
Աշխարհն ավելի լավը կլիներ Հուսեյնի ու Կադաֆիի հետ. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրավիճակը Մերձավոր արևելքում ավելի լավը կարող էր լինել, եթե Իրաքում ու Լիբիայում տեղի չունենային պետական հեղաշրջումներ:
«Ես 100%-ով վստահ եմ, որ աշխարհն ավելի լավը կլիներ, եթե Սադամ Հուսեյնն ու Մուամմար Քադաֆին հիմա իշխանության ղեկին լինեին»,- հայտարարել է Թրամփը CNN-ին տված հարցազրույցում:
«Նայեք Իրաքին: Այնտեղ նախկինում ահաբեկիչներ չկային, Հուսեյնը նրանց անմիջապես կոչնչացներ, իսկ այսօր Իրաքը կարծես Հարվարդ լինի ահաբեկիչների համար: Ես չեմ ասում, թե Հուսեյնը լավ տղա էր, նա զզվելի էր, սակայն հիմա ամեն ինչ անհամեմատ վատացել է, իսկ Լիբիայում ընդհանրապես ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասել է Թրամփը:
Հուսեյնի իշխանությունը տապալվեց 2003-ի ապրիլին: Իրաքի Գերագույն դատարանը նրան մեղադրեց 1982 թվականին Ադ-Դուջեյլ քաղաքի 148 բնակիչների սպանության մեջ ու դատապարռտեց մահապատժի:
Դատավճիռն ի կատար ածվեց 2006-ի դեկտեմբերին:
2011թ. հունիսի 27-ին Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Միջազգային քրեական դատարանը վճռեց կալանավորել Մուամմար Քադաֆիին՝ նրան մեղադրելով սպանությունների, անօրինական կալանավորումների մեջ: Նա սպանվեց 2011թ. հոկտեմբերի 20-ին: