«Ինչո՞ւ չպիտի խմբեր առաջանան, որոնք վրիժառուներ լինեն և որոշեն վրեժ լուծել այս պայմաններում»

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին իրականացված գործողությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Ըստ ԱԱԾ-ի` իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։ Մինչ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, մամուլն ու հասարակությունը քննարկում են հիմնականում մեկ հարց` տեղի ունեցածը բեմականացո՞ւմ էր, թե՞ իրականություն։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ։

– Պարոն Իշխանյան, ի՞նչ կարծիքի եք ԱԱԾ-ի իրականացրած գործողության մասին։

– Նախ` պետք է անդրադառնալ այն հանգամանքին, թե հանրությունն ինչ տեղեկություն ստացավ։ Հանրությունը նախ` տեղեկություն ստացավ, որ Հայաստանում ահաբեկչական խումբ է ձերբակալվել։ Պատկերացրեք` դա այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում ահաբեկչական գործողություններ են տեղի ունենում։ Ի՞նչ կմտածեր քաղաքացին` Հայաստան է մուտք գործել ահաբեկչական խումբ, ինչպես Փարիզում և այլ վայրերում։ Այս պայմաններում չի կարելի նման տեղեկություն տարածել և հանրությանը խուճապի մատնել։ Հետո միայն պաշտոնական հաղորդագրությունը մի փոքր փոխվեց։ Սա` առաջինը։

Երկրորդը` իշխանությունները, այդ թվում` Ազգային անվտանգության ծառայությունը, թող մտածեն, թե ինչու հանրության շրջանում այդպիսի ռեակցիա առաջացավ։ Թող մտածեն այն անվստահության մասին, որը ժողովուրդը տածում է Ազգային անվտանգության ծառայության և ընդհանրապես իշխանության նկատմամբ և չի վստահում որևէ հայտարարության` նույնիսկ, եթե դա լուրջ ահաբեկչական խումբ է եղել։ Այսինքն` մենք հասել ենք այնպիսի վիճակի, որ, եթե նույնիսկ սա լուրջ լինի, միևնույն է` վստահություն չկա։ Ինչ վերաբերում է խմբին։ Առայժմ, իհարկե, շատ դժվար է գնահատական տալ։ Նույն անվստահությունը, որ հասարակությունն ունի, ունեմ նաև ես` արդյոք դա իրականությո՞ւն էր, թե՞ ոչ։ Ես էլ չեմ կարող պատասխան տալ։ Ժամանակը, իհարկե, շատ բաներ կպարզի։

Բայց, իհարկե, կան որոշակի հարցեր։ Համենայնդեպս, երբ խմբի անդամների մասին որոշ տեղեկություններ եղան, ցույց տրվեց ատրիբուտիկան` եռագույն դրոշներ և այլն, մի բան կարելի է մտածել` իսկապես եղել է ինչ-ինչ նպատակներով ձևավորված խումբ (ես կարծում եմ` համենայնդեպս, իրենց կարծիքով, լավ, հայրենասիրական նպատակներով ձևավորված խումբ է եղել, իմ տպավորությունն է այդպիսին)։ Այստեղ մի ուրիշ հարց էլ կա` եթե իրականում այդ տանը զենքեր են հայտնաբերվել, դեռևս չի նշանակում, որ խմբի բոլոր անդամներն իմացել են զենքի մասին։

Չի բացառվում, որ զենքի կուտակումը եղել է մեկ կամ երկու հոգու կողմից, և չի բացառվում, որ այդ մեկ կամ երկու հոգին ներդրված են եղել հենց հատուկ ծառայությունների կողմից։ Ինչո՞ւ եմ սա ասում։ «Ժառանգության» անդամ Հրայր Մանուկյանի դեպքը հիշենք, երբ ցանկանում էին նրան հավաքագրել։ Ամենահետաքրքիրն այն է, որ այն ժամանակ ոչ մի կուսակցություն դրա վերաբերյալ ձայն չբարձրացրեց։ Սա այն դեպքն էր, երբ Հայաստանի բոլոր կուսակցությունները պետք է լուրջ հարց բարձրացնեին իշխանության առաջ` այս ի՞նչ եք անում` անկախ նրանից` դրանք իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր կուսակցություններ էին։ Հանրապետական կուսակցությունից սկսած` մինչև մեզ անծանոթ, մեկ հոգուց բաղկացած կուսակցությունը, պետք է բարձրացներ այդ հարցը։

Բայց որևէ մեկն այդ հարցը չբարձրացրեց։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, նկատի ունենալով, որ բոլոր կուսակցություններում և տարբեր խմբերում հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ կան, որոնք հավաքագրվել են, չեմ բացառում, որ հավաքագրում եղել է այդ խմբի մեջ, և հենց նրանց վարկաբեկելու համար զենք է կուտակվել։ Սա պարզապես վարկած է, դեռևս` ենթադրություն։ Նորից եմ կրկնում` ես համոզված եմ, որ այդ խմբի գերակշիռ անդամները հայրենասիրական ձգտումներով են հավաքվել այնտեղ։ Հիմա մեկ այլ հարց` մեկ րոպե ենթադրենք, որ իսկապես խումբ է ձևավորվել ահաբեկչություն իրականացնելու համար։ Այստեղ էլ է հարց առաջանում` եթե այդպիսի խումբ է ձևավորվում, արդյոք դրա ձևավորման համար «օբյեկտիվ» պատճառներ չկա՞ն։ Ի՞նչ նկատի ունեմ։

Երբ մի երկրում մարդու որևէ իրավունք չի պաշտպանվում, երբ արդարադատությունն ընտրովի է գործում (այլևս չեմ ուզում ընտրությունների մասին խոսել), երբ աչքի առաջ զանազան մարզպետներ կարող են իրենց տղաներով մարդկանց անպատիժ ծեծել և սպանել, ինչո՞ւ չպիտի խմբեր առաջանան, որոնք վրիժառուներ լինեն և որոշեն վրեժ լուծել այս պայմաններում։ Իշխանություններն իրենք իրենց այս հարցը տալի՞ս են, թե՞ մտածում են, որ կբռնաբարեն, կսպանեն, կծեծեն, իսկ ժողովուրդը, միևնույն է` հնազանդ է, այդպես էլ կմնա։ Սա իմ բարձրացրած վերջին հռետորական հարցն է։

– Եթե նույնիսկ ընդունենք, որ ամբողջ խմբին հանցավոր անվանելն իրականությանը չի համապատասխանում, իշխանությունն ի՞նչ նպատակ է լուծում դրանով։

– Միանգամից տարբեր վարկածներ կարող են ծնվել` հանրաքվեից առաջ ահաբեկել, կապել քաղաքական ուժերի հետ, և այլն։ Բոլոր վարկածներն էլ գոյություն ունենալու իրավունք ունեն։ Դիտարկենք վերջին շրջանի շղթան` Շանթ Հարությունյանն իր խմբով բողոքի ակցիա իրականացրեց, և, եթե նույնիսկ այն կարելի է խուլիգանություն որակել, քաղաքական ենթատեքստ կար, և, եթե Ոստիկանությունը չմիջամտեր, համոզված եմ` որևէ բան չէր լինելու, նրանց նկատմամբ դաժան դատավճիռներ արձակվեցին։ Դրանից հետո դաժան դատավճիռ կայացվեց Հայկ Կյուրեղյանի նկատմամբ։ Այս դաժանությամբ իշխանություններն ուզում են սաստել և ցույց տալ, թե ինչ կարող է կատարվել ընդդիմադիրի հետ։

Մյուս ընդդիմադիրները, որոնք ընդամենը կարող են խոսել, քննադատել, նույնիսկ հայհոյել, իրենց չեն հետաքրքրում։ Դրանց հաջորդեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունները։ Այսինքն` երբ ինչ-որ քաղաքական ուժեր ուզում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, նրանց նկատմամբ ամենադաժան ձևով պատիժ է կիրառվում։ Այս խումբը, եթե իսկապես ձևավորվել է հայրենասիրական ինչ-որ նպատակներով (նորից եմ կրկնում` ես չեմ հավատում, որ ահաբեկչական նպատակներով ձևավորված լիներ), ինձ թվում է` ամեն դեպքում իշխանություններին ամենաշատը վախեցնում է գաղափարական խումբ լինելը։ Գուցե այս խումբը նվիրյալների խումբ է եղել։ Հավանաբար (ես պարզապես վարկած եմ ասում) զենք կուտակել են` այդ խմբին վարկաբեկելու և ամենախիստ ձևով պատժելու համար։ Դա նաև օրինա՞կ կծառայի մյուսների համար։ Իհարկե, կծառայի։ Դա հանրաքվեից առաջ օգուտ կտա՞։ Իհա՛րկե կտա։

– Նրանք, ովքեր կարծում են, որ սա բեմադրություն էր, առաջ են քաշում տարբեր փաստարկներ։ Հիմնականում խոսվում է այն մասին, որ, եթե բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ, դրա մասին անմիջապես չէր հայտարարվի` նկատի ունենալով, որ խումբը կարող էր այլ անդամներ ունենալ, և, որ քննչական գործողությունների ավարտից հետո բնակարանը, որտեղից ձերբակալել էին 10 անձի, բաց էր նաև լրագրողների համար։

– Այդ վարկածը ևս գոյություն ունենալու իրավունք ունի։ Բայց դրան կարելի է հակափաստարկ բերել։ Հակափաստարկն այն է, որ իրենց ասածը վերաբերում է իրավական պետություններին, որտեղ հատուկ ծառայությունները պրոֆեսիոնալ են աշխատում, իսկ տվյալ դեպքում շատ դեպքեր կարող ենք նշել, երբ երևում է, որ պրոֆեսիոնալիզմ չկա` ինչպես հարկն է։ Եվ երկրորդ` իշխանությունների համար շատ կարևոր էր ցույց տալ իրենց «նուրբ և պրոֆեսիոնալ» աշխատանքը, և ամեն ինչ հակառակն է լինում` և անմեղության կանխավարկածի խախտում, և այլն։ Իրենց պրոֆեսիոնալ աշխատանքը ցույց տալու ցանկությունը բերում է հակառակ արդյունքի, և ես կարծում եմ` սա պարզապես դիտավորությամբ ցուցադրության համար արված ոչ պրոֆեսիոնալ աշխատանք էր։

Տեսանյութեր

Լրահոս