Մեր ՀՀ գործընկերների հետ մենաշնորհների վերահսկման ուղղությամբ ենք աշխատելու. Դեսպան Միլս

«Մենաշնորհները մտահոգության առարկա են»,- այս մասին այսօր ԱՄՆ առաքելության արտաքին քաղաքական առաջնահերթություններին նվիրված իր ելույթում ասաց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ում հայաստանյան առաքելության ինն ամիսն է լրանում այս շաբաթ: Նա իր ծավալուն ելույթում անդրադարձավ հայաստանյան կյանքի որակին, որը փոխվել է Անկախացումից հետ, ձեռքբերումներին, լճացած ոլորտներին, փակ սահմաններին:

Ըստ նրա՝ ցավալի է, ԼՂ հակամարտությունը դեռ չի կարգավորվել: Նա նշեց, որ ԼՂ-ի հետ կապված ԱՄՆ-ի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ բանակցային կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությամբ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, ըստ դեսպանի, իրենք երկու կողմերին հորդորում են հաշտեցման հարաբերությունների կարգավորման ջանքերի համար բաց մնալ, քանզի դա կնպաստի կայունությանն ու բարեկեցությանը տարածաշրջանում և օգուտներ կբերի երկու երկրներին:

«Նախքան Երևան ուղևորվելս նախագահ Օբաման և պետքարտուղար Քերին ինձ հետևյալ ուղերձը փոխանցեցին. Հայաստանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների կառավարության գլխավոր նպատակը ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ և հարևանների հետ խաղաղ համագոյակցող Հայաստանն է»,- ասաց նա:

Դեսպանն ասաց, որ իր հիմնական գերակայությունը գործարար և առևտրային հարաբերությունների խորացումն է երկու երկրների միջև, ներդրումների խթանումը:

Կարդացեք նաև

Միլսը կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարը, որը կօգնի ապահովել բիզնեսի կանխատեսելիությունը, թափանցիկությունը: Դեսպանն, ըստ էության, անդրադարձավ հայ-ամերիկյան հմագործակցության բոլոր ոլորտներին: Միլսն ասաց նաև, որ պետք է անի հնարավորը՝ ամերիկյան քաղաքականությունը Հայաստանին ներկայացնելու համար, քանի որ, նրա գնահատմամբ, կա դրա պահանջը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց նաև ՌԴ-ի ու Իրանի հետ հարաբերությունների մասին՝ ասելով, որ սուր տարաձայնությունների պայմաններում նույնիսկ կարողացել են փնտրել ու գտնել հարաբերություններ այլ հարցերի շուրջ, ինչպես Իրանն է և ԵԱՀԿ ՄԽ-ն, որի շրջանակում համանախագահներն աշխատում են: Նա նաև ասաց, որ հասկանում են, որ կան հայ-ռուսական ամուր կապեր պայմանավորված մի շարք հանգամանքներով:

Պատասխանելով լրագրողների հարցին Հայաստանում առկա մենաշնորհային համակարգի մասին՝ դեսպանն ասաց, որ համամիտ է շրջանառվող մտահոգությունների հետ երկրում մոնոպոլիզացիայի մակարդակի վերաբերյալ: Ըստ նրա՝ թերևս դա, դժբախտաբար, պայմանավորված է նրանով, որ հայ-թուրքական սահմանը փակ է, սահմանը փակ լինելով տնտեսության համար շուկան է փակ: Նա տեղեկացրեց, որ աշխատելու են շուկան բացելու ուղղությամբ:

«Երբեմն մենք չենք ներկայացնում այն, ինչ դրական է եղել հատկապես կոռուպցիայի հարցերում: Վերջին տասնամյակի ընթացքում ՀՀ կառավարությունը բաց և թափանցիկ լինելու առումով առաջընթաց է գրանցել; Հիմնական ծառայությունների մատուցումը ՀՀ քաղաքացիներին ավելի հասկանալի ձևով է իրականացվում, այժմ մարդիկ գիտեն, շատ մարդկանցից չի պահանջվում, որպեսզի նրանք կաշառք տան ծառայությունների համար, որոնք պետությունը պարտավոր է մատուցել: Մենաշնորհների վերահսկման ուղղությամբ մեր հայ գործընկերների հետ աշխատելու ենք»,- ասաց դեսպան Միլսը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս