«Սկզբունքներ կան, որոնք այսօր մեզ շատ քարացած, աքսիոմատիկ են թվում…»

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հետ

– Փաստաբանների կողմից մտահոգություն է հնչել Սահմանադրությունում ամրագրվող կարգավորման վերաբերյալ, որը վերաբերում է ցուցմունք տալու պարտականություն չունենալուն: ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ «ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ»: Սահմանադրության փոփոխությունների նախագծում սահմանվում է, որ «ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»: Ինչո՞ւ ընտրվեց այս կարգավորումը՝ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ այս ձևակերպումը կամայականությունների տեղիք կարող է տալ:

– Լինելով պրակտիկ աշխատանքի մեծ փորձ ունեցող մարդ՝ երբեք կողմնակից չեմ տեսակետին, թե սահմանադրական ձևակերպումներն են կանխում կամ խթանում կամայականությունները: Մշակույթը, իրավակիրառ պրակտիկան այս ձևակերպումների հենքով չեն ձևավորվում, այլ ձևավորվում են նաև մեկնաբանություններով, այդ թվում` Սահմանադրական, վճռաբեկ դատարանների՝ նախադեպային նշանակություն ունեցող ակտերով: Մենք ընդամենը ձևակերպել ենք այն, ինչ կա միջազգային պայմանագրերով գոնե այս ուղղությամբ: Այսինքն՝ սրանք համահունչ են միջազգային իրավունքի չափանիշներին: Ակնկալել, որ, եթե մի փոքր ավելի հետևողական, խիստ լինեինք, կունենայինք ակնկալելի իրավակիրառ պրակտիկա, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ: Սա` մեկ: Երկրորդը՝ ընդունենք` կարող են չարաշահումներ լինել. ի՞նչ հարթության վրա՝ օրենսդրությա՞ն, կարծում եմ՝ ոչ:

Օրենսդրության հարթության վրա չեն լինի, որովհետև դուք, միևնույն է, պետք է սահմանափակվեք միջազգային պայմանագրերի չափանիշներով, չեք կարող գերազանցել, նոր սահմանափակումներ նախատեսել և պետք է հիմք ընդունեք միջազգային իրավակիրառ պրակտիկան: Հիմա եթե մեզ համար չափանիշներ արդեն կան, և գործող օրենսդրությամբ դրանք կոնկրետացվելու են, իրավակիրառ պրակտիկան պետք է գնա սրա շրջանակներում: Հետևաբար՝ այն մարմինները, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ պետք է հսկողություն իրականացնեն, պետք է փորձեն այդ չափանիշներով ձևավորել միջազգային չափանիշներին առավել համահունչ իրավակիրառ պրակտիկա: Ինքը՝ Սահմանադրությունը, տեղ չի թողնում դրա համար: Մեր մոտեցումը սա է:

– Անմեղության կանխավարկածի հետ կապված է՞լ է նույն մոտեցումը: Մտահոգություններ կան` դրա բաղադրիչների նվազեցման հետ կապված:

– Թյուրըմբռնում կա: Մենք պետք է հասկանանք մի բան՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու լիազորությունը տալիս ենք դատարանի՞ն, թե՞ նաև վարչական մարմիններին: Խոսքը սրա մասին է: Ե՛վ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, և՛ Սահմանադրական դատարանի դիրքորոշումն այն է, որ բոլոր այն կանոնները, դատավարության երաշխիքները, իրավունքները, որոնք սահմանված են քրեական դատավարության կտրվածքով, համամասնորեն, համաչափորեն կիրառելի են նաև քաղաքացիական դատավարության և վարչական վարույթի շրջանակներում: Այսինքն՝ եթե անգամ վարչական մարմինը վարչական վարույթ է իրականացնում, այն ևս պետք է ղեկավարվի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներով: Սա նշանակում է, որ մենք պետք է հիմք ընդունենք հետևյալը՝ վարչական մարմնի՝ վարչական տույժ նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը բավարա՞ր հիմք է, որպեսզի մենք մարդուն մեղավոր ճանաչենք այդ զանցանքի կատարման մեջ և բնականաբար, նրանից տուգանք գանձե՞նք, թե՞ ո՛չ: Խոսքը սրա մասին է:

Այստեղ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ պետք չէ, քրեական գործերով՝ միանշանակ: Եթե հանկարծ սահմանադրական բարեփոխումներից հետո քրեական դատավարությունում ընդունվեն այնպիսի կանոններ, որոնք, ընդունենք,մինչդատական վարույթն իրականացնող որևէ պաշտոնյայի հնարավորություն տան` յուրովի ընկալելով անմեղության կանխավարկածի սկզբունքները՝ մարդուն մեղավոր ճանաչել նաև առանց դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, դա իսկապես Սահմանադրության, նաև ՄԻԵԿ-ի խախտում կլինի: Իմ կարծիքով՝ այստեղ մտահոգություն չկա: Պարզապես, երբ բացահայտում ենք այս նրբությունները, բոլորին պարզ է դառնում: Խոսքը վերաբերում է միայն վարչական գործերին:

– Պարոն Դանիելյան, բայց գործող Սահմանադրության համաձայն՝ «մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են` հօգուտ մեղադրյալի»: Փոփոխությունների նախագծում սրանք չկան:

– Սահմանադրությունն ամրագրում է մի բան՝ միջազգային պայմանագրերը գերակայում են օրենքներին, այդ թվում` նաև Դատական օրենսգրքին: Ձեր կողմից նշված նորմերն ընդամենը նվազագույնն են: Ես ասացի, որ չի կարելի նվազագույն չափանիշները ներառել Սահմանադրության մեջ: Սահմանադրությունը մի փոքր ավելին պետք է լինի, քան միջազգային պայմանագիրը: Այն պետք է ավելի վեր կանգնի: Երբ դուք կրկնում եք միջազգային իրավունքի նորմերը, դրանով դուք իրավական համակարգը շահեկան վիճակի մեջ չեք դնում, թողեք իրավական համակարգը զարգանա: Եվ սահմանադրականության զարգացումը չի դիտվում բոլոր երաշխիքների ամրագրմամբ:

Եթե դուք ամրագրում եք երաշխիքներ, ավելին պատկերացնել դժվար է: Իհարկե, հնարավոր է: Սահմանադրությունը չի արգելում ավելի լայն իրավունքներ ամրագրել, բայց, բոլորիս էլ լավ հասկանալի է, որ հիմնական օրենքը միշտ ընկալվում է` որպես սահման, և՛ պարտականություններ, սահմանափակումներ նախատեսելով, և՛ իրավունքներ սահմանելու եղանակով: Այսինքն ՝ այստեղ որևէ սահմանափակում չի դրվել և պետք էլ չէ: Ես իմ ելույթում ասացի՝ կողմնակից չեմ, որ մենք միջազգային պայմանագրերի նորմերը նույնությամբ կրկնենք Սահմանադրության մեջ: 10 տարի հետո շատ նոր երաշխիքներ ի հայտ կգան, բայց կստացվի, որ մենք առավել կարևոր ենք համարել միայն այն երաշխիքները, որոնք վերաբերում են փարատված կասկածներին, և այլն, և այլն: Ոչ, այդպես չէ:

Գիտեք՝ սկզբունքներ կան, որոնք այսօր մեզ շատ քարացած, աքսիոմատիկ են թվում, 10 տարի անց դրանք կարող են շատ խիստ վիճահարույց թվալ: Մենք դեռ պահպանեցինք, որ մարդ չպետք է ապացուցի իր անմեղությունը, բայց բոլորիս էլ շատ լավ հասկանալի է, որ կոռուպցիայի դեմ պայքարում և կոռուպցիայի մասին կոնվենցիաները և միջազգային չափանիշները բոլորովին այլ մոտեցումներ են որդեգրել: Եթե մենք դարձյալ պետք է պարտականություն դնենք մեղադրող կողմի վրա, ուրեմն մենք պետք է շարունակենք դասական ընկալումներով, որ երբեք պաշտոնյան չպետք է ապացուցի՝ ինչպես է ձեռք բերել այն գույքը, միջոցները, որոնք գոնե տեսանելի չափանիշներով իր օրինական եկամուտների ճանապարհով չպետք է կարողանար ձեռք բերել:

Բայց այս ամբողջը մենք շարունակելու ենք դնել իրավապահ համակարգի վրա: Հիմա սա աքսիոմատի՞կ մոտեցում է՝ մեզ համար՝ այո, բայց տեսեք՝ զարգացումներն այլ ճանապարհով են տարել: Եվ շատ հաճախ մեր իրավական մշակույթն իսկապես թույլ չի տալիս որոշ բաներ առավել համարժեք հասկանալ: Նույն փաստաբանը հարց հնչեցրեց՝ ինչպե՞ս կարելի է ապացույցների առնչությամբ հետընթաց արձանագրել, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցն օգտագործվի: Առաջին հայացքից իսկապես թվում է՝ սխալ բան ենք արել. ինչպե՞ս կարելի է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցը դատավարությունում համարել իրավաչափ ապացույց: Բայց երբ բերում ենք օրինակը, հասկանալի է դառնում, որ մարդը միայն այդ ապացույցով կարող է իր անմեղությունն ապացուցել և ազատվել պատասխանատվությունից: Հիմա դուք ասում եք՝ այդ ապացույցն օրենքի խախտմամբ է ձեռք բերվել, այն չի կարող օգտագործվել, դուք իրեն զրկում եք իրեն պաշտպանելու իրական հնարավորությունից:

Իրենք կարծես թե հասկացան, ընկալեցին պատասխանը, կարծես թե տարաձայնություն չեղավ: Սա է խնդիրը: Ես համաձայն եմ՝ եթե այս ձևակերպումն ինչ-որ մեկն այլ կերպ կընկալի, կչարաշահի, բնականաբար, կգործեն միջազգային իրավունքի չափանիշները, նաև Սահմանադրական դատարանի ինստիտուտը: Գիտեք՝ մենք չանդրադարձանք այն հարցադրմանը, որ նաև հանրաքվեն է ի հայտ գալիս` որպես նախաձեռնություն: Գործող Սահմանադրությունը նախատեսում է հանրաքվե՝ լիազորությունը թողնելով հանրային իշխանության մարմինների վրա. իրենք կարող են նախաձեռնել, իրենք էլ՝ նշանակել, ընտրական ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներն իրենց նախաձեռնությամբ չեն կարող:

Սահմանադրության այս նախագծի դրական կողմերից մեկը դա է. ես մի փոքր հպարտությամբ եմ դա ասում, որովհետև դրա հեղինակներից մեկն եմ (իհարկե, ոչ այն ձևակերպումներով, ինչևէ, սա ընդունելի տարբերակ է): Եթե Ազգային ժողովն այնուամենայնիվ գտնի, որ այս կամ այն տարբերակն իր համար ընդունելի է, և փորձի օրենսդրական ակտեր ընդունել, որոնք ընկալելի, ընդունելի չեն, մարդիկ դրան հակադարձելու հնարավորություն կունենան: Առնվազն 50 հազար մարդ այսօր կարող է նույն Ազգային ժողովին օրինագիծ ներկայացնել, որը պարտադիր պետք է քննարկվի, կընդունվի՞, թե՞ ոչ, այլ խնդիր է: (Սահմանադրության փոփոխությունների 109-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական իրավունք ունեցող առնվազն 50 հազար քաղաքացի ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք.- Օ.Հ.):

Եթե չի ընդունվում, ևս 300 հազար քաղաքացի միանում է, դրվում է հանրաքվեի: (Սահմանադրության փոփոխությունների նախագծի համաձայն՝ եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանն ընտրական իրավունք ունեցող ևս 300 հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող.- Օ.Հ.): Դուք պատկերացրեք Ազգային ժողովի վիճակը՝ եթե ինքը ճիշտ չի գնահատում քաղաքական իրավիճակը, զարգացումները, կարող է շատ վատ դրության մեջ հայտնվել, ուրեմն ինքը ստիպված կլինի նախաձեռնել որոշ քայլեր՝ թեկուզև գտնում է, որ այդ օրենսդրական ակտերն այնքան էլ հեռանկարային չեն: Սա անհրաժեշտ է, պարզապես ծայրահեղության մեջ չէինք կարող ընկնել:

Ես չեմ կարող համաձայնել այն փաստաբանների հետ, թե ինչու ենք Սահմանադրության որոշ փոփոխություններ վերապահում Ազգային ժողովին, թե մարդկանց զրկել ենք: Նախ՝ մարդկանց չենք զրկել, նույն մարդիկ հանրաքվեով կարող են նախաձեռնել, որպեսզի այդ փոփոխություններն իրենք անեն: Երկրորդը՝ դրանք այն նորմերն են, որոնք, ըստ էության, չեն առնչվում մարդու իրավունքների հետ: Սահմանադրությունը չպետք է քարացած լինի, պետք է փոքր ճկունություն ունենա: Եվ մեր խնդիրն այն է, որ երբ տարիների ընթացքում տեսնում ենք, որ այս կամ այն նորմը խոցելի է դառնում, անմիջապես միակ միջոցը հանրաքվեն ենք համարում: Սա ճիշտ տարբերակ չէ: Մենք չենք գնա նաև Վրաստանի ճանապարհով, որը միայն Ազգային ժողովին է վերապահում փոփոխությունները: Կարծում եմ՝ ընտրվել է ողջամիտ տարբերակ:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս