Խնջույքի ժամանակ կենացները ձգձգելու համար դիտողության պատճառով երիտասարդները վիճաբանել են. նրանցից մեկը սպանվել է
29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տնակում տեղի է ունեցել ճաշկերույթ, որին մասնակցել են մի խումբ մարդիկ, և նույն տնակում ճաշկերույթի ժամանակ մասնակիցներից մեկը հոր կողմից կենացները ձգձգելու համար դիտողություն է կատարել վերջինիս, ինչին միջամտել է 29-ամյա տղամարդը, հորը դիտողություն անողին դիմելով՝ «Արտյոմիկ», իսկ վերջինս նույն կերպ պատասխանել է 29-ամյա տղամարդուն, որի պատճառով վերջիններիս միջև առաջացել է վիճաբանություն:
Վիճաբանությունը կանխելու նպատակով 29-ամյա երիտասարդին հյուրասենյակից տարել են խոհանոց, սակայն վիճաբանողները միմյանց ուղղությամբ նետել են սպասք և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ժամանակ 29-ամյա երիտասարդն իր հետ վիճաբանողին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ գլխով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի արդյունքում նա ընկել է գետնին, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել: Այնուհետև նրանք դիտավորությամբ միմյանց հարվածներ հասցնելով՝ ընկել են գետնին, որի ժամանակ 29-ամյա երիտասարդը նախ՝ ձեռքով, այնուհետև՝ իր մոտ ունեցած դանակով, ապօրինաբար իր հետ վիճաբանողին կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում նա ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն: