
«Պատրիսիա» փոթորիկը Մեքսիկային սպառնում է ջրհեղեղով

«Պատրիսիա» փոթորիկը, որը համարվում է ամերիկյան մայրցամաքի պատմության մեջ ամենահզոր փոթորիկը, հասել է Մեքսիկայի արևմուտքում գտնվող Հալիսկո նահանգի ափերին, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով հիդրոօթերևութաբաններին:
Սակայն, ինչպես հայտնել են վերջիններս, հասնելով Մեքսիկայի ափերին՝ փոթորկի ուժգնությունը թուլացել է, ու դրան տրվել է երկրորդ (չափավոր) աստիճան:
Նախօրեի երեկոյան փոթորկին տրվել էր 5-րդ (աղետալի) աստիճան՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի:
Այդուհանդերձ, մասնագետները մտավախություն ունեն, որ փոթորիկը կարող է ավերածություններ առաջացնել: Երկրի տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, մեծ է ջրհեղեղի առաջացման, լեռնային հատվածներում՝ սողանքների վտանգը:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ վնասն ավելի քիչ է, քան սպասվում էր, սակայն նախազգուշացրել է, որ աղետը դեռ վտանգ է ներկայացնում իրենից:
Փոթորկին ընդառաջ՝ մեքսիկական իշխանությունները մարդկանց տարհանել էին երկրի խաղաղօվկիանոսյան ափերից:
Այս փոթորիկը համեմատում էին «Հայան» փոթորկի հետ, որին Ֆիլիպիններում 2013-ին զոհ էր գնացել 6300 մարդ:
«Պատրիսիայի» ափերին ընկած մեքսիկական 5 նահանգներում հայտարարվել էր արտակարգ դրություն:
Քամու արագությունը հասնում էր 305կմ/ժ-ի: