«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի անդամների հայտարարությունը
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ պրն․ Գալուստ Սահակյանին
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի անդամներ՝ Անդրիաս Ղուկասյանից, Արամ Թարվերդյանից, Գագիկ Եղիազարյանից, Դավիթ Հովհաննիսյանից, Վահագն Լևոնյանից, Տիգրան Առաքելյանից
Հարգելի պրն․ Սահակյան,
Քաղաքական համակարգի անկատարությունը, իրավական ու քաղաքական մշակույթի պակասը, սահմանադրական հակակշիռների ու զսպումների համակարգի ոչ արդյունավետ գործողությունը պատճառ են դարձել, որ Սահմանադրության առանձին հոդվածներ, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի 3-րդ մաս, 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր, 8-րդ հոդվածի 2-րդ մաս, 14-րդ հոդված, 27.1-րդ հոդված, 65-րդ հոդված և այլն, առավելապես կարգախոսային բնույթ են ստացել (տես՝ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձաժողովի կողմից 2014 թվականի, հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի 2.4.1 ենթակետի 7-րդ մաս)։ Փաստացի, Հայաստանում․
- պետությունը սահմանափակված չէ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք,
- կուսակցությունները չեն կազմավորվում ազատորեն, չեն նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը, նրանց գործունեությունը կարող է հակասել Սահմանադրությանն ու օրենքներին, իսկ գործելակերպը ժողովրդավարության սկզբունքներին։ Կուսակցությունները չեն ապահովում իրենց ֆինանսական գործունեության հրապարակայնությունը,
- Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված չեն տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը,
- մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, չի հարգվում և պաշտպանվում պետության կողմից,
- բոլորի համար ապահովված չեն անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով՝ իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու իրավունքը,
- պատգամավորները և կառավարության անդամները զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ։
Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 «Սահմանադրական կարգը տապալելը» հոդվածի համաձայն՝ «Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ հանդիսանում է ծանր հանցագործություն։ Ուստի, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձաժողովի եզրակացությունը, որ «Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթը, համաձայն որի` «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք», հիմնականում մնաց որպես բարի ցանկություն, քանի որ համակարգային առումով դրա իրացման անհրաժեշտ սահմանադրական նախադրյալներ չամրագրվեցին» (տես՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ին հաստատված ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներածության 2-րդ փուլի 3-րդ պարբերությունը), հանդիսանում է հայտարարություն հանցագործության մասին։
Առայսօր Ազգային Ժողովը անդրադարձել է երկրում սահմանադրականության պակասի միայն օբյեկտիվ պատճառներին (տես՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին ՀՀ Ազգային Ժողովի որոշումը) և անտեսել է այդ քաղաքաիրավական վիճակի սուբյեկտիվ պատճառները։ Փաստորեն, առկա է հրապարակային պաշտոնական հայտարարություն սահմանադրական կարգի տապալման մասին, որի հետ համաձայն են Սերժ Սարգսյանը և Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնությունը, սակայն բացակայում է որևէ պետական գործընթաց՝ սահմանադրական կարգի տապալման համար մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության չափը որոշելու ուղղությամբ։
Սահմանադրական կարգի իրականացումը կախված է՝
- Հանրապետության Նախագահից, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը,
- Ազգային Ժողովից, որը առաջնորդվելով Սահմանադրությամբ՝ ընդունում է օրենքներ և որոշումներ,
- Կառավարութունից, որը Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների կամ Հանրապետության Նախագահի նորմատիվ ակտերի հիման վրա և դրանց կատարումն ապահովելու նպատակով, ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում,
- դատարաններից, որոնք իրականացնում են արդարադատություն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան,
- պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից, որոնք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։
Սահմանադրական կարգի տապալումը հետևանք է Սերժ Սարգսյանի այնպիսի գործողությունների կամ անգործության, որոնց պատճառով Հայաստանում․
- ընդունվում են Սահմանադրությանը հակասող օրենքներ (տես՝ Սահամանադրական դատարանի բազմաթիվ որոշումներ, որոնցից ամենահայտնին կենսաթոշակային կուտակային համակարգի մասին որոշումն է),
- Կառավարութունը անկաշկանդ զբաղվում է կոռուպցիայով (տես՝ Վերահսկիչ Պալատի Նախագահի 2013թ․ ելույթը Ազգային Ժողովում և ԱՄՆ դեսպանի 2015թ․ սեպտեմբերի 16-ի հայտարարությունը),
- դատարանները անկախ չեն և զբաղվում են կոռուպցիայով (տես՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2013թ․ դեկտեմբերի 9-ի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը)։
Բնականաբար, այդ դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց գործողություններում կարող են անտեսել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որպես անմիջականորեն գործող իրավունք և մնալ անպատիժ։
ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված «Սահմանադրական կարգի տապալումը» հանցագործության իրականացումը սերտորեն կապված է ՀՀ ՔՕ 300-րդ՝ «Իշխանությունը յուրացնելը» և 223-րդ ՝ «Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը» հոդվածների հետ։
Ընտրությունների արդյուքների կեղծումը Հանրապետության Նախագահի լիազորություններին տիրանալու Սահմանադրությամբ չնախատեսված եղանակ է, որը կարող է իրականացվել հանցավոր համագործակցություն ստեղծելու միջոցով։ 2013թ․ նախագահական ընտրություների արդյունքների վերլուծությունը վկայում է, որ ընտրողների ցուցակներում բացակայում էին ավելի քան 49,000 անձանց ծննդյան տարեթվերը, 6,300 անձինք չունեին հաշվառման հասցե, ավելի քան 10,700 հասցեներում գրանցված էր 10-ից ավելի բնակիչ, որոնցից 52-ում՝ ավելի քան 50, իսկ 17-ում՝ 100-700 բնակիչ: Ավելի քան 220 համայնքներում գրանցված էր մասնակցության չափից դուրս բարձր մակարդակ՝ 80, 90, անգամ 100 %-ից ավել (տես՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հրապարակած «2013թ․ նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերլուծության արդյունքների մասին ամփոփագիրը» և «Նախագահական ընտրություններ 2013․ Ընտրական թվերի վերլուծությունը»)։ Որևէ պետական մարմին առ այսօր չի հետաքննել 2013թ․ սահմանադրական դատարանի առջև բարձրացրած հարցը․ ինչպե՞ս ստացվեց, որ 576 ընտրատեղամասերում քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 374629 մարդ կամ ընտրողների թվի 76.53 %-ը, որոնց 85.59 %-ը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին։ Ընդ որում, Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել են՝ 8 ընտրատեղամասերում՝ 100 %, 192 ընտրատեղամասերում՝ 90.0% -99.9 %, 254 ընտրատեղամասերում՝ 80.0%-89.9%։
Փաստորեն, երկրում սահմանադրականության պակասի սուբյեկտիվ պատճառները անմիջականորեն առնչվում են Սերժ Սարգսյանի գործողությունների կամ անգործության հետ, որի արդյունքում, Հայաստանում․
- տապալված է սահմանադրական կարգը,
- յուրացվել է իշխանությունը,
- ստեղծվել է հանցավոր համագործակցութուն՝ պետական միջոցները կոռուպցիոն եղանակով մսխելու համար։
Այդ կարծիքը այսօր Հայաստանում գրեթե ոչ ոք չի վիճարկում, քաղաքացիների մեծամասնությունը կիսում է, իսկ 7500-ից ավելին՝ Հանրապետության հրապարակում մեկուկես ամսա ընթացքում իրականացված ստորագրահավաքի ժամանակ իրենց ստորագրությունն են դրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջի տակ։ Ելնելով վերաշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 27.1 հոդվածով (որը ըստ մասնագիտական հանձնաժողովի անդամներ՝ Գագիկ Հարությունյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի, Գեորգի Կուտոյանի, Գրիգոր Մուրադյանի, Գևորգ Կոստանյանի, Գագիկ Ղազինյանի, Գևորգ Դանիելյանի, Վարդան Պողոսյանի կրում է կարգախոսային բնույթ),
Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ Ե Ն Ք
- ՀՀ Սահմանդրության 57-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ Ազգային Ժողովում քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը,
- հրապարակել 2012թ․ և 2013թ․ համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանից բացակա քաղաքացիների ցուցակը։
- հրապարակել 2012 թվականից ի վեր կառավարության բոլոր ծախսերին վերաբերող մանրամասն տեղեկությունները։
Կից ներկայացնում ենք 7500-ից ավելի ՀՀ քաղաքացիների կողմից ստորագրված՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջը։
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհրդի անդամներ՝
Անդրիաս Ղուկասյան
Արամ Թարվերդյան
Գագիկ Եղիազարյան
Դավիթ Հովհաննիսյան
Վահագն Լևոնյան
Տիգրան Առաքելյան
26 հոկտեմբերի, 2015թ․