
Արմեն Մուրադյանը կայցելի ՌԴ հիվանդանոցներ՝ տեսակցելու վթարից տուժածներին

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, որի կազմում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, մեկնեց Տուլա: Հանձնաժողովը տեղում ռուս գործընկերների հետ կհամակարգի զոհված ուղևորների աճյունները Հայաստան տեղափոխելու, տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու աշխատանքները:
Նշենք, որ վթարից տուժածները ներկա պահին բուժում են ստանում Ռուսաստանի Դաշնության Ուզլովայա, Կիրեևսկի և Նովոմոսկովսկի բժշկական կենտրոններում: Նրանցից 10-ի վիճակը գնահատվում է ծանր, և գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Այցի շրջանակում Արմեն Մուրադյանը կայցելի նշված հիվանդանոցներ տեսակցելու տուժածներին:
Ինչպես հայտնել էինք, ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ՀՀ առողջապահության նախարարի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում կատարող ավտոբուսի վթարից տուժածների բուժումը և առողջական վիճակի հսկողությունն իր անմիջական ուշադրության ներքո է: Հայաստանի մասնագետները ևս մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ: