Ստեփանակերտում աճել է հանցագործությունների թիվը. ոստիկանապետի արձագանքը
ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը Ստեփանակերտի քաղաքային վարչությունում խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է եղել ընթացիկ տարվա անցած ինն ամիսների ընթացքում քաղաքային վարչության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:
ԼՂՀ ոստիկանության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հիմնական զեկուցող ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշել է, որ նշված ժամանակահատվածում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է 111 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 96-ի համեմատ, աճը կազմել է 15 դեպք կամ 15.6 %:
Ստեփանակերտ քաղաքում արձանագրված հանցագործությունների տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 33.5% (2014թ. 9 ամիսների ընթացքում՝ 33%): Հատուկ կանգ առնելով չբացահայտված հանցագործություններին՝ ԼՂՀ ոստիկանության պետը պահանջել է մեկ առ մեկ ներկայացնել և վերլուծել դրանք: Իր խորին մտահոգությունը հայտնելով հատկապես բնակարանային գողությունների առումով՝ Աղաջանյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել այդ ուղղությամբ. մինչև ընթացիկ տարվա արդյունքների ամփոփումը շեշտակի առաջընթաց ապահովել այս գործում՝ պահպանելով հանցագործությունների գրանցման կարգապահությունը և բացարձակապես ձերբազատվելով հանցագործությունները թաքցնելու արատավոր երևույթից:
Կ. Աղաջանյանը կարևորել է անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տեղամասային տեսուչների ինստիտուտի կայացման և ամրապնդման առաջնահերթությունները՝ վերջինիս պարագան համարել է հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վստահության ամրապնդման կարևորագույն կամուրջ: «Սովորեք պատասխան տալ Ձեր խղճի առաջ, համբերատարությամբ լսեք քաղաքացուն և վերաբերվեք այնպես, ինչպես կուզենայիք, որ վերաբերվեին Ձեզ: Պարկեշտություն և ազնվություն՝ միախառնված մասնագիտական արհեստավարժությամբ: Ահա Արցախի ժամանակակից ոստիկանի կերպարը, որից դուրս անհնար է պատկերացնել իրավակարգի զինվորին», – եզրափակել է ոստիկանության պետը: