«Չի բացառվում, որ ՌԴ-ին Ղարաբաղում լուրջ խնդրի առջև կանգնեցնեն». Լուկիանով
«Նախագահների առաջիկա հանդիպումից լուրջ արդյունքներ պետք չէ սպասել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի առաջատար վերլուծաբան, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը։ Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանալու է դեկտեմբերին:
«Դեռ պաշտոնապես չի հայտարարվել անցկացման վայրը և օրը: Դա պատշաճ կերպով կարվի՝ ըստ կողմերի համաձայնության։ Չնայած Ադրբեջանը միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը, առաջ է ընկնում: Թե ի՞նչ է դա իրենց տալիս, չեմ կարող ասել, բայց մենք նման գործելաոճով չենք առաջնորդվում: Այնպես որ, ըստ պայմանավորվածության՝ կարվի այն ժամանակ, որի շուրջ մենք պայմանավորվել ենք:
Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբեր ամսին»,- ասել է նախարարը՝ մեկնաբանելով Բելգրադում կայացած ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները՝ ԼՂ կարգավորման համատեքստում: Լուկիանովը նշեց, որ սպասվում է նախագահական հերթական գագաթաժողովը, որից բեկումներ ակնկալել պետք չէ, քանի որ բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները, ըստ էության, չեն քննարկվում։ Այլ կարգավորման ծրագրեր ևս, ըստ Լուկիանովի, չկան։ «Նախագահները չափազանց ուշ-ուշ են հանդիպում, ինչը նշանակում է, որ կողմերի միջև չկա վստահություն՝ նույնիսկ բանակցությունների նկատմամբ, ու չկա սեղանին բանակցվող փաստաթուղթ կամ կարգավորման սցենար, չկա նաև քաղաքական կամք։
Սա, հաշվի առնելով միջազգային անցուդարձը, գուցե շահավետ է նաև միջնորդների համար, քանի որ նրանք նոր գործընթացի համար ջանքեր այս պահին ներդնել չեն կարող։ Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արևմուտքը հետաքրքրված են ստատուս-քվոյի պահպանմամբ, որի համար էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է, հանդիպումներ կազմակերպում, որպեսզի ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն անվերահսկելի չդառնա, որի վտանգը կա»,- ասաց Լուկիանովը։ Վերջինս արժանահավատ չի համարում նաև մամուլի հրապարակումներն այն մասին, որ Ռուսաստանը կարգավորման սցենար է պարտադրում Երևանին, համաձայն որի՝ Հայաստանը պետք է տարածքներ հանձնի Ադրբեջանին։ Ներկայումս, նրա վստահեցմամբ, նման առաջարկներ ներկայացված չեն։ Սակայն, խոսելով ռուս-թուրքական առճակատման մասին, Լուկիանովը չբացառեց, որ Թուրքիան, ի պատասխան Ռուսաստանի, իր գործընկեր Ադրբեջանի միջոցով կարող է փորձել սրել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։
Ռուսաստանն ու Թուրքիան, ռուս փորձագետի դիտարկմամբ, այսօր մրցակցության մեջ են, փորձում են միմյանց իրենց ուժը ցուցադրել։ Այդ ընթացքում թուրքական պաշտոնյաների կողմից շոշափվում է, Լուկիանովի խոսքով, նաև Ղարաբաղի հարցը։ «Այստեղ Թուրքիան կարող է ապակառուցողական և հրահրող քայլերի դիմել՝ այդպիսով Ռուսաստանին բարդ դրության մեջ դնելով։ Այս պարագայում դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, և, թե ինչպիսի արձագանք կլինի ռուսական կողմից։ Միանշանակ է, որ Ռուսաստանը չի անտեսի այն փաստը, որ անվտանգության երաշխիքներ է ստանձնել Հայաստանի առջև։ Բայց միևնույն ժամանակ՝ Կովկասը միայն Հայաստան չէ, Ռուսաստանի համար կարևոր են նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Եթե լինի լուրջ էսկալացիա, Ռուսաստանը կկանգնի լուրջ խնդրի առջև։ Դրան պետք է պատրաստ լինել»,- ասաց Լուկիանովը։ Նշենք նաև, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախօրեին կոչով դիմել էր հայկական կողմին՝ հորդորելով Ադրբեջանին հանձնել, այսպես կոչված, օկուպացված տարածքները։ Բացի այդ, վերջին շրջանում Թուրքիայի վարչապետն ու ԱԳ նախարարը սկսել են շատ ավելի հաճախ հիշել ԼՂ հակամարտության թեման։