Շիրակում 40-ամյա կինը նորածնին սպանել է. Նա դատապարտվել է 2 տարի ազատազրկման

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 40-ամյա կինը մեղավոր է ճանաչվել նորածին երեխային սպանելու մեջ:  Դատարանը վճռել է նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

40-ամյա կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը, լինելով մենակ, ծննդաբերել է արական սեռի երեխա և ընտանիքի սոցիալական վատ վիճակից ու երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով` ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել է սպանել նորածնին, նույն օրը ապօրինաբար նորածնին կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս գլուխը՝ բերանի և քթի մասով, հենելով իր բազուկին, նախաբազուկով սեղմել է այն և փակելով շնչուղիները՝ շնչահեղձ անելու եղանակով սպանել է նրան:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռի համաձայն՝ մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը, ամբաստանյալը միջնորել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Դատարանը որպես ամբաստանյալի անձը բնութագրող և քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել մեղքն ընդունելը, կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, նախկինում արատավորված չլինելը, համայնքի կողմից դրական բնութագրվելը, նաև այն, որ խնամքին են երկու անչափահաս երեխաները, և տուժողի իրավահաջորդն էլ դիմումով խնդրել է ամբաստանյալի նկատմամբ մեղմ պատիժ նշանակել: Դատարանն ամբաստանյալի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:

Նշենք, որ դատավճռի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարանում:

 

Տեսանյութեր

Լրահոս