«Ես որևէ բան ցուցադրաբար անում եմ միմիայն թատրոնում, կյանքում ես փորձում եմ որևէ բան ցուցադրաբար չանել»
Դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրության հանրաքվեին, հաշված օրեր են մնացել, և որքան մոտենում է ներքաղաքական կարևոր այդ օրը, ակտիվանում են տարաբնույթ քաղաքական ուժերը, հանդես գալիս հայտարարություններով, ընդ որում՝ դրանք, որպես կանոն, երբեմն՝ անսպասելի, երբեմն՝ իրարամերժ, դիտարժան կամ հակասական են լինում: Այդպիսի մի հայտարարությամբ բոլորովին վերջերս հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, որ հանրային իր հերթական ելույթներից մեկում բառացի հայտարարել էր հետևյալը. «Ինձ կտեսնեք կա՛մ հրապարակի վրա, կա՛մ հենց ընտրատեղամասում՝ ճղելով ծրարը, որովհետև չեմ համարում, որ սա Հայաստանի Հանրապետությանը հարիր փաստաթուղթ է…»:
Այս և սահմանադրական փոփոխությունների մասին մեկնաբանություն ստանալու համար 168.am-ը զրուցեց Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, ով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հայտարարությունն այսպես մեկնաբանեց.
«Ես ցուցադրաբար ամեն ինչ անում եմ միմիայն թատրոնում, կյանքում ես փորձում եմ որևէ բան ցուցադրաբար չանել, թեև հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ կարիք ունի ինչ-որ բան ցուցադրաբար անելու… Ինձ համար այդ նպատակի համար կա բեմ, ուրիշ ինչ-որ տեղ ես ցուցադրաբար անելու որևէ բան չունեմ»:
Անդրադառնալով առաջիկայում անցկացվելիք հանրաքվեին, Ռ. Բաբայանն ասաց. «Ինձ համար այնքան կարևոր չէ դեկտեմբերի 6-ը, որքան կարևոր կլինի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ը: Նկատի ունեմ, անկախ նրանից՝ կընդունվի՞ նոր Սահմանադրությունը, թե՞ ոչ, այն պետք է կատարվի՝ լինի նո՞ր Սահմանադրություն, թե՞ հին: Հիմնական խնդիրը մեր երկրում սա է: Առաջ ընկնելով Ձեր հարցից՝ այն, ինչ վերաբերում է այսօրվա հանրահավաքին (Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Նոր Հայաստան» շարժման կողմից նախաձեռնված.- Ն.Մ.), ուզում եմ նշել՝ իշխանափոխությունը շատ բնական պրոցես է, բայց այն չի կարող լինել գերխնդիր: Ամենակարևորն այն պահանջն է, որ հասարակությունը ներկայացնում է իշխանությանը: Հիմա ուզում եմ իմանալ՝ իսկ հասարակությունը որևէ պահանջ առհասարակ ներկայացնո՞ւմ է: Ես այն կարծիքին եմ, որ մեր հասարակությունը դեռ չի ձևավորել իր պահանջը, որովհետև միայն իշխանափոխության պահանջ դնել՝ նշանակում է՝ ոչ մի պահանջ չդնել, որովհետև կգա նոր իշխանություն (ենթադրենք՝ քննարկում ենք այսպիսի ռոմանտիկ տարբերակ) և կասի՝ իսկ մեր առջև ոչ մի պահանջ դրված չէ, ասենք, որ երկիրը լինի մրցակցային, երկրում մարդիկ լինեն պաշտպանված, և այլն»:
Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ինքը մասնակցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, և ո՞րն է լինելու իր որոշումը՝ հօգուտ «Այո»-ի՞, թե՞ հակառակը, Ռ. Բաբայանը պատասխանեց.
«Հանրաքվեին դեռ 5 օր կա, և ես դեռ մտածելու ժամանակ ունեմ: Եթե «քարոզիչները» համը չափից շատ չհանեն, ես կմտածեմ: Ես բացարձակապես չէի ուզենա, որ այդ հանրաքվեն դառնար իշխանական կամ հակաիշխանական ընտրություններ, որովհետև կարծում եմ, որ մեծ շռայլություն է այդպես վերաբերվել Սահմանադրությանը: Կարծում եմ, որ մեր երկրի քաղաքացիների մեծ մասի համար ոչ այնքան կարևոր են քաղաքական պայքարը, որքան կոնկրետ իր իրավունքները, դրանց պաշտպանվածությունը և, որ ամենակարևորն է՝ երկրին տեր զգալու զգացողությունը:
Միանգամից ասեմ, որ ես կիսում եմ բոլոր մտավախությունները, որ կան՝ նոր Սահմանադրության հետ կապված: Ասեմ ավելին՝ ես ինքս էլ ունեմ այդ մտավախությունները, և այս ամենում ամենաակնառու բացասական երևույթը, իհարկե, վստահության բացակայությունն է: Ես այն համոզմանն եմ, որ վստահությունը ևս քաղաքական կատեգորիա է, ընդ որում՝ կարևորագույններից մեկը, որովհետև, երբ քեզ վստահում են, դու կարող ես իրագործել այն, ինչ ուզում ես, իսկ երբ չեն վստահում, նույնիսկ քո դրական նախաձեռնությունը կարող է տապալվել: Եվ երբ քաղաքական գործիչները բողոքում են, թե իրենց հանդեպ վստահություն չկա, ապա նրանք պետք է լավ իմանան, որ դրա վրա պետք է աշխատել, դա հենց այնպես՝ օդից չի ընկնում»:
Խոսելով ստեղծված իրավիճակում մտավորականի դերի և նշանակության մասին՝ Տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը շատ ինքնատիպ մեկնաբանություն արեց.
«Ես ընդհանրապես չեմ սիրում խոսել իշխանության հետ, և ասե՞մ՝ ինչու. կարծում եմ մտավորականը պետք է խոսի ոչ թե՝ իշխանության, այլ՝ հասարակության հետ: Ուզածդ իշխանություն՝ լինի ժողովրդավարական կամ բռնապետական երկրում, հաշվի է նստում միայն մի գործոնի ՝ քանակի հետ: Մտավորականի խնդիրը քանակը որակ դարձնելն է, որովհետև, եթե այդ բանակը լինի որակական, նա կկարողանա պարտադրել իր կամքն իշխանությանը՝ շնորհիվ քանակի: Այնպես որ, մենք, առաջին հերթին՝ պետք է փորձենք շփվել հասարակության հետ, իսկ հասարակության մեջ կան որոշակի վտանգավոր կարծրատիպեր, օրինակ՝ բարի թագավորի սպասումը, որ ընդհանուր առմամբ բնորոշ է հետամնաց հասարակություններին: Չեմ կարծում, որ, օրինակ, գերմանացին սպասում է բարի թագավորի գալստյանը:
Այս կարծրատիպը պետք է հաղթահարել, թե ինչ-որ մի տեղ կա բարի թագավոր, որը մեզ լավ աչքով կնայի, դիմենք այդ թագավորին: Թեև մեզ մոտ էլ, պարզվում է, բարի թագավոր չկա: Ես կարծում եմ, որ այդ կարծրատիպն ինչ-որ առումով քանդվում է առաջարկվող նոր Սահմանադրությամբ: Բացարձակապես որևէ բան չունենալով՝ իրար հակադրելու Նախագահակա՞ն, թե՞ Խորհրդարանական կառավարման հանրապետություն ունենալու պահանջը (որովհետև երկուսն էլ կարող են լինել ժողովրդավարական և երկուսն էլ կարող են չլինել ժողովրդավարական)՝ ինձ համար կարևորն այդ կարծրատիպը կոտրելն է՝ թե մեզ տեր է պետք: Ես համոզված եմ՝ մեզ տեր պետք չէ: Մեզնից յուրաքանչյուրը պետք է լինի այս երկրի տերը և հասկանա, որ յուրաքանչյուր պաշտոնյա՝ դա մի մարդ է, որին մենք վարձել ենք, և որը հարկերի տեսքով ստանալով մեր փողերը՝ պարտավոր է ապահովել մեր արժանապատիվ կյանքը և ոչ թե լինել մեզ տեր: Նա պարտավոր է անել այնպես, որ մեզանից յուրաքանչյուրն իրեն զգա այս երկրի տերը, որովհետև ցանկացած բարեփոխում կարող է իրականացնել միայն տիրոջ իրավունքով օժտված քաղաքացին»: