«Պետք է ոչ թե զարմանալ, այլ` նախօրոք աշխատել». Լարիսա Ալավերդյանը՝ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցի մասին
«Եվրոպայի խորհուրդը այսօր չէ, որ այդ տեսակի է ու ունի այդ ուղղությունը»,-այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովն օրերս ընդունեց «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցը, որտեղ է հանձնաժողովը կոչ է անում Հայաստանին հեռացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից:
Լ. Ալավերդյանը նաև նկատեց, որ առաջին տարին չէ, որ մեր ԱԺ-ն գնում է ու մասնակցում է այդ նիստներին, ու կատարվածում ոչ մի նորություն չկա.
«Մենք պետք է վաղուց ունենայինք այն ինստիտուտը, որը նախապատրաստում է և աշխատում է պատգամավորների հետ: Այստեղ հանգամանքները կարծես ամեն անգամ նորություն են դառնում, մենք զարմանում ենք կամ ապշած ենք մնում, դա չի խոսում հօգուտ հայկական կողմի, այդպես էլ չգտան աշխատելու ձևը, որը կոչվում է պառլամենտական դիվանագիտություն։ Պետք է ոչ թե զարմանալ, այլ` նախօրոք աշխատել»:
Ըստ Լ. Ալավերդյանի՝ այս ամենի պատճառը նաև հայկական լոբբիի բացակայությունն է Եվրոպայում.
«Դա կազմակեպված մի ուժ է, դա հաստատություն է, որը գործում է հստակ ձևավորված նորմերով. մենք այդպիսին չունենք Եվոպայում: այսօր պետք է շնորհավորենք, որ ավարտել է իր գործունեությունը ավարտել է Ռոբերտ Ուոլթերը (Ա. Ք. -ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցի հեղինակը), և դա կարելի է ասել ոչ թե «կարապի երգն» է, այլ «ագռավի կռռոցը»»:
Բանախոսի խոսքով՝ Ադրբեջանն աշխատում է սիստեմատիկ, ու կարողանում է իր սուտն առաջ տանել, տարիներ են անցնում, մինչև այդ դաշտում ճշմարտությունները բացահայտվում են. «Քաղաքականությունը պայքար է, որտեղ հայկական կողմը պատշաճ ձևով հանդես չի գալիս»:
Հարցին՝ այդ բանաձևի ընդունումն ինչպե՞ս կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա, Լ. Ալավերդյանն այսպես պատասխանեց.
«Չենք տալու, բայց քաղաքականության մեջ ամեն մի փաստաթուղթ դառնում է փաթեթի ևս մեկ նյութ, որը ծանրակշիռ գործընթացի համար, ծանրակշիռ թուղթ է դառնալու Ադրբեջանի ձեռքում: Ամենավատն այն է, որ մենք ճշմարտութունը չենք կարողանում վեր հանել այդ Արցախի հակամարտության հետ կապված»:
Լ. Ալավերդյանը հրաժարվեց խոսել հայկական պատվիրակության կազմի մասին՝ նշելով, որ այդտեղ էականը ոչ թե առանձին անձինք են, այլ կոնցեպցիան: Ըստ նրա՝ եթե նախօրոք նրանց հետ պատշաճ, ամենօրյա աշխատանք տարվեր, ամեն ինչ այլ կերպ կլիներ: