
«Ովքեր սա բառացի են հասկանում, գրագիտության պակաս ունեն». Աղվան Վարդանյանը՝ իր՝ «Ոտքերը լվալ, ջուրը խմել» արտահայտության մասին

««Ոտքերը լվալ, ջուրը խմել» արտահայտությունը ժողովրդական խոսք է, որն այլաբանություն է, որը բառացի հասկանալն ուղղակի նշանակում է՝ հայոց լեզու չիմանալ, փոխաբերական իմաստ է ամբողջը, և նշանակում է՝ երախտապարտ լինել, երախտիքով լցված, շնորհակալ լինել, գնահատել ինչ-որ մի բան: Նրանք, ովքեր սա բառացի են հասկանում, գրագիտության պակաս ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է կոռեկտ ԱԺ-ում նման բառապաշար օգտագործելը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել: Հ. Բագրատյանը՝ դիմելով Ա. Մինասյանին, ասել էր. «Փոխում եք Սահմանադրությունը, որ կարողանաք մի քանի շրջան զիջեք, որպեսզի նորմալ քվեարկություն լինի, որովհետև համարում են, որ նախագահը չի զիջելու: Ինստիտուտը պիտի փոխվի, դրա համար Ռուսաստանն էլ է ասում՝ գոհ ենք, ԱՄՆ-ն էլ, Եվրոպան էլ, բոլորը: Որովհետև բոլորն ասում են, որ Հայաստանն է, որ պիտի տա մի 4-5 ռայոն, որպեսզի այս ռեգիոնում իբր թե խաղաղություն լինի: Մի համոզեք ինձ ձեր պառլամենտական փոփոխությունների մեջ, պառլամենտական հանրապետություն այդտեղ չկա: Ձերը 1000 տոկոսով ա սխալ, հանրապետությունից բան չթողեցիք, արա՛: Հենց դո՛ւ չես թողել: Բա 18-20 թիվն ո՞վ էր: Սենց բաներ մի՛ արեք, մանավանդ դուք իշխանություն չեք, ինչի՞ եք մեյդան ընկնում, մեջ ընկնում, արա՛: Մեջ խի՞ եք ընկնում, իա՛»: Ա. Վարդանյանն էլ, պատասխանելով Հ. Բագրատյանին, ասել էր, որ «Առաջին Հանրապետության դեմ այսօր խոսողներն ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան և ջուրը խմեն»:
Ա. Վարդանյանը համարում է՝ յուրաքանչյուր գրագետ մարդ պետք է իր խոսքում օգտագործի ժողովրդական ասացվածքներ, դարձվածքներ, այլաբանություններ. «Սա բառացի հասկանալն ամենավատ բանն է, դրա մեջ ոչ մի վիրավորական բան չկա: Ավելին ասեմ, ես սովորաբար ԱԺ-ում ամբիոնից աշխատում եմ գրավոր տեքստը կարդալ ու այդ տեքստը ես նույնպես գրավոր էի գրել, ու ասել էի՝ նրանք, ովքեր այսպես են մտածում, ամեն օր երազում պետք է սա անեն, ոչ մի լրատվամիջոց այդ բառը չէր օգտագործել, ու բառացի էլ հասկացել են, բայց դա իմ մեղքը չէ»: