ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները բելառուսական ընկերությունների դեմ
ԱՄՆ-ը մեղմացրել է պատժամիջոցները բելառուսական ընկերությունների դեմ՝ դրանք կասեցվել են կես տարով: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 30-ից ու կգործի մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը, եթե չերկարաձգվեն կամ հետ չկանչվեն:
Համաձայն փաստաթղթի՝ այդ ընկերությունների հետ օպերացիաները դարձյալ թույլատրվում են, սակայն կան որոշակի սահմանափակումներ: Նախ՝ ԱՄՆ-ում ընկերությունների ավելի վաղ արգելափակված ակտիվները շարունակում են մնալ այդ կարգավիճակում: Բացի այդ՝ եթե գործարքի գումարը գերազանցի 10 հազար դոլարը, ապա դրա մասին հարկավոր է հաշվետություն ներկայացնել ԱՄՆ Պետդեպարտամենտ:
Ինչպես բացատրել է ԱՄՆ ԱԳՆ ներկայացուցիչ Ջոն Քիրբին, ԱՄՆ-ը թուլացրել է պատժամիջոցները, քանի որ Բելառուսի իշխանություններն օգոստոսին ազատ էին արձակել 6 ընդդիմադիրների, ում Արևմուտքը համարում էր քաղբանտարկյալ:
«Պատժամիջոցների թեթևացման այդ սահմանափակումները դուռ է բացում բելառուսական տնտեսության կոմերցիոն կապերի ընդլայնման համար»,- հայտարարել է Քիրբին:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը կոչ է անում «Բելառուսի կառավարությանը կատարել հավելյալ դրական քայլեր, որպեսզի լավացնի իր վարկանիշը մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում»:
Հիշեցնենք, որ երեկ ԵՄ-ն որոշեց 4 ամսով կասեցրել Բելառուսի 170 քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցները: