Բաժիններ՝

«Հավանաբար դեռ 2 տարի կմնամ ռինգում՝ մինչև 37 տարեկան, որից հետո միայն կհեռանամ». Արթուր Աբրահամ

Այսօր տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի ասուլիսը, որի ընթացքում բռնցքամարտիկն անդրադարձավ օրեր առաջ Մարտին Մուրայի հետ տեղի ունեցած վերջին մենամարտին, որակելով այն՝ որպես իր համար ծանր մենամարտ:

«Մարտին Մուրան, իհարկե, ուժեղ մրցակից էր, և մենամարտն էլ, անկասկած, ծանր էր, որովհետև նա ունի շատ մեծ փորձ, բայց մենք նրան հաղթեցինք: Նա ուներ ընդամենը երկու պարտություն, վերջին մենամարտում նա գրանցեց իր երրորդ պարտությունը, թեև սա չի նշանակում, որ նա լավ մարզիկ չէ: Ամենակարևորը, մենք հաղթեցինք, ու իմ մարզիչն արդյունքներից գոհ էր»,- ասաց Ա.Աբրահամը:

168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք մարզիկը սպասում էր, որ վերջին մենամարտը ծանր է լինելու իր համար, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Իհա՛րկե սպասում էի, որովհետև ես հետևել էի նրա մինչ այս ունեցած բոլոր մենամարտերին և գիտեի, որ նա համարյա միշտ հաղթում է, որովհետև փորձառու և բավականին ուժեղ մրցակից է, և շատ ուժեղ մրցակիցների նկատմամբ է հաղթանակներ տոնել»:

Artur Abraham

Կարդացեք նաև

Իր հաջորդ մենամարտի մասին խոսելիս՝ բռնցքամարտիկը տեղեկացրեց, որ այն, հավանաբար, կկայանա մարտ ամսին, մեքսիկացի մարզիկի հետ, ով չափազանց ուժեղ մրցակից է և մինչ օրս որևէ պարտություն դեռ չի գրանցել: Առաջիկա մարտից իր սպասելիքների մասին 168.am-ի հարցին բռնցքամարտիկը պատասխանեց, որ դեռևս ոչինչ չի կարող ասել, որովհետև Հայաստան է այցելել միայն հանգստանալու համար.

«Ես ինձ դեռ չեմ տրամադրել առաջիկա մարտի համար, որովհետև ամեն անգամ, երբ սկսում եմ մտածել սպասվելիք մարտի մասին՝ գիշերները չեմ կարողանում նորմալ քնել: Երբ մարդ բոքսի աշխարհում է ապրում, իր բոլոր ապրումները, հատկապես՝ մարտերից առաջ, պայմանավորված են հենց դրանով: Առայժմ փորձում եմ հակառակորդի մենամարտերը դեռ չդիտել, իսկ երբ կսկսվեն մարզումները, ես բոլոր առումներով կմտնեմ համապատասխան կարգավիճակի մեջ»:

Artur Abraham3

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում բռնցքամարտիկն անդրադարձավ նաև մարզական կարգավիճակին, պատմեց, որ ամեն անգամ Հայաստան այցելությունների ընթացքում ինքը ստիպված է լինում որոշակի քաշ կորցնել, որովհետև, չնայած նրան, որ նա այստեղ ժամանում է միայն հանգստանալու նպատակով, այնուամենայնիվ առօրյա գրաֆիկը հայրենիքում խիստ հագեցած է.

«Հայաստանում ես չեմ հասցնում նորմալ օրակարգով սնվել, որովհետև ուղղակի դրա ժամանակը չի լինում: Առավոտյան ուտում եմ մի բանան կամ մի տուփ յոգուրտ, և պատահում է, որ իմ հաջորդ սնունդ ընդունելու ժամն արդեն համընկնում է ուշ գիշերվա հետ: Գերմանիայում պատկերն այլ է՝ ես այնտեղ սնվում եմ օրական երեք անգամ և առհասարակ պահպանում եմ շատ խիստ օրակարգ»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք մարզիկը չի պատրաստվում հաղթանակով թողնել սպորտը, բռնցքամարտիկը տեղեկացրեց, որ իր մարզական կարիերան հավանաբար կավարտվի երկու տարի հետո.

«Ես հավանաբար դեռ 2 տարի կմնամ ռինգում՝ մինչև 37 տարեկան, որից հետո միայն կհեռանամ: Հույս ունեմ՝ կհեռանամ հաղթանակած: Ինձ համար էլ շատ դժվար է անդադար ապրել մարզական խիստ ռեժիմով, էլ չասած, որ տարվա մեջ 8 ամիսն անցնում է հյուրանոցներում ու մարզումների մեջ: Մեկ-մեկ կարոտում եմ՝ ուղղակի պառկել տան բազմոցին ու հեռուստացույց դիտել, իսկ հիմա տարվա մեծ մասը դու ստիպված ես լինում սնվել հյուրանոցային սնունդով: Ես, իհարկե, հոգնում եմ այս ամենից, բայց ի՞նչ արած՝ սա աշխատանք է, և այն այդպիսին է»:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձություններին, ու հատկապես՝ վերջին օրերին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ու դրա արդյունքներին՝ բռնցքամարտիկն ասաց.

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես մարզիկ եմ: Ինչ վերաբերում է հայաստանյան վերջին քաղաքական զարգացումներին, ապա՝ այո, ես տեղյակ էի դրանից, բայց հատկապես վերջին մարտի հետ կապված՝ ժամանակագրական համընկնումը հնարավորություն չտվեց ուշադիր ու հետևողական լինել դրանց: Ես երեկ եմ ժամանել Հայաստան և այս պահին ոչինչ այդ հարցի շուրջ հստակ չեմ կարող ասել»:

Artur Abraham2

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում մարզիկն անդրադարձավ իր անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխություններին և հայտարարեց, որ ինքն ամիսներ առաջ ամուսնացել է, բայց այդ իրադարձությունը հասարակական հնչեղություն չի ստացել, որովհետև ինքը նախընտրում է անձնական կյանքի մասին չխոսել:

Պատասխանելով Հայաստանում մշտական բնակություն հաստատելու հարցին՝ Արթուր Աբրահամն ասաց, որ իր կյանքը վաղուց արդեն մեծապես կապված է Գերմանիայի հետ, և իր բոլոր կապերն ու գործունեությունը ևս կապված են այդ երկրի հետ. «Դժվար է ասել, որ ես երբևէ կվերադառնամ Հայաստան՝ մշտական բնակության, բայց ինձ դուր է գալիս, որ ես տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ այստեղ ու հենց հանգստանալու նպատակով: Ես Հայաստանում իսկապես հանգստանում եմ: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ, ու ամենակարևորը, թերևս, այն է, որ ես հաղթում եմ և իմ տարած ամեն հաղթանակ անպայման տոնում եմ հենց Հայաստանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս