«Այսօր նեղանալ, ըմբոստանալ և հեռանալ երկրից, երբ երկիրը վտանգի մեջ է՝ ամոթ է ու ծիծաղելի». Ռուբեն Գևորգյան

Ռուբեն Գևորգյան Ելույթը ԵԱՄ 4-րդ արտահերթ համագումարի ժամանակ

«Հայրենիքի համար պայքարելը ու մեռնելը ապրելու զգացմունք է, և նման կյանքով ապրեցին իրենց կյանքը հայրենի Արցախին և երկրի սահմաններին նվիրաբերած մեր եղբայրները:

Կյանքը կամովին տալ ազգին՝ մարդկային մի նոր որակ է, և նման որակին դասակարգվելու համար ամեն ոք պետք է կարողանա ինքն իրեն հաղթել, մահվանը հաղթել, սիրել երկրին և ժողովրդին այնպես, ինչպես կարող է սիրել իր ծնողին կամ թե զավակին:

Հայրենիքի համար զոհված և հրաշքով կենդանի մնացած այստեղ ներկա և ոչ ներկա մեր ազատամարտիկ եղբայրները հայ ժողովրդի կյանքով և հայրենիքի ճակատագրով ապրածներ են, որոնք իրենց ապրածի հաղթական ոգու գոյությամբ սերունդների մեջ կերտելու են ազգային ճակատագրի մի դրսևորում, որը վեհացնելու է նույնիսկ ամենագետնամաց ժամանակը:

Այսօրվա ժամանակը ու Արցախյան պատերազմը ունեն մեր պայքարի կնիքը, և մեր անցած ճանապարհն ու գիտակցությունը չափազանց ուսանելի պետք է դառնա բոլորի համար, այսինքն ՝ մենք ուրիշ կյանք չենք ունեցել, երբ վտանգվել է մեր հողը և այսօր էլ առավել ոչ մի հարց չպետք է ունենանք երկրի ներսում, երբ այս պահին ներ ենք քաշված պատերազմի մեջ:

Այսօր ամենակարևոր խնդիրն Արցախի անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության խնդիրն է, որն իր բնույթով արյան խնդիր է:

Երկրում արձանագրվող սոցիալական ամենածանր փաստը, հացի խնդրի հետ կապված ամենադառը իրողությունն էլ մեր ժողովրդի արյան դաշտից դուրս հասկացություններ են: Հասկանալ է պետք, որ հայրենի հողն արյուն է և հայ ժողովուրդը միայն իր միասնականությամբ կարող է հանդիսանալ նմանատիպ արյան արժեքը պահպանող մեծագույն արժեք:

Երկրում տիրող ամենադժվարին կացությունն էլ չպետք է դառնա պատճառ շեղվելու արյան այդ գիտակցությունից:

Հայրենասիրություն չի նշանակում միայն պիտի սիրել իր հայրենիքը, դա անհամեմատ ավելի բարդ բան է, դա հայրենիքից իր անբաժանելիության գիտակցումն է, երջանիկ ու դժբախտ օրերը նրա հետ անբաժանելիորեն վերապրելը:

Այսօր նեղանալ, ըմբոստանալ և հեռանալ երկրից, երբ երկիրը վտանգի մեջ է՝ ամոթ է ու ծիծաղելի: Ի վերջո, հայրենիքը նեղանալու իրավունք ունի մեզանից մեր կիսատ թողած գործերի համար:

Այսօր մենք մեր թափված արյունը պիտի արժևորենք: Պահն է արժևորելու ազատագրականի ճիգն ու զոհողությունները և հիմնովին իմաստավորելու հազար ու մի զրկանքներ կրած հայ ժողովրդի գործը: Գործ, որը նույն ժողովրդի հոգեկան բարձր կարողությամբ է եղել պայմանավորված, պայքար, որը անկախության պայքար էր, ներկա սերունդների իրավունք մեր նախնիների թողած ժառանգությունը ստանալու:

Ուստի, երկրի սահմաններում տիրող այս լարված իրավիճակում, երբ երկիրը ներ է քաշված պատերազմի մեջ, բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կխաթարեն երկրի ներքաղաքական անդորրը և իրենց գործողություններով երկրում կստեղծեն անհամերաշխ մթնոլորտ, և պառակտված հասարակություն, խստորեն դատապարտելի են:

Դատապարտելի է նաև Վաշինգտոնում ՄԱԿ-ի ամբիոնից մեծ տերությունների շրջանակներում մեր երկրի նախագահի ունեցած ելույթին ազգովի տեր չկանգնելը, որը պատերազմում հաղթանակած և արյամբ ընդգծված սահման ունեցող երկրի ղեկավարի խոսք էր և դիրքորոշում ուղղված ընդդեմ թշնամի Ադրբեջանի:

Երկրի նախագահի ելույթում պարզ ասվեց թշնամու կողմից նետված պատերազմի ձեռնոցը ընդունելու և նրան պատժելու մեր երկրի պատրաստակամությունը:

Երկրի նախագահի, ինչպես նաև Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը, դա իր ժողովրդի խոսքն էր, և այսօր ազգովի չլինել նրա կողքին, կնշանակի ասված խոսքը թողնում ենք անտեր, այսինքն՝ ունենում ենք պարտված խոսք, իսկ պարտված խոսքի դեպքում՝ պարտված պատերազմ և պարտված ժողովուրդ:

Այսօր մեր երկրի համար ամենահուսալի ուժը մենք պիտի լինենք մեր հավաքականությամբ, ազատամարտիկի անկոտրուն ոգով և մեր մարտունակ բանակով:

Ցավալին այն է, որ շատեր, անկախության լեզուն չհասկանալով, առանց պատերազմի գորշությունն իրենց ընտանիքներում տեսնելու և սեփական մարմնի վրա զգալու՝ երկրում տիրող հարաբերական խաղաղության ողջ ընթացքում քաղաքական շապիկ հագած, առաջնորդի կեցվածք ընդունելով փորձում են ժխտել ազատագրական պայքարի արժեքները կրող երկրի ճակատագրողների դերն ու նշանակությունը:

Հենց այդ շատերն էլ պիտի հասկանան, որ անհատներ և առաջնորդներ ծնվում են երկրին սպասվող վտանգների ժամանակ և հայրենիքի համար զոհվելու պատրաստակամության դաշտում, և ոչ թե հանրահավաքների բեմահարթակներում, կամ թե դոլարի կանաչ ֆոնի վրա:

Եվ թող կայանալու ու առաջնորդի ձգտում ունեցողները իմանան, որ արագ կայացման համար ամենանպաստավոր վայրերը մեր զոհված եղբայրների թափված արյամբ սնված սահմանային դաշտերն են, որտեղ կանաչն ավելի վառ ու արժևորված է, քանի որ նրանում խոսում է մեր զոհված եղբայրների արյան գույնն ու ոգու նկարագիրը:

Ցավալի է, որ պատերազմի բովով անցած մեր ժողովուրդը լիարժեք չգիտակցեց, որ չկա դիմադիր կամ ընդդիմադիր հայ մարդ, կա միայն ամբողջական մի հայ ժողովուրդ, որի մեջ հայրենիքը պետք է ընկալվի որպես արժեքների հավերժության և հավատի գլխավոր պայման:

Ի վերջո, ամեն ազգ իր ճակատագիրն ունի և ապրում է իր ճակատագրով: Մեզ մոտ ամեն ինչ միանգամից չի կարող լինել: Մինչ բարեկեցիկ կյանքով ապրելը, մենք դեռ առավել բարդ խնդիրներ ունենք լուծելու թշնամիներով շրջապատված այս տարածաշրջանում:

Առաջնայինը պետք է ունենալ հող հայրենի, այն էլ պաշտպանված, ինչի վրա որ հնարավոր կլինի վստահ ու անվտանգ կառուցել բարեկեցիկ կյանք: Ուստի, բոլորս պիտի գիտակցենք, որ հայրենի հողի համար մղվող պայքարն ու ժողովրդի հավաքական լինելու փաստն է, որ պիտի հանդիսանա մեր երկրի և ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի դրսևորում:

Դեռ 25 տարեկան չկանք, իսկ անկախացած պետության համար դա սաղմնային վիճակ է: Այսօր ըմբոստանալ ոչ բարեկեցության համար և վիժեցնել այն ամենը ինչ որ ձեռք ենք բերել այդ սաղմնային վիճակում, Աստված չի ների մեզ:

Չպետք է մոռանանք, որ երբ թշնամիներով շրջապատված պատերազմող ժողովուրդը սոցիալական խնդիրները երկրում դարձրել է գերխնդիր՝ միշտ էլ պատմությանը թողել է ողբերգական կենսագրություն և կորցրած ժամանակ:

Չպետք է կրկնենք անհամերաշխ անցյալի պատմությունը և երկրի ճակատագրին վերաբերվող ամեն մի հարցին պետք է մոտենանք այն դաշտից, որտեղ ցավ է եղել հայրենի երկրի և ժողովրդի կորուստն ու ճակատագիրը:

Այսօր հարկավոր է հացից այն կողմ նայել, բոլորից առավել հայրենի հողի և ազգի արժանապատվության խնդիրներն են:

Ժխտելի չէ, որ ազատամարտիկների մի զգալի շերտ սոցիալական վատ վիճակում է գտնվում, բայց երկրի սահմանների այս լարված իրավիճակում իրենց ընտանիքներին վերաբերող բոլոր խնդիրներից առավել առաջնայինը դասում են սեփական երկրի և ժողովրդի արժանապատվության խնդիրը: Եվ երկրի օրահաս պահին պատրաստ են մեկնել սահման, լինել մեր դիրքապահ զինվորի կողքին և մարտնչել ընդդեմ թշնամու:

Նման հոգեկերտվածք ունեցող նվիրյալները պետք է միշտ լինեն պետության ուշադրության կենտրոնում, քանի որ կյանքը հայրենիքին նվիրաբերած տղեքը իրենց ընտանիքներով մեր հասարակության մեջ մի նոր որակ են կազմում և նրանք են, որ առավել հպարտ ու արժանապատիվ ապրելու իրավունք ունեն իրենց իսկ արյամբ հաղթանակած մեր անկախ երկրում:

Այսօր հարկավոր է ներքաղաքական բոլոր խմորումներից ձերբազատվել և գիտակցել, որ սոցիալական ամենալուրջ խնդիրներից առավել կա հողի խնդիր: Գալիք սերունդները ժամանակի ապրողներիս չեն դատապարտելու ինչ որ մեկի պապի սոված մեռնելու համար, այլ դատապարտելու են պարտված պատերազմի և սրից զոհված մեկ այլ պապի ժառանգություն թողած հողի կորստի համար:

Այսօր ոչ միայն թշնամուն, այլ ողջ աշխարհին պիտի հասկացնենք, որ երկրի ամենադժվարին ժամանակներում էլ մենք պատրաստ ենք ապավինելու մեր սեփական ուժերին, չհաշտվելով Արցախյան հիմնահարցի կարգավորման այն տարբերակին, որը մեզ համար կբերի սեփական հողի կորստին:

Ահա հայ մարդու վերջնական կենսագրությունը և նրա կյանքի ամենաբուռն ու որոշիչ հանդիսացող մահվան ձևն ու նպատակը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի պատերազմ վերսկսելու հայտարարություններին, կասենք, որ այդ տեսակը զուրկ է այն գիտակցումից, որ ժողովրդների մեծությունն ու հզորությունը չի չափվում նրանց թվաքանակով կամ երկրի ունեցած ռեսուրսներով: Հակամարտությունների դաշտում գործում է 2 ժողովուրդների ոգեղեն և ոչ ոգեղեն լինելու գործոնը:

Ադրբեջան տեսակը, որը վերջերս է ի հայտ եկել այլ ժողովուրդներից քերվելով, ամեն ինչ ստացել է նրանցից, բացի ոգուց, իսկ ոչ ոգեղեն ժողովուրդները իրենց գոյավորման ճանապարհին կաթվածահար են լինում, որովհետև պատերազմները ժողովուրդների ոգու բարձր կարողությամբ է պայմանավորված:

Հայրենիքի պաշտպանության խնդիրն ամեն մի հայի համար պիտի լինի էության պահանջ: Հարկավոր է լինել միասնական՝ լինել պետության կողքին և մեր պետության ճակատագրին վերաբերվող ամեն մի հարցում նրան դարձնել անխոցելի:

Երկրի ճակատագրին վերաբերվող կարևորագույն խնդիրներից է Սահմանադրության բարեփոխումների հետ կապված խնդիրները, որի մասին համագումարում ԵԱՄ-ը հանդես կգա իր հայտարարությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս