«Մինսկի խմբի երկրները կանգնած են ճիշտ ուղու վրա». Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանություններն ամբողջության բացահայտված են, ու ոճրագործներն էլ պատժված են: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ընթացքում Վ. Բաղդասարյանը խոսեց նաև սահմանադրական բարեփոխումների «այո»-ի շտաբի քարոզարշավի մասին՝ ասելով, որ ամեն ինչ գնում է իր բնական հունով:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանն ուզում է անդամակցել ԵՏՄ-ին՝ Վ. Բաղդասարյանն ասաց, թե դրանք միայն ցանկություններ են, ու նման հարց չի քննարկվում. «ԵՏՄ երկրներն այդ հարցը կքննարկեն, ու մենք որևէ մտավախություն չունենք, որովհետև անկախ նրանից, թե ինչ կլինի, հայաստանյան կողմը որևէ հարցում չի տուժի»:
Հարցին՝ որևէ սպասելիք ունե՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր Ղարաբաղ կատարած այցելությունից, Վ. Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Բնականաբար, մեր պահանջն է, որ կատարվի ուսումնասիրություն, թե ովքեր են հրադադարի խախտման, ագրեսիաների, սադրանքների հեղինակները, որովհետև հավասարության նշանը վերջիվերջո պետք է հանվի, և իրականությունը բացահայտվի»:
Վ. Բաղդասարյանը չի կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն. «Ընդհակառակը՝ Մինսկի խմբի երկրները կանգնած են ճիշտ ուղու վրա, վերջին դեպքերին հասկացան՝ ով է հրահրողը»:
Հարցին՝ ի՞նչ առումով են ճիշտ ուղու վրա, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ այն հավասարության նշանը, որը դնում էին կողմերի միջև, աստիճանաբար փոխվում է:
Հարցին էլ՝ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելո՞ւ է Իլհամ Ալիևի հետ, ինչպես Ջեյմս Ուորլիքը երեկ հայտարարեց, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումները կարող են արժեք տալ, քանի որ ամեն անգամ դրժում է իր խոստումները, համենայն դեպս, հանդիպումը ես չեմ բացառում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: