Աշխարհի ամենատարեց հայը

Բյուջեի քննարկումները տարօրինակ մեկնաբանությունների արժանացան։ Տնտեսական իրավիճակի բյուջետային գնահատականն անսպասելի էր անգամ իշխող կուսակցության պատգամավորների ու փորձագետների համար։ Կրճատվում է ամեն ինչ։ Կրճատվում է` տարին տարվա վրա տնտեսական աճ արձանագրվող վիճակագրական տվյալների ֆոնին։ Ու հանկարծ պարզվում է, որ բյուջետային մուտքերը կտրուկ նվազել են։ Նույնիսկ հատուկ ընդգծվեց, որ նվազել են շաքարավազի և ձեթի ներմուծման ժամանակ գանձվող մուտքերը։
Հրապարակված թվերը պակաս արժանահավատ են, քան բարոն Մյունհաուզենի պատմությունները։

Ձեթի ներմուծումն իբր կրճատվել է 90-ից ավելի տոկոսով` նախորդ տարվա համեմատ։ Իսկ շաքարավազինը` 40 տոկոսով։ Պաշտոնական տվյալներով, նվազել են դրամական փոխանցում-տրանսֆերտները։ Արդեն ամփոփվել են այս տարվա առաջին ինն ամիսների տվյալները։ Մեր արտագնա աշխատուժն ու հարազատ-բարեկամները 426 մլն դոլար պակաս են փող փոխանցել, քան անցյալ տարի։ Իսկ դա հնարավորություն է տալիս ասելու, որ տրանսֆերտները կրճատվել են մեկ երրորդի չափով։ Հայտնի է, որ փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է։ Ուստի հենց ռուսական տնտեսության անկումով էլ բացատրվում է ամեն ինչ։ Իբր մենք ոչ մի մեղք չունենք։ Համաշխարհային գործընթացներն են մեղավոր։ Բայց անգամ մեր` աշխարհի ամենալավատես վիճակագիրներն են տխուր փաստեր հրապարակում։ Օրինակ, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր երկրում մանրածախ առևտուրը կրճատվել է 40 մլրդ դրամով։ Դա, իհարկե, շատ չէ։ Խոսքն ընդամենը չորս տոկոսի մասին է։

Բայց որևէ մեկը կհիշի՞, որ մեր պաշտոնական վիճակագրությունը, շինարարության ծավալներից բացի, կրճատման ուրիշ փաստ հրապարակած լինի։ (Չհավատանք այս պաշտոնական թվին` որ ի՞նչ անենք, ի վերջո, հասարակությունն իրեն չի կարող թույլ տալ ալտերնատիվ վիճակագրական ծառայություն պահել)։ Բայց անկման պաշտոնական հիմնավորումն է անզուգական։ Անզուգական, անսպասելի ու անհավատալի։

Պարզվում է` պատճառը բնակչության վճարունակության անկումն է, որն էլ իր հերթին` բացատրվում է տրանսֆերտ-փոխանցումների կրճատումով։ Դրա պատճառն էլ ռուսական տնտեսության հետ կատարվածն է։ Հետևաբար` մենք չենք մեղավորը, այլ համաշխարհայինգ Նույնիսկ նշվում է, որ մանրածախ առևտրի կրճատման փաստն արձանագրելով` գործարարները կրճատել են ներմուծումները։ Անցած տարվա համեմատությամբ ապրանքային պահուստները կրճատվել են 10 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրությանը ծանոթացողներն ու տնտեսական իշխանությունների բացատրությունները լսողները վստահաբար կպնդեն, որ նրանք մնացել են Գյուլնազ տատի հեքիաթների տակ։ Նրանց, բնականաբար, չեն զիջում նաև քաղաքական գործիչները, ովքեր շուտասելուկի նման կրկնում են պաշտոնական տնտեսագետների կարծիքները։ Սեփական վերլուծություն չկա։ Նույնիսկ ընդդիմադիր քաղաքական գործիչները հակված են հայտարարելու, որ տնտեսական ցուցանիշների անկումն ընդամենը ստվերային տնտեսության ծավալների ընդլայնման հետևանք է։

Սա` այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրությունն է այս կամ այն կերպ ընդունում արտագաղթի փաստը։ Մի քանի տարի անընդմեջ արտագաղթի տարեկան ծավալները համարյա համադրելի են Կապան քաղաքի բնակչության պաշտոնական թվին, բայց ոչ ոք մանրածախ առևտրի, ներմուծվող ապրանքների, սպառման ծավալների կրճատումը չի դիտարկում բնակչության քանակի նվազման տեսանկյունից։ Մինչդեռ գործընթացները վաղուց էին սկսվել։ Դեռ 5-6 տարի առաջ բոլոր ոլորտներում գրանցված գնաճն արտագաղթի խթանման պատճառ դարձավ։ Արտագնա աշխատուժը համոզվեց, որ ընտանիքը Հայաստանում թողնելն ավելի ծախսատար է։ Հաշվեց, համոզվեց ու ընտանիքը տեղափոխեց Ռուսաստան։ Միանգամայն հասկանալի է, թե ինչու իշխանություններն ու իշխանամետ փորձագետները տնտեսական գործընթացները չեն վերլուծում բնակչության թվի նվազման տեսանկյունից։

Առջևում հանրաքվեն է։ Հանրաքվեին ընտրություններ են հաջորդելու։ Բնակչության իրական քանակը ճշտելը ձեռնտու չէ։ Դա կարող է հանգեցնել ընտրացուցակների ճշգրտման։ Իսկ առանց արտագաղթած ընտրողների ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը մեր քաղաքական իշխանությունների ճաշակով չէ։ Խեղճ Ոստիկանությունն իզուր չէ, որ պարբերաբար բացատրում է, որ ընտրացուցակներն այդ պատվավոր ընտրողներից բեռնաթափելու իրավական որևէ հիմք չունի։

Այդ անաղուհացակեր լրագրողները քչփորեցին ընտրացուցակներն ու գտան երկրագնդի վրա ապրող ամենատարեց մարդուն։ Նաիվ աշխարհը կարծում էր, որ ամենաերկարակյաց մարդը ծնվել է 1899թ.։ Բայց մեր ընտրացուցակներում կա 1895թ. ծնված ընտրող։

Տրամաբանությունը, հարկավ, հուշում է, որ մարդը վաղուց արտագաղթել ու մահացել է արտերկրում։ Բայց հո տրամաբանությունը մարդուն ընտրացուցակներից հանելու իրավական հիմք չե՞ս համարի։ Կենսաթոշակային հիմնադրամի ղեկավարությունն էլ հավանաբար կիսում է այս կարծիքը։ Բոլոր դեպքերում, հիմնադրամի նախորդ ղեկավարության մասին դա հավաստող դատական վճիռ կա։

Տեսանյութեր

Լրահոս