
«Ժառանգությունում» քաոսային իրավիճակ չէ. Ռուբեն Հակոբյան

«ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում բոլորովին էլ քաոսային իրավիճակ չէ, և առաջիկայում բոլոր խնդիրները կստանան լուծումներ»,- կարծում է այդ խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռ. Հակոբյանը նշեց, որ, թեև իրենք խմբակցության նիստ դեռևս չեն արել, բայցև չի կարծում, որ քաոսային իրավիճակ է այնտեղ տիրում: «Ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն: Մենք նիստ կանենք, կքննարկենք և կընտրենք խմբակցության ղեկավարին»,- ասաց նա:
Ռ. Հակոբյանի խոսքով՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն արդեն մանրակրկիտ անդրադարձել է խնդրին:
Հարցին էլ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարո՞ղ է ղեկավարել խմբակցությունը, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց, որ խմբակցության նիստում բոլորը կարտահայտեն իրենց կարծիքները: