«Տանը, որտեղ վնասազերծվել է հանցավոր խումբը, ապրել են հայրենադարձներ». բնակիչ

Նորք-Մարաշի 9-րդ փողոցը, որտեղ ԱԱԾ-ն վնասազերծել է զինված մարդկանց, դեռևս ամբողջությամբ փակ է, երթևեկությունը դադարեցված է. դեպքի վայրը շրջափակված է ոստիկաններով, որոնք արգելում են մտնել այնտեղ:

168.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը, ով իր պնդմամբ՝ այդ տարածքում է բնակվում, հայտարարել է, որ տանը, որտեղ վնասազերծվել է հանցավոր խումբը, ապրել են հայրենադարձներ: Բնակիչներից մեկի պնդմամբ էլ՝ առհասարակ փողոցը շատ հանգիստ է եղել, և չի հիշում, որ վերջին շրջանում ոստիկաններ եղած լինեն:

Հիշեցնենք, որ քիչ առաջ մեր թղթակցի հետ զրույցում բնակիչներից պատմել էին, որ լուսադեմին, ժամը 5:30-06:00-ի սահմաններում ձայներ են լսվել, սակայն նա մտածել է, թե հրավառություն է, մյուս բնակիչն էլ ասել է, որ իրեն թվացել է, թե գազի արտահոսքից ինչ-որ պայթյուն է եղել, սակայն պատուհանից նայել է և ոչինչ չի տեսել:

Ի դեպ, քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդագրություն էին տարածել , որում ասվում էր, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան՝ ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս