Բաժիններ՝

Եղեգնաձորում 91-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 91-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ:

2015թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1924թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բաց, բութ գանգուղեղային վնասվածքներ՝ կոտրվածքների ձևով։

Համաձայն դատաբժշկի կողմից կազմված մահվան վկայականի՝ Վ.Սիմոնյանի մահվան պատճառը բաց, բութ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է եղել։ Միաժամանակ, դատաբժիշկն արձանագրել է, որ կնոջ դիակի վրա հայտնաբերվել են նաև կրծքավանդակի, ողնաշարի, վերջույթների փակ, բութ վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:

Վ.Սիմոնյանը ճանաչվել է տուժող, իսկ որպես տուժողի իրավահաջորդ՝ նրա եղբորորդին։

Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Սպանությունը կատարելու շարժառիթները, հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս