Վերականգնվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ հայկական եկեղեցին

Հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում հանդիսավորությամբ կվերաբացվի վերականգնված Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարը (Բերդի Մեծ եկեղեցին):

Եկեղեցու վերաօծման և վերաբացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Հայաստանից և Վրաստանից:

Վերականգնման նախագիծը մեկնարկել է 2012թ.՝ դառնալով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի (որի համահիմնադիրն է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը) կարևորագույն ծրագրերից մեկը:

13-րդ դարին թվագրված պատմամշակութային կոթողը վերականգնվել է  բարերարների նվիրատվություններով: Հիմնական բարերարներն են՝ Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարկիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիիլ Խաչատուրովը, ինչպես նաև ռուսաստանցի հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը:

Սբ. Գևորգ եկեղեցու վերաբացման հանդիսավոր արարողությունը կկատարվի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ:

Սբ. Գևորգ տաճարը (կամ ԲերդիՄեծ եկեղեցին) Թբիլիսիի հնագույն հայկական եկեղեցիներից է, որ կառուցվել է 13-րդ դարում և եղել հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային, լուսավորչական կենտրոններից մեկը:

Սբ. Գևորգ եկեղեցու բակում են ամփոփված ինչպես՝ հայ մեծանուն աշուղ Սայաթ- Նովայի, այնպես նաև՝ գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի, նշանավոր զորավարներ Միքայել Լոռիս-Մելիքովի, Արզաս Տեր-Ղուկասովի, Իվան Լազարյանի և Բորիս Շելկովնիկովի աճյունները:

168.am-ը վերականգնված և վերաբացվող եկեղեցու մասին Թբիլիսիում հանդիպել և և զրուցել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերականգնող ճարտարապետ, Վրաստանի Ինժեներական ակադեմիայի Տեխնիկական փորձաքննության բաժնի վարիչ Օթար Չակվետաձեի, ինչպես նաև՝ վերակառուցման ծրագրի ղեկավար Արթուր Ամիրխանյանի հետ:

Լուսանկարը՝ Առնոս Մարտիրոսյանի

Տեսանյութեր

Լրահոս