ՀԱԿ-ը չի մասնակցելու դեկտեմբերի 1-ին կայանալիք «Նոր Հայաստանի» հանրահավաքին. Լևոն Զուրաբյան

«Ես այստեղ եմ եկել մեկ կարևոր նպատակով. շատ է խոսվում մամուլում և կարծես իշխանական քարոզչամեքենայի գլխավոր պրոպագանդիստական մեխն այն է, որ փորձում են ներկայացնել ժողովրդին, իբր չկա որևէ միասնականություն ընդդիմության մեջ, ու ընդդիմությունը ոչինչ չի կարող անել. սա բացարձակ կեղծիք է»,- այսօր այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանդիպման ժամանակ:

Նա հայտարարեց, որ այն ճակատը, որ ձևավորվեց սեպտեմբերի 12-ին, միասնական ճակատ է և միասնականորեն իրագործելու է այս ռեժիմին տապալելու գործը. «Մենք ամենակարևոր երկու հարցում միասնական ենք. մեկն այն է, որ մենք մերժում ենք այս ռեժիմը, և մյուսը՝ որ մերժում ենք սահմանադրական բարեփոխումները: Այս երկու կարևոր նպատակների շուրջ մենք միասնական ենք, ու այստեղ բոլորս հաստատում ենք այդ միասնականությունը: Մենք պետք է նաև ազնիվ լինենք մեր հանրության առաջ ու ասենք, որ կա մի հարց, որ մենք ունենք անհամաձայնություն, դա ընդամենն անհամաձայնություն է քաղաքացիական անհնազանդության կազմակերպման տեխնոլոգիայի մեջ, ու ոչ ոք այլ հակասություններ թող չփնտրի»:

Լրագրողների հետ զրույցում Լ. Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու դեկտեմբերի 1-ին կայանալիք «Նոր Հայաստանի» հանրահավաքին՝ պարզաբանելով. «Հայ ազգային կոնգրեսը միշտ մասնակցել է, մասնակցում է և մասնակցելու է այն միջոցառումներին, որոնք ինքն է կազմակերպել, քանի որ որևէ միջոցառման պատասխանատուն դրա կազմակերպիչ քաղաքական ուժն է, և մենք միշտ պատասխանատվություն ենք կրել այն միջոցառումների համար, որոնք մենք ենք կազմակերպել»:

Լ. Զուրաբյանի խոսքով՝ իրենք մտել են քաղաքական գործընթացի մեջ, ու կախված ժողովրդի մոբիլիզացիայից՝ իրենք կարող է գնան ավելի արմատական քայլերի. «Պարզապես հիմա գտնում ենք՝ այս էտապում պետք է լուծել ժողովրդին պրոցեսներին հասունացնելու խնդիրը՝ բացատրելու՝ ինչ է այս հանրաքվեն, երբ ժողովուրդը հասկանա, որ պետք է մերժի այս գործընթացը, այդ ժամանակ մենք կխոսենք ավելի արմատական քայլերից»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս