Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հոկտեմբերի 26-ին որոշում է կայացրել կարճել հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործի վարույթը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 22-ին ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ստացվել է 2015 թվականի հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործը։
Քրեական գործով հետագա նախաքննությունը հունիսի 23-ից շարունակվել է Երևանի քննչական վարչությունում եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը եւ կարեւորելով քաղաքացիների ստուգված եւ ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ ներկայացնում ենք նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին տրված իրավական գնահատականները։
Այսպես՝ Երևանի քաղաքապետարանից ստացված գրության համաձայն` 2015 թվականի հունիսի 22-ին Ազատության հրապարակում կազմակերպված հավաքի, ինչպես նաև նույն օրը Մ.Բաղրամյան պողոտայում անցկացված երթի վերաբերյալ Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 200-ից ավելի քաղաքացի, իսկ կատարված քննությամբ պարզվել է, որ մարմնական վնասվածք է ստացել ՀՀ ոստիկանության 14 աշխատակից, ովքեր բժշկական օգնության համար դիմել են տարբեր բժշկական հաստատություններ։
ՀՀ ոստիկանության նշված աշխատակիցները հարցաքննվել են որպես վկա, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, բժշկական կենտրոններից ստացվել են վերջիններիս հիվանդության պատմագրերի պատճենները, որոնք տրամադրվել են դատաբժիշկ-փորձագետներին:
Որպես վկա հարցաքննվել են նաեւ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում անցկացված երթին, ապա նստացույցին մասնակցած 228 քաղաքացի: Վերջիններս տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ այն մասին, որ անձնական նախաձեռնությամբ մասնակցել են 2015 թվականի հունիսի 19-ից մինչև հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցին: Միաժամանակ պնդել, որ յուրաքանչյուրն իր կամքով է մասնակցել նշված ակցիաներին` առանց որևէ մեկի դրդման կամ կազմակերպման, ինչը կրել է ինքնաբուխ բնույթ, ակցիաներն ուղղված են եղել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, իսկ հասարակական կարգը խախտելու, հարակից շինությունների բնակիչների անդորրը խաթարելու, որևէ քաղաքացու սահմանադրական իրավունքները ոտնահարելու նպատակ չեն հետապնդել:
Որպես վկա հարցաքննված մի շարք քաղաքացիների վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ նրանց ցուցմունքների, հետեւանք են եղել իրենց նկատմամբ ՀՀ ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից կիրառված բռնության։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, բժշկական կենտրոններից ստացվել են հիվանդության պատմագրերի պատճենները եւ ուղարկվել փորձագետներին: Նշված` առերևույթ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Նախաքննության ընթացքում հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության ՔՀԲ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, կատարվել են զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սառը զենքի փորձաքննություններ:
Դատաքիմիական փորձաքննությունների համաձայն՝ հինգ քաղաքացու մոտ հայտնաբերվել են կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդների հետքեր, ինչի կապակցությամբ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին` քննարկել նշված անձանց վարչական պատասխանատվության հարցը:
Խուլիգանություն համար պատասխանատվություն է նախատեսվում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով։ Խուլիգանությունը բնորոշվում է որպես դիտավորությամբ հասարակական կարգի կոպիտ խախտում, որն արտահայտվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Հիմնական անմիջական օբյեկտն է հանդիսանում հասարակական կարգը: Հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, որն արտահայտվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
Այս հանցատեսակի համար հատկապես էական նշանակություն ունի հանցակազմի սուբյեկտիվ կողմը: Այն բնութագրվում է դիտավորությամբ` հանցավորը գիտակցում է, որ իր արարքները կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, և որ դրանք բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում հասարակության նկատմամբ, և ցանկանում է կատարել այդ արարքները: Նշվածի կապակցությամբ բազմաթիվ որոշումներում իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանը` տալով պատճառաբանություններ և եզրահանգումներ:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի հունիսի 19-ից մինչև հունիսի 23-ը Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցին, ապա դեպի Բաղրամյան պողոտա տեղի ունեցած երթին ու նստացույցին մասնակցած անձինք հավաքվել են ինքնաբուխ: Ճիշտ է, Երևանի քաղաքապետարան հանրահավաքի, նստացույցի վերաբերյալ որևէ իրազեկում չի ներկայացվել, սակայն նախաքննությամբ հիմնավորվել է, որ հավաքը նախապես կազմակերպված չի եղել, իսկ նշված հավաքի մասնակիցների գործողությունները, կոչերը, ճանապարհի երթևեկելի գոտին փակելն ուղղված են եղել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը հասարակության ուշադրությունը հրավիրելուն, այլ ոչ թե՝ հասարակական կարգը խախտելուն:
Նման պայմաններում հիշյալ անձանց գործողություններում բացակայում են խուլիգանության հանցակազմի պարտադիր հատկանիշները, մասնավորապես՝ սուբյեկտիվ կողմը, որպիսի պայմաններում այդ անձանց գործողությունները չեն կարող որակվել որպես խուլիգանություն:
Վերոգրյալի հիման վրա 2015 թվականի սեպտեմբերի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարճելու մասին:
2015 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ստացվել քրեական գործը` վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին որոշմամբ: Նույն օրը քննիչը գործն ընդունել է վարույթ եւ շարունակել իրականացնել քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության 14 աշխատակիցներն իրենց գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներով հայտնել են, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնելուն և քաղաքացիներին նշված հատվածից դուրս բերելուն ուղղված գործողությունների ընթացքում առաջացել է խուճապ, ստեղծվել խառնաշփոթ իրավիճակ, եւ մարմնական վնասվածքներն ստացել են՝ նշված խառնաշփոթ իրավիճակի, բերման ենթարկվելուց խուսափելու նպատակով հավաքի մասնակիցների անհասցե նետած իրերի արդյունքում: Ոստիկանները կարծիք են հայտնել, որ քաղաքացիները դիտավորյալ չեն նետել առարկաններն իրենց ուղղությամբ, մարմնական վնասվածքները պատճառվել են անզգույշ գործողությունների հետևանքով:
Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքի ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մարմնական վնասվածքներն ստացել են՝ հիշյալ պողոտայի երթևեկելի հատվածը զբաղեցրած քաղաքացիներից ազատելուն ուղղված միջոցառումների ընթացքում առաջացած խառնաշփոթ իրավիճակի արդյունքում, ինչպիսի պայմաններում ակնհայտ է, որ նկարագրված գործողություններում բացակայում է հանրահավաքի մասնակից քաղաքացիների՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությունը։ Բացի այդ, ստացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ ոստիկանության նշված աշխատակիցներին պատճառված վնասվածքների ծանրության աստիճանը գնահատվել է թեթեւ՝ առողջության կարճատեւ քայքայումով կամ չեն պարունակել թեթեւ վնասի հատկանիշներ։ Իսկ ոստիկանության աշխատակիցներն իրենց ցուցմունքներում որեւէ մեկի նկատմամբ բողոք չեն ներկայացրել։
Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը 26.10.2015թ. որոշում է կայացրել քրեական գործով վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, կարճելու մասին։