նախագիծը, որտեղ Թուրքիային դերակատարություն վերապահված էր. « Սիրիայի տարածքում իր գործողություններով Ռուսաստանն ուղղակի գորշ գայլի թաթը կտրում է Արաբական աշխարհ մտնելուց»:
Նա նշեց, որ Ռուսաստանն այստեղ ունի նաև բացասական միտումներով դրական տարածք՝ Հայաստանը. «Հայաստանը հազար ու մի թելերով կապված է Ռուսաստանին: Առաջին թելը թուրքական վրեժխնդրությունն է, որը հայերի մեջ նստած է հազարավոր տարիներ, ու մեզ փորձում է դուրս մղել այդ տարածքից: Սա մեզ պարտադրում է որոնել դաշնակիցներ և մեր գործնական միակ դաշնակիցը, լավ, թե վատ, Ռուսաստանն է:
Ռուսները հստակ պետք է իմանան, որ այս գործընթացն իրենց համար դաշնակիցների հետ համագործակցելու խնդիր է առաջացնում: Իսկ Ռուսաստանն ունի ընդամենը երկու դաշնակից, որոնք դավադիր են: Առաջինը՝ Նազարբաևը, ով թուրքական գործակալ է ԵՏՄ-ի մեջ, մյուսը՝ կոլխոզի նախագահն է` Լուկաշենկոն: Ռուսաստանի իրական դաշնակիցները Հայաստանն ու Սիրիան են»:
Նրա կարծիքով՝ ռուս-թուրքական ներկա հարաբերություններից պետք է կարողանանք օգուտ քաղել. «Հայկական կողմի խնդիրն է՝ Ռուսաստանի հետ համագործակցելով՝ ոչ թե կարգավորել սիրիական հատվածի ճանապարհագծերն ու սահմանները, այլ, առաջին հերթին, իր դաշնակցի արևելյան սահմանները: Ստեղծված վիճակը դա թույլ է տալիս մեզ: Հայաստանի իշխանություններն, ազգային անվտագության նկատառումներով, որը նաև համընկնում է ԱՊՀ տարածքում Ռուսաստանի ազգային անվտագության շահերի հետ, պետք է ներկայացնի Մոսկվային, որպեսզի նա պրոտեկտորատի իր կարգավիճակով պահանջի. առաջին՝ Նախիջևանի հատվածից թուրքական զորախմբի հեռացում, երկրորդ՝ Նախիջևանի հատվածում ադրբեջանական զորախմբի թվի կրճատում»:
Ըստ քաղաքագետի՝ հզորացող Թուրքիան ոչ-ոքի ձեռնտու չէ, անգամ՝ Միացյալ նահանգներին ու նրա կարծիքով՝ տգետ գերմանացիներին. «Ենթադրում եմ, որ Փարիզի ահաբեկչությունից հետո թուրքական համայնքը նույնն անելու է Գերմանիայում՝ ավելի ավերիչ ձևով, ավելի մեծ հզորությամբ»:
Անդրադառնալով դեկտեմբերի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ քաղաքագետն ասաց, որ ամեն օրվա կրակոցը սահմանին պետք է բացառի այդ հանդիպումը: