Փախստականների վրա կատարած Թուրքիայի ծախսերը մոտենում են 9 մլրդ դոլարին. Մևլյութ Չավուշօղլու
Թուրքիայի կատարած ծախսերը Սիրիայի փախստականների վրա կազմում են գրեթե 8 մլրդ դոլար, իսկ միջազգային հանրությունն Անկարային այդ նպատակներով հատկացրել է ընդամենը 417 մլն դոլար, RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի տեղակալ Մևլյութ Չավուշօղլուն:
«Այսօր մեր երկրում գտնվում է ավելի քան 2,2 մլն սիրիացի փախստական, նրանք ապահովվում են սնունդով, կրթությամբ, առողջապահական ու հոգեբանական օգնությամբ: Ցավոք, միջազգային հանրությունը անհրաժեշտ ներդրում չունեցավ փախստականների ընդունման Թուրքիայի ջանքերում: Մեր ծախսերը փախստականների ընդունման վրա մոտեցել են 8 մլրդ դոլարի: Միջազգային հանրությունը հատկացրել է ընդամենը 417 մլն դոլար, ընդ որում, ԵՄ-ի մասնաբաժինը կազմում է այդ գումարի կեսից ավելի քիչ»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ հարկավոր է բարձրացնել ԵՄ-ի հետ համագործակցության մակարդակն այդ խնդրի լուծման նպատակով՝ Թուրքիային ցուցաբերելով կոնկրետ աջակցություն:
«Մենք հավատում ենք, որ Թուրքիայում սիրիացի փախստականներին աջակցության մեծացումը շահավետ կլինի մեր ու ԵՄ-ի համար: Միգրացիոն ճգնաժամը ևս մեկ անգամ հիշեցրեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կարևորության հարցը: Այն հարկավոր է կառուցել՝ կիսելով պատասխանատվության բեռը: Գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերների առաջ նոր խթանի ստացումը Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների համար օգտակար կլինի երկու կողմերի համար»,- հավելել է քաղաքական գործիչը: