Չմկրտված անձանց համար թաղման կարգ կատարվո՞ւմ է
– Չմկրտված, սակայն աստվածավախ մարդիկ մահից հետո դրախտ կգնա՞ն, թե՞ դժոխք: Նրանց համար թաղման կարգ կատարվո՞ւմ է:
– Քրիստոս հստակ կերպով բացահայտեց փրկության պայմանը` ասելով. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ 3:5): Սբ. Մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում խորհրդանշում է Ս. Հոգու էջքը մկրտվողի վրա: Ջրի մեջ երեք անգամ ընկղմվելով՝ մկրտվում և Ս. Մյուռոնով դրոշմվելով՝ Սուրբ Հոգու կենդնարար շնորհներն է ստանում մկրտվողը։ Սա անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր մարդու համար, ով կամենում է քրիստոնյա դառնալ: Քրիստոնյա չի կարելի hամարվել միայն ապրած կյանքով՝ առանց մկրտության, ոչ էլ միայն մկրտությամբ` առանց ճշմարիտ քրիստոնյային վայել կյանք վարելու:
Քրիստոնյա են այն մարդիկ, ովքեր մկրտված են և իրենց կյանքն ապրում են Աստծո խոսքի համաձայն: Միայն այս դեպքում մարդը հույս կունենա հավիտենական կյանքի և երկնքի արքայության։ Չմկրտված մարդու համար եկեղեցական թաղման ծես չի կատարվում։ Եթե մկրտված չեք, քանի դեռ ողջ եք, մկրտվեք և ամեն կիրակի մասնակցեք Սուրբ Պատարագին, հաղորդվեք մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, հետ և հույս կունենաք մահվանից հետո դրախտ գնալու։ Իսկ չմկրտված հանգուցյալների համար մեր անձնական աղոթքներում Աստծուց Ողորմություն պետք է խնդրենք։
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am