Տիգրան Սարգսյանն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի հայցի քննությունն ավարտվեց. կհրապարակվի դատավճիռը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 16-ին կհրապարակի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի գործով դատավճիռը: Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանն ավարտեց դատաքննությունը: Ինչպես հայտնել էինք, վիճարկվում է shamshyan.com կայքի հրապարակումը: Պահանջ է ներկայացվել զանգվածային լրատվության նույն միջոցով հերքել, իրենց կարծիքով՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց զրույցի ձայնագրությունը պահանջելու մասին: Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը, սակայն, ասաց, որ փաստաբանական հարցմանն ի պատասխան՝ «Շամշյան մեդիա» ընկերությունը հայտնել է, որ հետևելով ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի պահանջին, որի համաձայն՝ հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը, հրապարակման հեղինակ լրագրողը չի պահպանել հարցազրույցի ձայնագրությունը, քանի որ անցել են հերքում և ուղղում պահանջելու բոլոր ողջամիտ ժամկետները: Դատարանը հրապարակեց պատասխանն ամբողջությամբ, որում նշված էր, որ Փայլակ Հայրապետյանից կամ նրա անունից հանդես եկող որևէ մեկից երբևէ չեն ստացել այդ ձայնագրությունը տրամադրելու վերաբերյալ դիմում կամ խնդրանք, Փայլակ Հայրապետյանից կամ նրա անունից հանդես եկող որևէ մեկից երբևէ չեն ստացել հրապարակման մեջ ուղղում կատարելու վերաբերյալ խնդրանք, թեև հրապարակման հեղինակը վստահեցնում է, որ հարցազրույցից հետո Փայլակ Հայրապետյանը հետ է զանգահարել իրեն և խնդրել որոշ լրացումներ կատարել, որոնք լրագրողն ամբողջությամբ կատարել է: Պատասխանում նշված է, որ հրապարակման մեջ լրագրողը ներկայացրել է Փայլակ Հայրապետյանի ասածները՝ կարևորագույն հատվածները ներկայացնելով բառացի, նույնիսկ գրական չդարձնելով որոշ հատվածներ: Պատասխանում նշված էր նաև, որ հայտարարությունների մեծ մասը Փայլակ Հայրապետյանը պարզապես կրկնել է այլ լրատվամիջոցներով հնչեցնելուց հետո:

Խնդիրն այն է, որ հայցվոր կողմը վիճարկում է shamshyan.com կայքի հրապարակման մի քանի հատվածներ, սակայն Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը նշում է, որ դրանք Փայլակ Հայրապետյանի կողմից այլ կերպ են ներկայացվել: Մասնավորապես, նա նշում է, որ հայցվորը վիճարկում է քննարկվող հրապարակման մեջ նշված այն հատվածը, ըստ որի՝ Փայլակ Հայրապետյանն ասել է, որ 2009թ. Էկոնոմիկայի նախարարության շենքում 23 արդյունաբերական կազմակերպությունների հետ քննարկմանը մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գրիշա Բալասանյանի խոսքով՝ Փայլակ Հայրապետյանն ասել է, որ Տիգրան Սարգսյանին հանդիպել է շենքի աստիճանահարթակին, մինչդեռ հրապարակման մեջ նշվել է, թե Տիգրան Սարգսյանը ներկա է եղել խորհրդակցությանը:

Գրիշա Բալասանյանի խոսքով՝ հայցվոր կողմը վիճարկում է նաև ոսկու գնման գործընթացին նախկին վարչապետի մասնակցության հարցը. ըստ նրա՝ Փայլակ Հայրապետյանն ասել է, որ ընկերության հաշվին փոխանցված գումարներով, որտեղ Տիգրան Սարգսյանը բաժնետեր է, մեծ քանակությամբ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը:

Վիճարկվող մյուս դրվագն էլ, ըստ Գրիշա Բալասանյանի՝ վերաբերում է այն հատվածին, որտեղ նշվում է, որ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը «պետք է գա, քննություն տա ու պարզաբանի՝ 7 միլիոն 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ են արել»: Գրիշա Բալասանյանն ասաց, որ Փայլակ Հայրապետյանն ասել է, որ գումարները փոխանցվել են այն ընկերության հաշվեհամարին, որտեղ Տիգրան Սարգսյանը բաժնետեր է:

Գրիշա Բալասանյանը չպնդեց ապացույց պահանջելու վերաբերյալ իր միջնորդությունը՝ միևնույն ժամանակ՝ նշելով, որ բանավոր զրույցի ընթացքում հրապարակման հեղինակը բացառել է, որ ձայնագրություն է եղել:

Դատարանը սկսեց դատաքննությունը: Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, որ պնդում են՝ հրապարակումը պարունակում է մի շարք փաստացի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Նա նշեց, որ իրենց կարծիքով՝ բավարար հիմքեր կան՝ դատարանի կողմից ներքին համոզմունք ձևավորելու համար, որ Փայլակ Հայրապետյանն ամեն դեպքում եղել է հրապարակված տեքստի հեղինակը:

«Անկախ այն հանգամանքից՝ ով է այդ տեքստի հեղինակը, այն ձևով, ինչպես այն հրապարակված է տվյալ ԶԼՄ-ում, այն արատավորում է»,- ասաց նա՝ նշելով, որ, եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով դատարանի մոտ ներքին համոզմունք չձևավորվի տեքստի հեղինակի վերաբերյալ, կխնդրեն կիրառել Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածի դրույթները՝ եթե ահնար է լինում պարզել հեղինակին, ապա դատարանը կարող է հաստատել զրպարտության փաստը և պարտավորեցնել հերքում հրապարակել նույն լրատվամիջոցով:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը նշեց, որ Փայլակ Հայրապետյանն այնպես չի ասել, ինչպես ներկայացվել է վիճարկվող հրապարակման մեջ: Նա խնդրեց Փայլակ Հայրապետյանի մասով հայցը մերժել:

Դատական նիստի ընթացքում հրապարակվեցին գործով ապացույցները. կողմերը ներկայացրել էին տարբեր լրատվամիջոցների հրապարակումներ, ներկայացված էին նաև նյութեր քրեական գործից: Կողմերը հանդես եկան դրանց վերաբերյալ հայտարարություններով:

Տեսանյութեր

Լրահոս