ԵԽ ԽՎ-ում հակահայկական շեշտադրումներով բանաձև է ընդունվել

ԵԽ ԽՎ-ի Քաղաքական հարցերով կոմիտեում քննարկվել ու ընդունվել է Ռոբերտ Վալտերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովին:

Վերջինս տեղեկացրել է, որ հայ պատգամավորները փորձել են փոխել տալ բանաձևը: Առաջարկը դրվել է քվեարկության, սակայն 14 «կողմ» ու 24 «դեմ» ձայնով մերժվել է:

Նրա խոսքով՝ ընդունվել է 3 փոփոխություն, որոնք Ադրբեջանն առաջարկել է ներառել բանաձևում:

Դրանցից մեկը եղել է հետևյալը՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտը դեռևս չի կարգավորվել» արտահայտությունը դարձել է «Ադրբեջանի օկուպացված տարածքները դեռևս ազատագրված չեն օկուպացիայից»:

Երկրորդ փոփոխությունը վերաբերել է Դ. Ասկերովի ու Շ. Գուլիևի (ադրբեջանցի դիվերսանտներ) ազատ արձակմանը: Առաջարկվել է բանաձևում ներառել հետևյալ արտահայտությունը՝ «Կոչ ենք անում օկուպացիա իրականացրած Հայաստանին ապահովել այդ անձանց շուտափույթ ազատ արձակումը»:

Ադրբեջանն առաջարկել է նաև կատարել 3-րդ փոփոխությունը: Առաջարկվել է «ցավում է» արտահայտությունը, որն օգտագործվել է հայ զեկուցողների հետ համագործակցությունից հրաժարվելը բնութագրելու համար, փոխարինել «վճռականորեն դատապարտում է» արտահայտությամբ:

Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, որ չեն ընդունվել նաև Ադրբեջանի շահերին հակասող 3 փոփոխություններ: Նրա խոսքով՝ այսօր ընդունված զեկույցը քննարկվելու է ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս