«Նույն համակարգի տարբեր թևերը միասին, համակարգված ձևով աշխատում են».Վ Ավետիսյանը` միջադեպի մասին
Հիմնադիր խորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանն այսօրվա հանրահավաքին մանրամասն ներկայացրեց Ասատության հրապարակում տեղի ունեցած միջադեպը. «Խմբից մեկը մոտեցել է ազատամարտիկ Յուրա Աթոյանին ու այսպիսի մի արտահայտություն է արել, թե սա չէ՞ր էն թուրքը, և թքել է ազատամարտիկի վրա, իսկ մյուսն էլ հասել և ոտքով հարվածել է ազատամարտիկի կրծքավանդակին: Այդ ժամանակ նստացույցի մասնակիցներից մեկը` Արայիկ Կյուրեղյանը (քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի եղբայրը) և ևս մեկ երիտասարդ պաշտպանել են Յուրա Աթոյանին նրանց հարվածներից ու հարձակումներից: Արայիկը ստիպված է եղել նաև ինքը հարված հասցնել, որ իրեն ու Յուրա Աթոյանին պաշտպանի: Այդ ժամանակ վրա են հասել ոստիկանները և թացն ու չորը իրար խառնելով` և´հարձակվողներին, սադրողներին և՛ Արայիկ Կյուրեղյանին բերման են ենթարկել ոստիկանություն: Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչները եկան և տուժող Յուրա Աթոյանին հրավիրեցին ոստիկանություն: Արայիկ Կյուրեղյանը փաստաբան ունի, տեղյակ է նաև մարդու իրավունքների պաշտպանը , հետևում ենք իրադարձությունների ընթացքին»:
«Սա վկայում է այն մասին, որ զինանոցում այլևս ոչինչ չի մնացել և փորձում են սադրանքի միջոցով մեզ ներքաշել զանգվածային բախման մեջ և դրանով ուրիշ վիճակ ստեղծել: Մենք զգոն ենք և հասկանում ենք` ինչ է կատարվում: Նույն համակարգի տարբեր թևերը միասին, համակարգված ձևով աշխատում են»,-նշեց նա: