Ալիևը ՀՀ պատվիրակությանն է՞լ է խավիար տվել
«Ինչո՞ւ են ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներն աշխատում մի կառույցում, որից հետևանքներ չեն սպասում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին իր զարմանքը հայտնեց ԵԽԽՎ նախկին անդամ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ԵԽԽՎ օրակարգ ներառված բանաձևի մասին, որը վերնագրված է «ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է անում Հայաստանին հեռացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից»:
Նա ասաց, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմն ինքնին ասում է, թե ինչպիսի արդյունքներ պետք է սպասել պատվիրակության աշխատանքից: Իրականում, ըստ նրա, ոչինչ պետք չէ սպասել, բացի անկարողությունը: Ավելին Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ նավթադոլարների և խավիարային դիվանագիտության վրա մեղքը գցելը պարզապես այս խայտառակության համար պատասխանատվությունից փախուստ է և պատասխանատվությունը սքողելու ձև: Նրա հավաստիացմամբ` ԵԽԽՎ-ն շատ բարդ մարմին է, հազար տեսակի պատգամավորներ կան, կոռումպացված երկրների պատգամավորներ, նորմալ երկրներից կոռումպացված պատգամավորներ, սակայն նույնիսկ այս իրավիճակում պետք է և հնարավոր է աշխատել, այնինչ պատվիրակությունը ոչինչ չփորձեց անել, բացի մեղադրելը, քննադատելը:«Ինձ համար ցավալի է ԼՂՀ որդեգրած դիրքորոշումը, որն ըստ էության, նախապայման դրեց փոխել զեկույցի վերնագիրը, որից հետո միայն պատրաստակամություն կունենար աշխատելու: Որքան էլ կիսեմ նրանց մոտեցումը, որ պետք էր վերնագրի փոփոխություն, այնուամենայնիվ կարելի էր քննադատել, կարելի էր այդ զեկույցը վատաբանել, երբ նրանք փորձեին հրավիրել, անառարկելի փաստեր ներկայացնել Դիլհամ Ասկերովի, Շահբազ Գուլիևի, Հասան Հասանովի դատավարությունների վերաբերյալ, ապացուցեին, որ այդ մարդիկ դիվերսանտներ են և չի կարող նրանց ազատ արձակելու պահանջ դրվել:
Մենք նրան առիթ տվեցինք չգալու, չեմ կարծում, որ անգլիացի պատգամավորը երազում էր Ղարաբաղ գալ, մենք նրան նվեր մատուցեցինք և նա փաստարկ ունեցավ, որ Ղարաբաղն ապակառուցողական է եղել: Եվրոպայում նրա բացատրություններն ավելի համոզիչ էին ընկալվելու, քան ԼՂՀ մոտեցումները միանշանակորեն, ինչն էլ տեղի ունեցավ»,- նկատեց Սաֆարյանը:
Վերջինս, ունենալով խորհրդարանական դիվանագիտության ոչ կարճաժամկետ փորձառություն, ասաց, որ շատ ավելի վատ պայմաններում է աշխատել և կարողացել լուրջ նախաձեռնություններ կանխել, փոխել զեկույցների տրամաբանություն: «2011թ. Եվրանեսթի ԽՎ Էներգետիկ անվտանգության հանձնաժողովը, որի համանախագահներից մեկն ադրբեջանցի էր, զեկույց պատրաստեց` ներառելով դրանում նաև Հայաստանի ատոմակայանի փակման պահանջ:
Զեկույցը վերաբերում էր ԱլԳ տարածքում էներգետիկ անվտանգության խնդիրներին, որի Հայաստան բաժնում պահանջ էր դրվել, նկատի ունենալով Ֆուկուսիմայի վթարը: Զեկույցը պետք է քննարկվեր և ընդունվեր Բաքվում, որին ես մասնակցեցի և այն 180 աստիճանով շրջվեց, ավելին Բաքվում ընդունվեց փաստաթուղթ, որտեղ ողջունվում էր ՀՀ ատոմակայանի անվտանգ շահագործումը, վեհաժողովը ողջունում էր ՀՀ ատոմակայանի անվտանգ շահագործման միջոցառումները և ավելին դատապարտում էր էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի փակ սահմանների քաղաքականությունը, որը խնդիրներ էր ստեղծում էներգետիկ դաշտում:
Այսինքն` Բաքվում ինձ հաջողվել է ընդունել տալ զեկույց այս բովանդակությամբ, ինչի՞ մասին են իրենք պատմում, ի՞նչ հեքիաթ են պատմում: Նրանք պարզապես փորձում են իրենց ղեկավարության առջև ալիբիներ ստեղծել, բայց, իրականում, խորհրդարանական դիվանագիտության պատմության մեջ կան նման նախադեպեր և Սերժ Սարգսյանն այդ մասին պետք է որ իմանա: Հետևաբար նրանք խաբում են ոչ միայն հասարակությանը, այլև իրենց ղեկավարությանը, որ իրենց «չծեծեն», քանի որ «Ալիևը բոլորին գնել է»: Այնինչ Ալիևը բոլորին չի գնել, նրա հարաբերություններն աշխարհի հետ բարդագույնն են, այս շրջանում կանգնել ասել, որ Ալիևի գումարն աշխատել է եվրոպական կառույցներում, կներեք, մեծագույն անամոթություն է»,- ասաց Սաֆարյանը:
Նրա կարծիքով` պատվիրակության խնդիրը գիտելիքի, պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է: Վերլուծաբանի որակմամբ` նրանք սովոր են խանական ամբիոնների, իսկ ԵԽԽՎ-ն այդ տեղը չէ:
«Մեր պատվիրակությունը միայն ինքնաթիռ է նստում, իջնում, գնում հյուրանոց, մասնակցում այն նիստերին, որոնցում իր խնդիրներին վերաբերող հարց է քննարկվելու և վերջ:
Նայեք ԵԽԽՎ նիստերն ուղիղ հեռարձակմամբ, արդյո՞ք այլ երկրների քննարկումների ժամանակ նստած են, հարց են բարձրացնում, կներեք, գաղտնիք չէ, իրենք են հայտարարել, որ Ադրբեջանին վերաբերող հարցերում իրենք չեն մասնակցել, իսկ Հայաստանին վերաբերող հարցերում` նրանք: Ինչո՞ւ: Ալիևը գնում է, մեր պատվիրակությունից որևէ մեկը հարց չի տալիս Ալիևին, ինչո՞ւ, ի՞նչ պայմանավորվածություններ ունեն, ի՞նչ գործարքների մեջ են, Ալիևը նրանց է՞լ է խավիար տվել, որ հարց չեն տալիս պատերազմական, ռազմական արկածախնդրության շեմին: Ասում են, թե զեկույցը քաղաքական իրավական հետևանքներ չի ունենալու: Ո՞վ ասաց:
Նրանք կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից և չգիտեն, թե ինչը որտեղ ինչ հետևանք է ունենում: Արդյո՞ք այդ զեկույցի հետևանքը չէր, որ Տավուշում ադրբեջանական արկածախնդրությունն ուժեղացավ և ավելի անկաշկանդ դարձավ: Հիմա դա հետևա՞նք է, թե՞ ոչ: Եթե հայտարարում են, որ ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցները հետևանք չունեն, ինչո՞ւ են գնում ԵԽԽՎ: Ինչո՞ւ են գնում աշխատելու մի կառույցում, որից մեր երկիրը հետևանք չի սպասում:
Այս աստիճանի ապուշացնել դիմացինին անպատկերացնելի է»,- նշեց Սաֆարյանը: Սակայն Սաֆարյանը նույնիսկ չի պատկերացնում, թե պատվիրակության կազմն ինչ պատգամավորներով կարելի է փոխարինել: «Իհարկե, պետք է փոխվի կազմը, իհարկե, Հերմինե Նաղդալյանն այնտեղ անելիք չունի, իհարկե, եթե Աստված մի արասցե, այս բանաձևն ընդունվի, պետք է ինքնակամ հրաժարական տա Նաղդալյանը: Սա արդեն նշանակում է խաղ անել ՀՀ անվտանգության հետ:
Այս իրավիճակում չի կարելի հանդուրժել ու ասել, որ մի բանաձև ավել-պակաս կարող է լինել: Սակայն մեկ այլ հարց ևս առաջանում է` եթե Ադրբեջանը կարողանում է գնել պատգամավորներին, ապա ինչո՞ւ չի կարողանում գնել իր դեմ զեկույցները: Այդ ինչպե՞ս է պատահում որ Ադրբեջանը չի կարողանում գնել այդ բանաձևերը: Այդ ինչքա՞ն վատ են իրենց պահել, այդ որքա՞ն վատ համբավ ունեն, որ իրենց առարկությունները հաշվի չեն առնում: Սա արդյո՞ք մտածելու առիթ չպետք է տա Սերժ Սարգսյանին»,- նման մտահոգություն հայտնեց Ստեփան Սաֆարյանը: