Արգենտինայում ավարտվել են նախագահական ընտրությունները
Արգենտինայում տեղի ժամանակով ժ. 18:00-ին ավարտվել է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Տեղի ժամանակով ժ. 16:00-ին մասնակցության հայտը կազմել է 55%, հայտնում է TASS-ը:
Արգենտինայի քաղաքացիները պետք է նախագահի ընտրեին 6 թեկնածուներից: Հիմնական պայքարը ծավալվում էր 3-ի միջև՝ Դանիել Սցիոլիի՝ իշխող «Ճակատ հանուն հաղթանակի» կուսակցությունից, «Հանրապետական առաջարկությունից» Մաուրիսիո Մակրիի ու ընդդիմադիր «Նորացման ճակատից» Սերխիո Մասայի:
Ընտրությունների առաջին փուլի արդյունքով ոչ միայն չի որոշվել երկրի նախագահի անունը, այլև չի առանձնացել առաջատարը:
Քվեաթերթիկների ավելի քան 90%-ի մշակումից հետո պարզ է դարձել, որ Արգենտինայի նախագահի գլխավոր թեկնածուները հավաքել են գրեթե հավասար ձայներ: Դանիել Սցիոլիին աջակցել է ընտրողների 36,2%-ը, Մաուրիսիո Մակրիին՝ 34,9%-ը:
Արգենտինայի կանոնների համաձայն՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին հարկավոր է հավաքել ձայների ավելի քան 45%-ը:
Արգենտինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակվել է նոյեմբերի 22-ին: