Տեսանելի ապագայում Հայաստանը չի կարող նորմալ երկիր դառնալ

ԱՄՆ նախկին պետքարտուղար, ներկայումս՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն անցած շաբաթ Կոնգրեսում ցուցմունք է տվել 2012 թվականին Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության դեմ հարձակման գործով: Կոնգրեսի նիստն անցել է բավական լարված մթնոլորտում, Քլինթոնը ստիպված է եղել պատասխանել այդ գործով հետաքննություն իրականացնող հանձնաժողովի բոլոր հարցերին: Խոսքը 2012 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, որի հետևանքով զոհվել են 4 ամերիկացիներ, որոնց թվում եղել է նաև Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ հենց Հիլարի Քլինթոնն էր զբաղեցնում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, և առաջին հերթին՝ նրան են ուղղված անկախ հետաքննող հանձնաժողովի այն պնդումները, որ ամերիկյան հյուպատոսության շենքը բավարար չափով պաշտպանված չի եղել, ինչպես նաև հարցերը, թե ինչո՞ւ ժամանակին չի տարհանվել դիվանագիտական ներկայացուցչությունը, և այլն: Թե ինչ շարունակություն կունենա այս գործի քննությունը, դեռևս դժվար է ասել, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ դրանք կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ Քլինթոնի հեղինակության վրա, ընդհուպ՝ նրան զրկելով նախագահական ընտրապայքարին մասնակցելու և նախագահ ընտրվելու հնարավորությունից:

Մեզ, սակայն, Քլինթոնի նախագահական հավակնությունների բավարարումը չէ, որ հետաքրքիր է: Սա պետական պաշտոնյայի պատասխանատվության դասական օրինակ է, որն այնքան շատ է պակասում Հայաստանին: Բացառված չէ, որ Քլինթոնը ոչ միայն քաղաքական ու բարոյական, այլ ավելի առարկայական պատասխանատվություն կրի իր ղեկավարած կառույցի ոչ պատշաճ գործունեության համար, որը չորս ամերիկացիների մահվան պատճառ է դարձել:

Հայաստանում այս երևույթին գոնե մոտիկ դեպք դժվար է հիշել: Մեզ մոտ պաշտոնյան պաշտոնավարում է մինչև պաշտոնանկությունը և դրանից հետո վայելում է նախկին պաշտոնյայի շքեղ կյանքը: Դրա ամենավառ օրինակը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նրա պաշտոնավարման տարիներին տասնյակ մարդիկ են զոհվել, ընդ որում, ինչպես պնդում են շատերը, Մարտի 1-ի 10 զոհերի սպանության հրամանը արձակվել է հենց Քոչարյանի կողմից: 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հիմնավորում էր արտակարգ ռեժիմ հաստատելու Քոչարյանի հրամանագիրը՝ այդպիսով հող նախապատրաստելով մի քանի ժամ հետո կատարվելիք սպանությունների համար:

Արդյոք այս պաշտոնյաներից որևէ մեկը գոնե բարոյական պատասխանատվություն կրե՞լ է դրա համար: Իհարկե՝ ոչ: Նրանք ոչ միայն պատասխանատվություն չեն կրել, այլ այսօր իրենց թույլ են տալիս դատողություններ հնչեցնել քաղաքական գործընթացների վերաբերյալ, իշխանությանը քննադատել այնպիսի դիրքերից, կարծես իրենց պաշտոնավարման տարիներին Հայաստանում որևէ մեկի գլխից մազ չի պակասել:

Տակավին անհայտ է, թե որ երկրի շահերն է սպասարկում գործող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայաստանի՞, որի արտաքին գերատեսչության ղեկավարն է, թե՞ Ռուսաստանի, որտեղից արժանանում է զանազան պատվոգրերի, և, ըստ ամենայնի՝ ոչ միայն պատվոգրերի: Հայտնի է, սակայն, որ նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանը, ըստ էության, կորցրել է սեփական արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքը՝ դառնալով ռուսական ծայրագավառ:

Հայտնի է նաև, որ նույն Նալբանդյանի պաշտոնավարման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանը զիջել է դիրքերը, ինչպես որ հայտնի է այն, որ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ Նալբանդյանի յուրաքանչյուր հանդիպումից առաջ և հետո հայ զինվորներ ու խաղաղ բնակիչներ են սպանվում: Արդյոք Էդվարդ Նալբանդյանը պաշտոնանկությունից հետո պատասխանատվություն կրելո՞ւ է այս և չթվարկված բազմաթիվ այլ ձախողումների համար: Այս հարցը, իհարկե, ավելի ճիշտ կլինի ուղղել ՌԴ արտգործնախարարությանը, կամ գուցե մեկ այլ գերատեսչության:

Սակայն, դատելով հայկական իրողություններից, նա ոչ միայն պատասխանատվություն չի կրելու, այլ պաշտոնանկությունից հետո դեսպանի կարգավիճակով գործուղվելու է որևէ երկիր: Խնդիրը, իհարկե, Նալբանդյանի անձը չէ, նույն արատավոր երևույթը՝ պատասխանատվության իսպառ բացակայությունը, առկա է պետական կառավարման բոլոր ոլորտներում:

Պարզապես Քլինթոնի հետ տեղի ունեցածն առիթ էր մեր արտգործնախարարների անպատասխանատվության մասին հիշելու համար:

Կենցաղային մակարդակից մինչև քաղաքական քննարկումներ՝ ամենահաճախ հնչող հարցն այն է, թե երբ է Հայաստանը երկիր դառնալու: Կարելի է այդ հարցին պատասխանելու համար մի քանի էջանոց տարբերակների ցանկ գրել: Սակայն դրանցից ամենակարևորը կլինի պատասխանը, որ Հայաստանը նորմալ պետություն կդառնա միայն այն ժամանակ, երբ պաշտոնյաները՝ ինչպես՝ պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ՝ հետո, պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար: Այնպես որ, տեսանելի ապագայում Հայաստանը երկիր չի դառնալու, քանի որ Հայաստանի պետական կառավարման հիմնաքարը տոտալ անպատասխանատվության պայմաններում միայն գործող նախագահի առաջ պատասխանատու լինելու բանաձևն է:

 

Տեսանյութեր

Լրահոս