Վերա Բրեժնևան Իտալիայում գաղտնի ամուսնացել է պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ
Երգչուհի Վերա Բրեժնևան ու կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն օրինականացրել են իրենց հարաբերությունները: Այդ մասին լուրը հայտնում են իտալական լրատվամիջոցները: Il Tirreno Versilia պարբերականի հաղորդմամբ՝ արարողությունը տեղի է ունեցել Տոսկանայի Ֆորտե-դեյ-Մարմի քաղաքում:
Զույգի ամուսնությունը գրանցել է Ֆորտե-դեյ-Մարմիի քաղաքապետ Ումբերտո Բուրատտին: Իտալական պարբերականը հրապարակել է նաև Բրեժնևայի լուսանկարը՝ գեղեցիկ հարսանեկան զգեստով: Լուսանկարում երգչուհին դուրս է գալիս քաղաքապետարանից՝ դեմքը փակելով սպիտակ ծաղկեփնջով:
«Ասեմ, որ նրանք այն բազմաթիվ զույգերից են, որոնք մեր քաղաք են գալիս ամուսնության նպատակով: Նրանք այստեղ են անցկացրել իրենց արձակուրդը ու սիրահարվել են միմյանց այստեղ»,- լրագրողներին ասել է Ումբերտո Բուրատտին: Նրա խոսքով՝ զույգը հաճախ է լինում իրենց քաղաքում:
Արարողությունից հետո, որը տեղի է ունեցել ընտանեկան նեղ շրջանակում, նորապսակները հյուրերյն հրավիրել են տոնական բանկետի Paradiso al Mare հյուրանոցում:
Հիշեցնենք, որ լուրերն այն մասին, որ նրանք հանդիպում են, շրջանառվում են մի քանի տարի: Անցած տարի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն 19 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվեց իր կնոջից՝ Յանայից, ինչը շատերի համար անսպասելի էր: Ամուսիններն ունեն 3 երեխա:
Բրեժնևան ու Մելաձեն նախկինում երբեք չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները: