Սահմանապահ զինվորը ածելիով իրեն բազմաթիվ վնասվածքներ է հասցրել, որ չծառայի
Tesankyun.am-ը գրում է. Էջմիածին քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Հայկազ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Տավուշի մարզի սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, 2015թ. հուլիսի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում զորամասի լվացարանի մոտակայքում իր մոտ գտնվող ածելիով ստորին վերջույթների եւ որովայնի ձախ հատվածում բազմաթիվ կտրվածքներ կատարելով՝ իր առողջությանը վնաս է պատճառել, որը հանգեցրել է զինվորական ծառայությունը ժամանակավորապես դադարեցնելուն:
Հ.Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով(«Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցրել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն»):
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Հ. Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Սույն քրեական գործով դատավարությունը վաղը՝ հոկտեմբերի 21-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: