Ադրբեջանի ևս 1 զինծառայող վիրավորվել է զինվորական մեքենայի և գնացքի բախումից
Երեկ հոկտեմբերի 30-ին, Ադրբեջանի զինված ուժերի ՄԱԶ մակնիշի բեռնատար մեքենան երկաթուղին անցնելու ժամանակ բախվել է գնացքին, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի [առնվազն] մեկ զինծառայող վիրավորվել է: Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ բախման արդյունքում վիրավորվել է զինվորական մեքենայի վարորդ Մուխթարլի Մուհամեդ Ահմեդ օղլուն: Վիրավոր զինծառայողին տեղափոխել են զինվորական բուժհաստատություն:
Հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում, թե որտեղ է եղել զինվորական մեքենայի և գնացքի բախումը:
Ադրբեջանական Haqqin լրատվական կայքը հայտնում է, որ միջադեպը եղել է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի հարևանությամբ՝ Զեյնալաբդին Թաղիևի անվան գյուղում (նախկինում Նասոսնի գյուղ):
Նշենք, որ գյուղի մոտակայքում է տեղակայված նաև Ադրբեջանի ռազմական օդանավակայններից մեկը:
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «պատերազմի ժամանակվանից մնացած» ականի վրա պայթելու արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի զինված ուժերի ևս երեք զինծառայող:
Աղբյուրը՝ Razm.info: