Բաժիններ՝

19 երկրի արտգործնախարար կողմ է Սիրիայում անցումային կառավարության ստեղծման

Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Վիեննայում հավաքված 19 երկրի արտգործնախարարները պայմանավորվել են ամեն ինչ անել երկրի ողջ տարածքում զինադադար հաստատելու համար: Հանդիպումը տևել է մոտ 7 ժամ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բանակցությունների արդյունքում կայացրած համատեղ հայտարարության մեջ նախարարները կողմ են արտահայտվել Սիրիայի հարցով նոր հանդիպման անցկացմանը, այս անգամ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բանակցություններին մասնակցել է 19 պատվիրակություն, այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Իրանից, ԱՄԷ-ից, Քաթարից, Հորդանանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Իրաքից ու Լիբանանից:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան ներկայացրել է 9 կետ, ըստ այդմ՝ պետք է ստեղծվի հնարավորություն մարդասիրական օգնություն հասցնել բնակիչներին Սիրիայի ողջ տարածքում, ԴԱԻՇ-ն ու ՄԱԿ-ի ծայրահեղական կազմակերպությունների ցուցակի մյուս կազմակերպությունները պետք է ոչնչացվեն, Սիրիայում պետք է պահպանվի աշխարհիկ միասնական պետությունը՝ իր բոլոր ինստիտուտներով, պետք է ուժեղացվեն հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերը:

Բացի այդ՝ պետք է հանդիպում անցկացվի Ասադի ու ընդդիմության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում պետք է ձևավորվի նոր՝ անցումային կառավարություն, որը կղեկավարի երկիրը մինչ հաջորդ ընտրությունները, ԴԱԻՇ-ի հետ հաշտություն չի կնքվի:

Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարճ հայտարարություն է արել՝ բանակցություններն անվանելով «կառուցողական» ու ասել, որ բավարարված է դրանց արդյունքներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս