Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն կարող կարգավորվել Վրաստանի ինքնիշխանության հաշվին. Վրաստանի վարչապետ
Միանշանակ հայտարարում եմ, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չեն կարող կարգավորվել մեր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում մեկնարկած Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումում: Այդ մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ցանկանում եմ երկու բառով անդրադառնալ Ռուսաստանի հարցին, քանի որ վստահ եմ, որ վերջինիս կողմից վերջին շրջանում կատարած քայլերը Ուկրաինայում ու ոչ միայն Ուկրաինայում, քննարկվելու են այս համաժողովում: Ինչ վերաբերում է Վրաստանին, Ռուսաստանը դեռ պետք է կատարի իր պարտավորություններ, որոնք ստանձնել է 2008թ. օգոստոսի 12-ին կրակի դադարեցման մասին համաձայնագրի շրջանակում: Ցավոք, Ռուսաստանը ստորագրել է Սուխումն ու Ցխինվալը ինտեգրելու մասին համաձայնագիրը, ինչը վկայում է, որ Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր անօրինական վերահսկողությունը ինքնիշխան վրացական տարածքներում: Ես դատապարտում եմ այս բռնակցումն ու Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի անտեսումը: Ես նաև վստահեցնում եմ, որ մենք երբեք չենք դադարի պայքարել Վրաստանի տարածքային ամբողջականության համար»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Դրա հետ միասին, ըստ Վրաստանի վարչապետի, շարունակվող օկուպացիայի ֆոնին Վրաստանի կառավարությունը հայտարարում է ՌԴ-ի հետ պրագմատիկ ու պատասխանատու հարաբերությունների կառուցելու մասին:
«Երկխոսությունն այլընտրանք չունի, ու մենք ևս մեկ անգամ հաստատում ենք, որ հետևելու ենք այդ խելամիտ մոտեցմանը: Չնայած դրան, ես միանշանակ հայտարարում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող կառուցվել մեր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաշվին»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: