Երկրապահի տղաները՝ ելույթս չընդունելով, հանցավոր, խուժան գրուպաներով հարձակվել են վրաս. Յուրա Աթոյան
«Երեկ չէ առաջին օրվա ելույթիս համար, որ կպել եմ Մանվել Գրիգորյանին, Երկրապահի տղաները՝ ելույթս չընդունելով, հանցավոր, խուժան գրուպաներով հարձակվել են վրաս: Ելույթումս ասել էի , որ կռվող տղաներին այդ հաստավիզ խոզը ինքն է զատել իրարից, դրա համար ինքը վատ զգաց իրեն: Հիմա գնում եմ Ոստկանության կենտրոնի բաժին»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Յուրա Աթոյանը, ում տանում էին ոստիկանություն:
Հիշեցնենք, որ ըստ «Նոր Հայաստանի» տարածած հայտարարության՝ այսօր ժամը 16-ի սահմաններում «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի և Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ, հարձակվել է Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա նստացույցին մասնակցող «Նոր Հայաստան» ճակատի աջակիցների և այնտեղ ներկա քաղաքացիների վրա՝ ակնհայտորեն փորձելով սադրել զանգվածային բախում:
Մասնավորապես՝ հարձակվողներից մեկը մոտեցել է նստացույցի մասնակից, ազատամարտիկ Յուրա Աթոյանին և, իր ընկերներին հարց ուղղելով, թե սա էն օրվա թուրքը՞ չէր, թքել է Յուրա Աթոյանի երեսին, իսկ նրա կողքին կանգնած մեկ ուրիշը ոտքով հարվածել է Յուրա Աթոյանի կրծքավանդակին: Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ «մոռացել» են ոստիկանություն հրավիրել նաև Յուրա Աթոյանին, ով տուժել է սադրիչների հարվածներից: