«Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները դեռ մակերեսային կլինեն». Կոնրադ Զաշտովտ
«Ինչ-որ պահի գուցե ՀՀ-ԵՄ հարաբերությունները կրկին ջերմանան»,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵՄ Հարևանության քաղաքականությանն ու ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Նա նշեց, որ ԵՄ հարևանության քաղաքականությունը, ցավոք, չափազանց արագ է, ինչպես մենք տեսնում ենք ներգաղթյալների ճգնաժամի դեպքում: «ԵՄ-ի շահերից էր բխում Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների մերձեցումը՝ տեղական պատերազմները և ներգաղթյալների ճգնաժամը կանխելու և կայունացնելու նպատակով: Ցավոք սրտի, շատ եվրոպական մայրաքաղաքներում ռազմավարական մտածողությունը բացակայում է: Մյուս կողմից՝ ԱլԳ-ի նախաձեռնած գործընթացները դանդաղ կերպով շարունակվելու են: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Հայաստանը նոր առաջարկ կստանա ԵՄ-ի կողմից, և հնարավոր է, որ կրկին փորձի սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասաց Զաշտովտը` շարունակելով, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ՝ նույնիսկ ԵՏՄ անդամ լինելով: Սակայն, ըստ նրա, հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից, Հայաստանը կորցրել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու, պետությունն ու տնտեսությունը բարեփոխելու հնարավորությունը:
Այս ընտրության արդյունքում, Զաշտովտի խոսքով, Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի արբանյակի դերում՝ թույլ տնտեսությամբ և օլիգարխիկ մենաշնորհներով: «Երևանը վատ հարաբերություններ չունի Արևմուտքի հետ, բայց, ցավոք, այդ հարաբերությունները մակերեսային մակարդակի են»,- ընդգծեց նա: Վերջինիս փոխանցմամբ`գուցե ինչ-որ պահի ՀՀ-ԵՄ օրակարգում հայտնվի Ասոցացման համաձայնագիրը, քանի որ ԵՏՄ-ն արդյունավետ չի գործում, ինչը վնասում է ՀՀ տնտեսությանը: «Հնարավոր է, որ վերջնարդյունքում ԵՄ-ն այնպիսի որոշման գա, որ ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունը խոչընդոտ չէ համագործակցության խորացման և ինտեգրացիայի համար: Այնինչ, դա կարող է պատահել միայն այն դեպքում, երբ ՌԴ իշխանությունները որոշեն վերջ տալ իրենց պրոպագանդիստական պատերազմին Արևմուտքի հետ և Ուկրաինայում ագրեսիվ գործողություններին: «Սակայն, ցավոք սրտի, մոտ ապագայում դրանք քիչ հավանական տարբերակներ են, քանի որ Կրեմլը՝ ի դեմս Արևմուտքի, տեսնում է թշնամու՝ երկրի ներսում իր իշխանությունը կոնսոլիդացնելու համար»,- պարզաբանեց Զաշտովտը:
Հարցին, թե արդյոք տեղի՞ն է ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում և Հայաստանի նկատմամբ, ասաց, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պրագմատիկ է: «Օբամայի նախագահության շրջանում ամերիկացիները կենտրոնացել են խաղաղօվկիանոսյան և արևելաասիական տարածաշրջանների վրա, ինչը բացատրելի է տնտեսական ասպեկտով: Ամեն դեպքում, Օբամայի սխալը կայանում է սովետական կայսրությունը վերականգնելու պուտինյան Ռուսաստանի ցանկությունը թերագնահատելու մեջ, ինչը հանգեցրեց ողբերգության Ուկրաինայում, և հնարավոր է՝ հանգեցնի աղետի ՌԴ-ում իրավիճակի ապակայունացման դեպքում: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ լինի Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու նպատակով, ինչը կործանարար է հայկական, վրացական և ադրբեջանական պետականությունների համար»,- ասաց Կոնրադ Զաշտովտը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, լեհ վերլուծաբանն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտությունն այլևս հիշեցնում է «տաք» և ոչ «սառեցված» հակամարտություն: «Հետսովետական այլ տարածաշրջաններում ևս լարվածությունը բացառված չէ: Նախորդ տարի մենք ականատեսը դարձանք Դոնբասի հակամարտության բռնկմանը, որն արհեստական կազմակերպվել էր Պուտինի Ռուսաստանի կողմից: Ի տարբերություն ԼՂ հակամարտության, այնտեղ չկար ո՛չ լեզվական, ո՛չ կրոնական, և ո՛չ էլ մշակութային բաժանում: Հակամարտությունը հրահրվեց ռուսական պրոպագանդայի և ԶԼՄ-ների կողմից, որոնք մշտապես վախեցնում էին տեղական ռուսալեզու հանրությանն «ամերիկյան» կամ «նատօ-ական նվաճողների» մասին միֆերով կամ արյունարբու արևմտյան ուկրաինացիների միֆերով, որոնք իբրև թե ծրագրում են հարձակվել և սպանել իրենց արևելյան ռուսալեզու հայրենակիցներին»,- ասաց Զաշտովտը` շարունակելով, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ ԼՂ-ում բացառված չեն: Նրա կարծիքով` եթե հայաստանյան և ադրբեջանական ուժերի միջև խաղաղապահներ չլինեն, իրավիճակը վտանգավոր կմնա: «Բանակցային գործընթացի փակուղայնությունն ավելի ու ավելի է վատթարացնում իրավիճակը երկու երկրների միջև»,- ասաց նա: Ավելին, նրա համոզմամբ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման արագ սցենար չկա, և ներկայումս քիչ հավանական են դրական առաջընթացները հակամարտությունում, քանի որ ներկայումս Ռուսաստանը ԼՂ հակամարտությունում ազդեցություն ունեցող առաջին արտաքին ուժն է և հետաքրքրված չէ հակամարտության կարգավորմամբ: «Հակամարտությունը Երևանի և Բաքվի հետ Կրեմլի խաղի արդյունավետ գործիքն է»,- ասաց նա: