Հերթական ավանտյուրան՝ «Աշխարհի հայերի անձնագիր»
Օրերս հայալեզու և ռուսալեզու տարբեր կայքէջեր հղում անելով «Кремлевская пресса»-ին՝ գրում էին, որ «Նոր Հայաստան» նախաձեռնությունը ստեղծում է «Աշխարհի հայերի անձնագիր», որը, ըստ այդ նախաձեռնության՝ դառնալու է ամբողջ աշխարհում ցրված հայերին միավորող փաստաթուղթ: Նշվում էր նաև, թե այդ փաստաթուղթն ունենալու է սոցիալական կարգավիճակ և կտրամադրվի այն անձանց, ովքեր ընդունում են հայերի հետ էթնիկական կամ սոցիալ-մշակութային ընդհանրությունը:
Ըստ նախաձեռնության հեղինակ, «Նոր Հայաստանի» առաջնորդ Ամրամ Պետրոսյանի, «Աշխարհի հայերի անձնագիրը», իհարկե, կդառնա ամբողջ աշխարհում ցրված հայերին միավորող փաստաթուղթ:
«Մեր հայրենակիցներն ապրում են բոլոր մայրցամաքներում, վարում են ակտիվ սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանք: Միևնույն ժամանակ, նրանք ցանկանում են շփվել իրենց հայրենակիցների հետ, հաստատել նոր կապեր և աջակցել միմյանց:
Մեր անձնագիրը չի ունենալու պաշտոնական կարգավիճակ, սակայն դրա սեփականատերերն ի ցույց կդնեն հայերի միջազգային միասնականությունը: Եթե նման փաստաթղթի տիրապետեն հարյուր-հազարավոր և անգամ միլիոնավոր մարդիկ, ապա դրա հեղինակությունը չի զիջի պաշտոնական անձնագրերի հեղինակությանը: Ենթադրում եմ, որ հիմնվելով աշխարհաքաղաքական իրավիճակի վրա, առաջինը նման փաստաթղթեր պետք է ստանան Սիրիայում բնակվող հայերը: Այս փաստաթուղթը ներկայացնելով «Նոր Հայաստանի» ներկայացուցչություն՝ նրանք կարող են ստանալ բազմակողմանի օգնություն, այդ թվում՝ մարդասիրական և իրավական»,- կայքէջերից մեկի հետ զրույցում ասել է Ամրամ Պետրոսյանը:
Ամենահետաքրքիրն այս պարագայում հատկապես ռուսաստանաբնակ հայերի արձագանքներն էին, ովքեր լուրջ ընդունելով նման «անձնագրի» գոյությունը՝ միմյանց հերթ չտալով՝ պատրաստակամություն էին հայտնում որևէ ձևով այն ձեռք բերել: Այնինչ, դա հերթական ավանտյուրան է՝ բոլորովին անհայտ մի կազմակերպության կողմից: Չի բացառվում, որ օրերից մի օր այդ «անձնագրերը» վաճառքի հանվեն:
168.am-ը փորձեց պաշտոնական աղբյուրներից ևս ճշտել, թե ի՞նչ նախաձեռնություն է սա: Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չեն նման նախաձեռնությունից։
Իսկ ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ այս պահին ՀՀ-ում ու նրա տարածքից դուրս գործում է միայն ՀՀ քաղաքացու անձնագիրը. «ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու ընթացակարգի մասին կարող եք ծանոթանալ Ոստիկանության պաշտոնական կայքում: