Արժի՞, արդյոք, կաթնատու կով պահել
Այս տարի անասնակերի համար բարենպաստ պայմաններ են եղել և առատ բերք է ամբարվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը:
Ըստ նրա` անասնակերի պատճառով անասունների մորթ չի սկսվի: Սակայն, Ա.Ավետիսյանի խոսքով՝ մորթ կլինի՝ պայմանավորված կաթի գների ցածր լինելու հանգամանքով. «Պարտադիր կլինի մորթ, բայց ծավալները չեմ կարող ասել: Ամառվա սկզբին, երբ կաթի գների կտրուկ անկում եղավ, ու չգիտեինք, թե կերերի հարցն ինչպես կլինի, քանի որ նախորդ տարիներին կերերի հարցը շատ սուղ էր, այս տարի, փառք Աստծո, բնությունը ձեռք մեկնեց գյուղացուն, ու խոտի աննախադեպ բերք ենք ստացել բոլոր մարզերում ու տարածաշրջաններում: Այսինքն՝ չեմ մտածում, որ կտրուկ սպանդ կլինի, բայց ամեն դեպքում՝ սպանդ կլինի արդյունավետության տեսակետից, այսինքն` արժի՞ պահել կաթնատու կով, և արդյոք արժի՞ 5-ի տեղը պահել 3-ը, քանի որ, այսպես թե այնպես, եկամուտների ակնկալիքը շատ քիչ է»: