«Թուրքիան չի ստանա Արևմուտքի աջակցությունը, եթե փորձի Հայաստանն օգտագործել՝ որպես ՌԴ-ի դեմ հաղթաթուղթ». քուրդ վերլուծաբան

«Ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում դրական քայլեր կլինեն, եթե դրանք շահավետ լինեն Թուրքիայի իշխանության համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական, «Radikal»-ի սյունակագիր, ազգությամբ քուրդ գրող, լրագրող և ռեժիսոր Ումիթ Քվանչը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում սպասվող հնարավոր փոփոխություններին Թուրքիայում անցկացված ընտրություններից հետո: Հիշեցնենք, որ ընդամենը 5 ամիս առաջ` հունիսի 7-ին, Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակ-պարտությունից հետո նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վճռորոշ մեծամասնություն ստացավ խորհրդարանում, չնայած, սոցիոլոգիական հարցումների համաձայն` ԱԶԿ-ն պետք է ստանար ձայների միայն 40%-ը, ինչը կրկին ենթադրելու էր կոալիցիոն կառավարության ձևավորում։ Սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կուսակցությունը ստացավ ձայների 49.4%-ը, որը նշանակում է, որ կուսակցությունը ստացավ խորհրդարանի 550 պատգամավորական տեղերից 315-ը` կարիք չունենալով ձևավորել կոալիցիա:

Նա նշեց, երբ «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մասին ազդարարվեց՝ բոլորը մտածեցին, որ Թուրքիայում վերջապես բանականությունը հաղթեց: Քվանչը հռետորական հարցով դիմեց. «Ինչո՞ւ պետք է Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը վնասի Թուրքիային: Ընդհակառակը, Թուրքիայում այնքան շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են բաց սահմաններ և առևտրային հարաբերությունների զարգացում տեսնել երկու երկրների միջև: Նույնիսկ ԱԶԿ ընտրազանգվածից շատերն են դա ցանկանում»: Սակայն, նրա որակմամբ, Թուրքիայում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել:

«Վախենամ, որ ազգայնականությունն ու ռասայականությունն ավելի թունավոր են, քան մենք ենք կարծում: Ես կցանկանայի ասել, որ այդ հարաբերությունները դրական ուղղությամբ են ընթանալու, սակայն չեմ կարող: Սակայն ես կարող եմ միայն ասել, որ թուրք աջ քաղաքական գործիչներն աշխարհի ամենաիրատես և պատեհապաշտ գործիչներն են, ուստի, երբ նրանք մտածեն, որ այդ հարաբերությունների վերականգնումը շահավետ է, նրանք դրական քայլեր կնախաձեռնեն»,- ասաց Ումիթ Քվանչը:

Հարցին, թե ռուս-թուրքական լարվածության ֆոնին հնարավոր է` Թուրքիան թիրախավորի Հայաստանը, քանի որ ՀՀ-ն համարվում է ՌԴ ռազմավարական գործընկերը և ունի ռուսական ռազմական բազաներ, պատասխանեց` «ոչ»: Նրա խոսքով` Թուրքիան այնքան հզոր չէ, որպեսզի գլուխը պարզած՝ շարժվի Ռուսաստանի հետ առճակատմանն ընդառաջ: «Նրանք նույն լիգայից չեն: Ավելին, եթե Թուրքիան փորձի օգտագործել Հայաստանը՝ որպես հաղթաթուղթ, ապա չի կարողանա ստանալ անհրաժեշտ արևմտյան աջակցությունը: Թուրքիան մշտապես փորձում է այնպես անել, որպեսզի Արևմուտքը մոռանա «հայկական» բառը: Այս փուլում սպառնալ Հայաստանին, միջամտել ԼՂ հակամարտության հարցերին՝ կնշանակի՝ ռիսկի դիմել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում»,- նման կարծիք հայտնեց քուրդ վերլուծաբանը:

Անդրադառնալով օրերս Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռմբակոծիչի կործանման ռուս-թուրքական առճակատմանը` Ումիթ Քվանչն ասաց, որ ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչի խոցումը միայն տրամաբանական պատճառներով հնարավոր չէ բացատրել: Ավելին, ըստ նրա, դա չի կարող բացատրվել միայն արտաքին քաղաքական պատճառներով: «Թուրքիայի արտաքին քաղաքականության պրակտիկան վերլուծելու կարողություն ունենալու համար պետք է հասկանալ նախ՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտնի «Ռազմավարական խորություն» պատրանքը: Դավութօղլուն ցնորամիտ է: Իրական կյանքի նրա ընկալումը խնդրահարույց վիճակում է: Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա ևս չի ընկալում աշխարհն այն ունիվերսալ նորմերով, որոնք հասանելի են բոլորին: Այս երկուսը հավատում են, որ, եթե Թուրքիան գործի՝ ինչպես գերտերություն, ապա կընկալվի հենց այդպիսին: Նրանք մտածում են, որ Մերձավոր Արևելքն և սուննի իսլամական տարածաշրջանները մեծ սիրով կընդունեն նոր տեսակի Օսմանական գերիշխանությունը: Անկարան, ամենայն հավանականությամբ, հույս ունի շահել ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատումից: Սա զարմանալի չէր լինի, քանի որ սա քաղաքական թիմ է, որը կարծում է, որ կարող է հաղթահարել ցանկացած հարց առճակատմամբ և բևեռացմամբ»,- նշեց Ումիթ Քվանչը: Վերջինս նաև ասաց, որ կա մի իրավիճակ, որն անհանգստացնում է նրանց. «Ռուսաստանը խոչընդոտում է նրանց միջամտությանը Սիրիայում՝ թիրախավորելով այն խմբերին և այն վայրերը, որոնք նրանք ընկալում են՝ որպես իրենց ազդեցության գոտի»: Բայց, քուրդ մտավորականի վստահեցմամբ, տեղին չեն պնդումները, թե Էրդողանը համարձակորեն լարում է հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս