
Փորձագետները 90%-ով վստահ են, որ Սինայում կործանված ռուսական ինքնաթիռում պայթյուն է որոտացել. Reuters

Reuters գործակալությունը, հղում կատարելով Սինայի մոտ աղետի ենթարկված ռուսական «Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռի աղետի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի անդամին, հայտնում է, որ հանձնաժողովի փորձագետները 90%-ով վստահ են, որ «սև արկղերի» վերծանման վերջում լսվող կողմնակի աղմուկը եղել է պայթող ռումբի ձայնը:
Շաբաթ օրը հանձնաժողովի ղեկավար Այման ալ-Մուկադամը պաշտոնապես հայտարարել էր մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ «սև արկղի» ձայնագրության վերջին վայրկյաններին լսվել է կողմնակի աղմուկ:
Ընդ որում՝ ալ-Մուկադամը հայտնել էր, որ այդ պահին չի եղել կոնկրետ վարկած, թե ինչ ձայն է ու ինչի պատճառով է կործանվել ռուսական ինքնաթիռը:
«Ձայնագրության վերջին վայրկյաններին անձնակազմի խցիկում աղմուկ է լսվում: Պարզելու, թե որտեղից է գալիս այդ աղմուկը պետք է կիրառվի ազդանշանի սպեկտրալ անալիզ»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ ռուսական Airbus A321-ը կործանվել էր Եգիպտոսի Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին:
Զոհվել էր 224 մարդ: