Բաժիններ՝

«Մարդիկ պարա՞պ են, գնան ԴԱՀԿ, ԴԱՀԿ-ից` բանկ, բանկից` ԴԱՀԿ. Կարելի՞ է մարդկանց այդքան նվաստացնել»

Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը

– Երթևեկության խախտումների հետ կապված վարչական տուգանքները նվազեցնելու, պատասխանատվությունը մեղմելու մասին շատ է խոսվում, սակայն այդպես է, իրավիճակը չի փոխվում։

– Եթե օրական 20.000 ծանուցում է ուղարկվում ՀՀ քաղաքացիներին, տարեկան ՀՀ բնակչության քանակով վարչական տույժերի են ենթարկվում, և միլիոնավոր գումարներ են բռնագանձվում, միայն այս տվյալները բավարար է` ասելու, որ մենք ունենք մարդու իրավունքների զանգվածային խախտում։ Այսինքն` միայն այդ ծավալը, որ իրացվում է ԴԱՀԿ-ի կողմից, նրանք, ուզեն թե չուզեն` կազմակերպված լինեն, լավ աշխատեն, միևնույն է` այդ ծավալի արդյունքում մարդու իրավունքները կարող է խախտվել և խախտվում են։ Դրա համար ես առաջարկում եմ դատական ընթացակարգ սահմանել։ Չի կարող դատարանը 2 անգամ ակտ կայացնել, իսկ այսօր ԴԱՀԿ-ն երկու անգամ ակտ կայացնում է։

Մարդիկ պարա՞պ են, գնան ԴԱՀԿ, ԴԱՀԿ-ից` բանկ, բանկից` ԴԱՀԿ։ Կարելի՞ է մարդկանց այդքան նվաստացնել։ Ոչ մեկը չի ասում, որ կարելի է խախտումներ անել, ես դրա ջատագովը չեմ։ Ես ասում եմ` մարդկանց արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների հնարավորություն տվեք, որոնք այս հարցով հազար ու մի խնդիր կլուծեն։ Իրենք ասում են` եկեք այս մեծ խնդիրը թողնենք, գնանք մանր խնդիրները լուծենք, բայց մանրները չես կարող լուծել` առանց մեծի։ Մինչև դատական ընթացակարգ չլինի, հնարավոր չէ այդ ծանուցման համակարգն ուղղել, ԴԱՀԿ-ն չի կարող այնպես անել, որ տուգանքը 2 անգամ չուղարկի, հաշվին 5 անգամ կալանք չդնի։ Չի ստացվում, 2 տարի փորձել են, չի ստացվում։

Կարդացեք նաև

– Այդ դեպքում դատարանների գերծանրաբեռնվածության հարցն ինչպե՞ս պետք է կարգավորվի։

– Դատավորների թիվն ավելացվում է և կարող է ավելի շատ ավելացվել։ Կարծում եմ` պետք է նույն վարչական մարմինները կրճատվեն` ԴԱՀԿ-ն, մյուս հարյուրավորները… նրանց փոխարեն` պետք է դատավորների թիվն ավելացվի։ Վերջիվերջո, իշխանության 3 ճյուղերը` օրենսդիր, գործադիր և դատական, ինչի՞ համար են։ Որպեսզի մեր քաղաքացին իրեն պաշտպանված զգա, զգա, որ փոխզսպում և հավասարակշռում կա։ Զգա, որ մի մարմինը մյուսի հետ կապված վեճ է լուծում։ Սա չկա, մենք չենք զգում։

Ինչի՞ համար են մեր դատարանները, ինչի՞ համար ենք կես միլիոն դրամով աշխատավարձեր տալիս դատավորներին։ Ավելացնենք դատավորների թիվը, թող լսեն էդ գործերը։ Ընթացակարգերը փոխենք, հեշտացնենք, բայց անպայման դատարանները լսեն, այլ տարբերակ չկա։ Այս հարցը չի լուծվելու` մինչև չգնա դատական ընթացակարգ։ Մի տարբերակը հետևյալն է, որ ընդհանրապես հանեն այդ տեսախցիկները, և մնա առաջվա համակարգը, որը չեն անի, կամ 2-րդ տարբերակը` գործերը գնան դատարաններ։ Մեկ այլ նախագծով, որը դեռ չի քննարկվել, առաջարկում եմ տուգանքներն ընդհանրապես 50%-ով կրճատել։ Ժամանակը կգա, դա էլ կքննարկենք, տեսնենք` ինչ ճակատագրի կարժանանա։

– Կան վարորդները, օրինակ` տաքսի ծառայությունների վարորդները, որոնց տուգանքները միլիոնների են հասել, և չեն վճարել։ Նրանց վիճակն ի՞նչ է լինելու։

– Այո, շատերը ծրարների «սարեր» ունեն։ Մարդիկ ոչ մի բան չունեն բռնագանձելու, շարունակում են վարել մեքենաներ, բայց դրա դեմն էլ մի օր կբերեն, ինչ-որ ձևով կառնեն։

– Վարորդները նույնիսկ ասում են` գիտենալով անգամ` ստիպված խախտում են անում։

– Այո, տեղեր կան, որտեղ խախտում չանել հնարավոր չէ, որովհետև ընդհանրապես այդ կանոններն այնպես են գրված, որ վարորդներն անընդհատ խախտում անեն։ Դա էլ այլ հարց է։ Այսինքն` այստեղ համակարգային խնդիր կա։ Եվ պետությունը չի կարող լեգիտիմ նպատակ հետապնդել` բոլոր վարչական զանցանք թույլ տվածներին բռնել, արձանագրել և տուգանել։

Չկա նման լեգիտիմ նպատակ։ Կա նպատակ` կանխարգելելու խախտումները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս համակարգերը ներդնելուց որևէ դրական տեղաշարժ չի եղել, բացի միլիարդավոր գումարներ բռնագանձելուց։ Ո՛չ վթարների թիվն է նվազել, ո՛չ մահերի թիվն է նվազել, ո՛չ վիրավորներն են նվազել, ո՛չ խախտումները, ո՛չ ջարդված ավտոմեքենաները, ո՛չ մի բան չի նվազել։ Ընդհակառակը` ավելացել է, և մենք լարված երթևեկություն ունենք։ Բայց իմ նախագիծը, ի տարբերություն իմ մյուս գործընկերների նախագծերի, շատ մեծ է և առաջարկում է մյուս վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունը նույնպես տանել դատական ընթացակարգերով։ Չի խոսվում, որ հարկայինն ու մաքսայինն էլ են մարդկանց տուգանում։

Եվ դրանք էլ դատական ընթացակարգով չեն գնում։ Իմ փաթեթն ամբողջ համակարգը բերում է դատական համակարգ և լուծում է ամբողջական խնդիրը, ոչ թե հատային լուծում տալիս։ Դա, իհարկե, ամենաշատն է զգում բնակչությունը, որովհետև հիմա հազարավոր մարդիկ մեքենաներ ունեն։ Բայց պետք է դիտարկել, որ ՏԻՄ մարմիններն էլ ունեն վարչական հանձնաժողովներ, և նրանք էլ են տուգանում ու չեն գնում դատարան։ Այսինքն` ես համակարգային լուծում եմ առաջարկում` մեծ փաթեթով, որը մերժվեց։

– Երթևեկության պայմանները, գծանշումները, տեսանկարահանող սարքերի դիրքն ու տեղը, կամ երթևեկության նշանները շատ դեպքերում ծառերի ետևում են ու տեսանելի չեն վարորդներին։ Ուստի շատերի մոտ տպավորություն է, թե նման խիստ պատիժներով փորձում են ընդամենը բյուջեն լցնելու խնդիրը լուծել։ Համամի՞տ եք։

– Ոչ թե տպավորություն է, այլ դա միտումնավոր հենց այդպես էլ արվել է։ Ոչ թե մենք պետք է գնանք, ծառը կտրենք, որ նշանը երևա, այլ պետք է դատական ընթացակարգ սահմանենք, որ դատարանը քննի ու պարզի, թե նշանը որտեղ է եղել, ու անվավեր ճանաչի ակտը։

– Բայց իշխանության ներկայացուցիչների գնահատմամբ` Ձեր առաջարկած փաթեթը պոպուլիզմ է։

– Փաթեթն ուղղված է միլիոնավոր մարդկանց իրավունքների պաշտպանությանը։ Ես որևէ քաղաքական հռետորաբանություն չեմ կիրառում, որ դա դառնա պոպուլիզմ, խնդրի զուտ իրավական հատվածի վրա եմ կենտրոնացել։ Եթե ես դա քաղաքականացնեմ, ասեմ` էս հանցագործ իշխանությունները կեղեքում են ժողովրդին, և այլն, միգուցե ասեն` դա պոպուլիստական մոտեցում է, բայց ես միայն իրավական հռետորաբանություն եմ օգտագործել ու միայն իրավական բառապաշար, որ այն զերծ լինի քաղաքական շահարկումներից, որովհետև ինձ վերջնարդյունքն է հետաքրքիր, ոչ թե իմ PR-ը։ Ինձ հետաքրքիր է, որ այս խնդիրը լուծվի վերջապես, և մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանված լինեն, ես օրական հարյուրավոր նամակներ չստանամ։

– Կուտակվող սոցիալական բողոքը, ի վերջո, ի՞նչ կերպ կարտահայտվի։

– Մարդկանց սոցիալական բունտը Հայաստանում մի ձևով է արտահայտվում` արտագաղթով։ Երբ մարդիկ պնդում են, թե Հայաստանում չկա կամ չի կարող լինել սոցիալական բունտ, դա անհիմն փաստարկ է։ Բունտ լինում է, ուղղակի Հայաստանում բունտը ոչ թե` ինչ-որ ցույցերի, մեծ գործադուլների է վերածվում, այլ մարդիկ արտագաղթում են, որն ամենավատ, ծայրահեղ վատ բան է։ Ավելի լավ է` ցույցեր անեին, բայց մնային երկրում։ Մենք լուրջ խնդիր ունենք` մարդկանց ենք կորցնում, որն ամենալուրջ խնդիրն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս