Բաժիններ՝

«Հայաստանից մեկնելու եմ շատ հարստացած, և դա հարստության մի տեսակ է, որ քո ներսում է և երբեք չի սպառվելու». Հովարդ Էնստադ

Հայաստանում է նորվեգացի դաշնակահար և թավջութակահար Հովարդ Էնստադը, ով հայ երաժիշտ Վիգեն Հովսեփյանի հետ համատեղ պատրաստվում է երևանյան համերգին և նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքներին:

Թեև երաժշտի կարճատև այցին և երևանյան գերհագեցած գրաֆիկին, 168.am-ը հանդիպեց և զրուցեց հայ-սկանդինավյան ավանդական երաժշտությունների կատարողի հետ: Մեր զրույցի ընթացքում Հովարդ Էնստադը պատմեց, որ արմատներով Նորվեգիայից է՝ Օսլոյին շատ մոտ մի քաղաքից: Նվագել սկսել է 5 տարեկանից: Երաժշտական կարիերան մեկնարկել է դասական երաժշտությամբ՝ դաշնամուրային բաժնում, սակայն 16 տարեկանից սկսել է թավջութակ նվագել, որն արդեն երկար տարիներ նրա հիմնական երաժշտական գործիքն է: Ուսանողական տարիների հերթական արձակուրդներից մեկը ճակատագրական է եղել Հովարդի նեղ մասնագիտական կողմնորոշման համար. նա իր համար բացահայտել է տարբեր ազգերի էթնիկ երաժշտությունն ու սկսել խորապես ուսումնասիրել ֆոլքի տարրերը: Մասնագիտական փնտրտուքները նրան դուրս են բերել նաև հայկական մշակույթի տարածքները, և նա սկսել է ճանաչել հայկական ֆոլք երաժշտությունը:

– Հովարդ, ինչո՞վ Ձեզ գրավեց ազգերի էթնիկ երաժշտությունը:

– Դա մի երաժշտություն է, որ բխում է հոգուց և հասնում է հոգուն: Այդ է պատճառը, որ ես սիրահարված եմ այս երաժշտությանը:

Կարդացեք նաև

Hovard-Nvard (6)

– Ո՞ր երկրների ֆոլք երաժշտությունն ես ուսումնասիրել:

– Սկսել եմ նորվեգական երաժշտությունից, որովհետև պետք է խոստովանեմ, որ լինելով դասական երաժիշտ՝ լավ չեմ ճանաչել իմ ազգի էթնիկ երաժշտությունը: Հետո ուսումնասիրել եմ Բալկանների, արաբների էթնիկ երաժշտությունը, հայկական ֆոլքը, սելթիկների էթնոն, և այլն: 2006թ. շվեդական էթնո երաժշտության փառատոնն առաջին լուրջ առիթը եղավ, որպեսզի ես իմ մեջ բացահայտեմ երաժշտական նախասիրությունս այդ ուղղվածության նկատմամբ: Ամեն տարի այդ փառատոնի շուրջն են հավաքվում ամենատարբեր երկրների ու ժողովուրդների էթնիկ երաժշտությունը ներկայացնող խմբեր ու անհատ կատարողներ, ովքեր իրենց արվեստով և մշակույթով փորձում են կիսվել մեկը մյուսի հետ: Իմ պրպտումներն ու սերն այս երաժշտության հանդեպ հասավ նրան, որ արդեն եկող տարի՝ 2016թ. հուլիսին, Կատալոնիայում ինքս եմ պատրաստվում էթնիկ երաժշտության փառատոն կազմակերպել:

– Ինչպե՞ս եղավ Նորվեգիայից Իսպանիա Ձեր տեղափոխությունը:

– Իսպանիա, իսկ ավելի հստակ՝ Բարսելոնա, տեղափոխվեցի ուսումս շարունակելու նպատակով, սակայն այդ քաղաքն ինձ այնքան դուր եկավ, որ ես որոշեցի եթե ոչ՝ ընդմիշտ, ապա՝ տևական ժամանակ մնալ այնտեղ:

– Ինչո՞վ Ձեզ այդքան գրավեց Բարսելոնան:

– Բարսելոնան ազատության քաղաք է: Այնտեղ դու լիարժեք ազատ ես, չկա նորվեգական քառակուսի կյանքը, այստեղ սահմաններն այնքան բաց են, որ կարող ես քեզ թույլ տալ ապրել այնպես, ինչպես ինքդ ես ուզում: Ստեղծագործողի համար ազատությունն անհրաժեշտ առաջին նախապայմաններից է:

Hovard-Nvard (7)

– Ի՞նչ է ազատությունը Ձեզ համար:

– Անել այն, ինչ հարազատ է սրտիդ, որի համար քեզ չեն դատի:

– Իսկ ինչպե՞ս ես վերաբերվում քննադատությանը:

– Ցանկացած քննադատության մեջ կարելի է գտնել ուսանելի ինչ-որ բան, գուցե փոքրիկ, աննշան, բայց ճշմարտության հատիկ ցանկացած քննադատության մեջ, անկասկած, կա, բայց, երբ ասում էի դատել՝ քննադատության իմաստով չէի ասում:

– Հովարդ, ո՞րն է Ձեր վերջնական նշանակետն արվեստում, ինչի՞ եք ուզում հասնել, ինչի՞ մասին եք երազում:

– Ամենակարևորը, ինչին ես ձգտում եմ ամեն օր՝ նվագել որքան հնարավոր է՝ շատ: Ինձ համար կարևոր չէ՝ մեծ դահլիճո՞ւմ կնվագեմ, թե՞ ակումբային հանդիսատեսի համար, միևնույն է: Կարևորը կենդանի նվագն է, որի հետ ես ամեն օր պետք է առնչվեմ: Ի վերջո, իմ ձգտումը մեկն է՝ այն երաժշտությունը, որ հուզում է ինձ, և որը ես նվագում եմ, կուզենայի նույն կերպ հուզմունք փոխանցեր նաև իմ ունկնդիրներին:

– Ինչպե՞ս է եղել Ձեր ծանոթությունը հայազգի երաժիշտ Վիգեն Հովսեփյանի հետ, դուք համատեղ գեղեցիկ հայկական կատարումներ ունեք:

– Վիգենի հետ առիթ ունեցա ծանոթանալ Բարսելոնայում, երբ այնտեղ հիմնում էինք «Բարսելոնա էթնիկ բենդը»: Մեզ հարվածային գործիքների վրա նվագող էր պետք, և մենք հայտարարություն տարածեցինք, որ փնտրում ենք երաժիշտ: Մեզ հետ կապվեց Վիգենը: Մեր մասնագիտական համագործակցության սկիզբը հենց այդպես դրվեց:

– Փաստորեն, Վիգենն առիթ հանդիսացավ, որ Դուք էթնո երաժշտության փնտրտուքների մեջ գտնեք նաև հայկական ֆոլքը:

– Այո: Եվ հիմա լավ առիթ է նաև ասելու, որ ես շատ ուրախ եմ ինձ համար այս հիասքանչ մշակույթի բացահայտման համար և շնորհակալ եմ Վիգենից:

Hovard-Nvard (3)

– Ինչպե՞ս Վիգենին հաջողվեց Ձեր և խմբի ուշադրությունը հրավիրել հայկական ավանդական երաժշտության վրա:

– Առաջին գրավականը, որով Վիգենին հաջողվեց խմբի ուշադրությունը սևեռել հայկական երաժշտության վրա՝ դուդուկի թովիչ ձայնն էր:

– Մեր ազգային նվագարանին՝ դուդուկին, Դուք առաջին անգամ Վիգենի՞ միջոցով եք ծանոթացել:

– Ոչ: Դրանից առաջ էլ լսել էի դուդուկը, բայց չգիտեի, թե ի՞նչ երաժշտական գործիք է, ինչպե՞ս է կոչվում, որտեղի՞ց է: Վիգենը բացահայտեց ինձ երկար ժամանակ հետաքրքրած գործիքի ողջ պատմությունը: Առաջին հայկական երաժշտական ստեղծագործությունները, որ ես լսեցի՝ նույնպես Վիգենի միջոցով, «Հեյ Նավավարն» էր, «Ապարանի պարն» ու «Գարուն, գարունը»:

– Ժամանակակից արվեստի զարգացման տենդենցները, ըստ շատ հայտնի արվեստագետների, և, մասնավորապես, երաժիշտների՝ կապված է ազգային մշակույթի, այնտեղ եղած էթնիկ տարրերի և ժամանակակից ստանդարտների բարեհաջող միքսով: Ի՞նչ եք Դուք մտածում այս մասին:

– Ես դեմ եմ էթնիկ երաժշտության հիմքի բովանդակային փոփոխություններին, աղավաղումներին կամ կրճատումներին, որի հաշվին նոր ստեղծագործություն կարելի է ստանալ, բայց կողմնակից եմ անաղարտությամբ պահպանված ազգային ֆոլք երաժշտության վրա ժամանակակից ստանդարտների կիրառմանը: Հիշեք խնդրում եմ՝ արդարացված չէ էթնիկ գեղագիտության որևէ կերպ խաթարումը: Ասածիս ամենավառ օրինակը հենց իմ ու Վիգենի համագործակցությունն է: Ահա Վիգենը բերում է անաղարտությամբ պահպանված հայկական երաժշտությունը, որի հետ ես փորձում եմ ֆիքսել այն նորը, որ ինքս եմ պատկերացնում: Եվ, եթե արդյունքը հետաքրքիր չլիներ, հավատացեք, մենք հիմա միասին այստեղ նստած ու զրուցելիս չէինք լինի:

Hovard-Nvard (4)

– Այնպիսի տպավորություն է, որ համաշխարհային արվեստում արդեն ամեն ինչ ասվել է: Կա՞ն դեռ նորություններ, նորարարություններ կամ մի բան, որ դեռ հայտնի չէ արվեստ ստեղծող մարդկությանը:

– Այո՛, կան, իհա՛րկե կան: Ճշմարիտ եք, երբ ասում եք, թե արվեստում արդեն իսկ շատ հայտնագործություններ են արվել, բաց հավատացեք՝ անսահման հնարավորությունները դեռ առջևում են: Նորը ստեղծելու ճանապարհին կարող են սպառվել միջոցները, բայց մարդկային երևակայությունն անսպառ է:

– Ինչպե՞ս եղավ, որ եկաք Հայաստան:

– Ինձ, իհարկե, Վիգենը հրավիրեց այստեղ, և ես տպավորված եմ այս երկրով: Այստեղ արդեն մի քանի օր շարունակ ապրում եմ հարստացնող զգացողությամբ, որովհետև Հայաստանը շատ տարբեր է մնացած բոլոր երկրներից, որտեղ ես արդեն եղել եմ: Գիտե՞ք, մարդիկ այստեղ բոլորովին նման չեն մեզ, այստեղ գրեթե բոլորը թխահեր են ու ցորնագույն մաշկ ունեն: Մեկ-մեկ ինձ թվում է, թե ես միակ այսքան սպիտակամաշկ և բաց մազերով տղամարդն եմ Երևանում: Հետո, աղջիկներն այստեղ շատ գեղեցիկ են: Ինձ զարմացրել են Երևանի մեքենաները: Դրանք այնքան մեծ են… Արդեն համտեսել եմ հայկական համեղ կերակուրներից մի քանիսը՝ լահմաջո, հետո մի կերակուր կերանք՝ այսպես երկար աղացած մսի կտորներ էին…

Hovard-Nvard (5)

– Քաբա՞բ…

– Այո, այո… (Ժպտում է.- Ն.Մ.), շատ համեղ էր: Առհասարակ հայկական կերակուրների համը նկատելիորեն տարբերվում է եվրոպական մթերքների համից, մի տեսակ նատուրալ համ ունի: Ձեզ անպայման ուզում եմ պատմել նաև մի համերգի մասին, որին ես ներկա եղա Վիգենի հետ: Դա հայկական երաժշտական մի խումբ էր, եթե չեմ սխալվում՝ «Վան փրոջեքթ» անունով: Ինձ այնքան դուր եկավ իրենց նվագած երաժշտությունը, որ ես նույնիսկ հուզված դուրս եկա այդ համերգից…

– Լսել եմ՝ Ձեր և Վիգենի մասնակցությամբ էլ համերգ կա Երևանում, չէ՞:

– Այո, ես այստեղ եմ նաև իմ ու Վիգենի համատեղ ձայնասկավառակների ձայնագրման ու համերգի համար: Բարսելոնայում մենք երաժշտական խումբ ունենք՝ «Ֆոլք տրիոն», որի կազմում նվագում ենք հայկական և սկանդինավյան երաժշտություն: Այդ տրիոյի հետ համատեղ՝ մենք մշակել ենք նաև ձեզ ծանոթ՝ «Սարերի հովին մեռնեմ» և «Լուսնյակ գիշեր» կատարումները: Հիմա ահա այստեղ եմ նոր ձայնասկավառակի ձայնագրությունների համար, որ նախատեսում ենք թողարկել 2016 թ.-ին, որտեղ կլինեն հիմնականում հայկական ֆոլք ստեղծագործություններ՝ Վիգենի հետ համատեղ:

– Ինչպես ես հասկացա՝ Ձեր հայաստանյան այցն այնուամենայնիվ կարճատև՞ էր:

– Այո, բայց հավատացեք, այդքան կարճ ժամանակահատվածում այսքան խորապես լինել մի մշակույթի մեջ, որի մասին դու միայն լսել էիր, սա մի զգացողություն է, որ ես բառերով չեմ կարող բացատրել: Ես Հայաստանից մեկնելու եմ շատ հարստացած, և դա հարստության մի տեսակ է, որ քո ներսում է և երբեք չի սպառվելու:

https://www.youtube.com/watch?v=0J0GDMPBPnk

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս