«Երբեք այնքան հեռու չենք եղել ԼՂ հակամարտության կարգավորման որևէ գործընթաց քննարկելուց, որքան հիմա». Դավիթ Շահնազարյան

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեկ խնդիր են դրել»,- այս մասին այսօր «Արցախյան հիմնահարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Նա նշեց, որ Ադրբեջանը վերջին տարիներին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հետևյալ դիրքորոշումն է որդեգրել. «Միջազգային հանրությունը պետք է մեզ վերադարձնի այն, ինչ մենք կորցրել ենք մեր իսկ սկսած պատերազմի արդյունքում»:

Ըստ Շահնազարյանի, եթե ուշադրություն դարձնեք նրանց պաշտոնական հայտարարություններում շատ քիչ է ասվում ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին, խոսվում է օկուպացված տարածքների վերադարձի մասին, քանի որ կարգավորում ասելով նրանք դա են ընկալում: Քաղաքական գործիչը ներկայացրեց ՀՀ պաշտոնական դիքորոշումը ևս. ՀՀ-ն համաձայն է այն երեք միջազգային սկզբունքներին և վեց տարրերին կարգավորման, որոնք ներկայացվել են միջազգային միջնորդների կողմից: Շահնազարյանի կարծիքով` լուրջ փոփոխություն տեղի է ունեցել Ադրբեջանի կեցվածքում 2012թ., ավելի կոնկրետ Ռամիլ Սաֆարովի գործից սկսած, երբ Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ կարողացավ ապահովել Սաֆարովի էքստրադիցիան Հունգարիայից, բայց հարցը ոչ այնքան էքստրադցիցիան և նրան ներում շնորհելն էր, այլ հերոսացումը, որը պետական քաղաքականություն էր և մինչ այսօր շարունակվում է:

«Հակահայկականությամբ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը փորձում է ադրբեջանական ազգային ինքնագիտակցության հիմքը ստեղծել: Սա արդեն հետևողական քաղաքականություն է, որն իրականացվում է: Այսինքն` եթե դու ադրբեջանցի ես, պետք է ավտոմատ կերպով լինես հակահայ, ոչ թե հակահայաստանյան կամ հակաղարաբաղյան, այլ հակահայ ամբողջ աշխարհում: Ադրբեջանի այս սանձազերծ պահվածքը ես ուղղակիորեն կապում եմ Ռուսաստանի հետ նրա հարաբերություններով և զենքի վաճառքով:

Կարդացեք նաև

Ռուսաստանը զինում է Ադրբեջանին և այդ գործարքների արդյունքում խապտվել է ռազմական հավասարակշռությունը կողմերի միջև: Այդ խախտումն ի օգուտ Ադրբեջանի բավարար հիմք չի տալիս Ադրբեջանին լուրջ հույսեր ունենալ ռազմական հաջողության հասնելու համար: Եկեք հիշենք, երբ Խորհրդային միությունը փլուզվեց, Ադրբեջանը հինգ անգամ ավելի սպառազինություն ստացավ, քան Հայաստանը: Կարգավորման մասին լրջորեն խոսելու հիմքեր չկան ոչ միայն կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով, այլ այն շատ պարզ պատճառով, որ ենթադրենք ֆանտաստիկ մի իրավիճակ, երբ կողմերը համաձայնել են խաղաղ կարգավորման ինչ որ ծրագրի, այսօր միջազգային հանրությունը չի կարող երաշխիք տալ այդ ծրագրի իրականացման համար, աշխարհաքաղաքական վիճակի սրումը հասել է մի իրավիճակի, երբ միջազգային բավարար երաշխիքներ լինել հիմա չեն կարող, երբ միջազգային իրավունքը չի գործում հատկապես այս տարածաշրջանում:

Իմ գնահատմամբ, այս քսան տարիների ընթացքում երբեք այնքան հեռու չենք եղել կարգավորման որևէ գործընթաց քննարկելուց, որքան հիմա: Ուստի համանախագահողները հիմա մեկ խնդիր են դրել հակամարտության կառավարման վրա ազդեցություն ունենալ»,- մեկնաբանեց Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս